Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հրապարակն էր։ Մզկիթի դռան հանդեպ ցցած էր մի նիզակ, որի ծայրին երևում էր մի մարդկային գլուխ։ Նրա մոտ վառվում էին մի քանի ջահեր և ամեն կողմից տեսնելի էին կացուցանում կառափը։

— Այդ ի՞նչ գլուխ է, — հարցրեց խանը մեկից։

— Մոլլաների գլխավորի գլուխն է, — պատասխանեց նա։ — Հիմա ամեն տեղ պտռում են խանին, որ նրա գլուխն էլ կտրեն և ցցեն դրա մոտ։ Ախ, եթե ինձ հաջողվեր գտնել նրան, ի՛նչ մեծ ընծա կստանայի։

— Դու ի՞նչ ազգից ես, — հարցրեց խանը սառնությամբ։

— Ես Բայինդուր իշխանի զինվորներից եմ։ Նա խոստացել է հարյուր ոսկի տալ, ով կտանե նրան խանի գլուխը, իսկ երկու հարյուր ոսկի, երբ կենդանի կներկայացնե նրան։

Խանը լռությամբ հեռացավ իր վտանգավոր խոսակցից։ Նա ընտրեց բերդի մի խուլ, հետ ընկած կողմը։ Լեռնային անհարթությունների վրա կառուցած քաղաքը բոլորովին զուրկ էր տափարակ տարածություններից, մանավանդ այն կողմը, որ այժմ ընտրեց նա։ Վազում էր նա ամենայն արագությամբ, առանց հետ ու առաջ, առանց աջ ու ձախ նայելու։ Խորդուբորդ, դարուփոս, անհավասար անցքերի մեջ երբեմն սայթաքում էր, երբեմն ոտքը, գլուխը քարերին էր զարկում, երբեմն ցած էր գլորվում և երկար մնում էր անշարժ, մինչև կրկին ուշի էր գալիս, հետո դողդողալով բարձրանում էր, և կրկին շարունակում էր իր փախուստը։ Նա հոգնած էր, սաստիկ հոգնած։ Նա, որ իր կյանքում հարյուր քայլ ոտքով ման չէր եկել, այս գիշեր մի անգամ անցել էր ամբողջ քաղաքը, զանազան ուղղությամբ պտույտների գործելով։ Նա հոգնած էր, բայց հոգնածություն չէր զգում։ Երկյուղը, հոգեկան վրդովմունքը, անաջողությունների կատաղությունը այն աստիճան գրգռել էին նրա ջղերը, որ խելագարի նման գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ։ Այդ հիվանդոտ դրությունը մարդիկներին երբեմն ավելի ուժ և զորություն է տալիս, քան թե ունեին նրանք, երբ առողջ էին։ Այդ էր պատճառը, որ նա լուսնահարի նման, ոչնչի տեղ էր դնում, անցնում էր հանդիպած խոչընդոտները, առանց ցավ զգալու, թեև նրա մարմինը ջարդ ու փշուր էր լինում։ Բայց երբ ընկավ մի փոսի մեջ, երկար դուրս գալ չկարողացավ։

Ճակատագիրը, կարծես, վճռել էր մինչև վերջին ծայրը ստորացնել նրան, քամել տալ նրան դժբախտության մրուրը մինչև վերջին կաթիլը, և զգալ տալ նրան իր ոչնչությունը․․․ Փոսի մեջ մի