Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նժույգի վրա։ Նրա մի կողմից, նույնպես ձիավորված, գնում էր Մխիթար սպարապետը, իսկ մյուս կողմից՝ Թորոս իշխանը։ Թիկնապահների խումբը հետևում էր նրանց։ Հաղթության իշխանը հանդիսավոր կերպով դիմում էր դեպի դեռևս մխացող բերդաքաղաքը։

— Դա ո՞վ է, — հարցրեց վեզիրը, շարունակելով նայել։

— Բեկը, — պատասխանեց սրբազանը․ — Երևի, գնում է բերդը տեսնելու։

Վեզիրը վեր կացավ, դառնությամբ ասելով․

— Գնում է տեսնելու, թե ի՜նչպես են կոտորել, ի՜նչպես են ոչնչացրել․․․ և թե մի բան պակաս է մնացել, լրացնել տա․․․ Դրա մեջն է հաղթության փառքը և հաղթողի անսահման բերկրությունը, — արյունով գովացնել իր վրեժխնդրության ծարավը․․․ Ես էլ կգնամ, կընկնեմ նրա ձիու ոտների տակ, երեսս կքսեմ փոշիներին, կաղաչեմ, կպաղատեմ, որ բավականանա եղածով, որ դադարեցնե արյունահեղությունը․․․

— Գնացեք, ձեր մենակ գնալը ավելի հարմար է, — պատասխանեց սրբազանը, — բայց ձեր խոսքերի մեջ զգույշ եղեք, աշխատեցեք չբարկացնել նրան։ Իսկ ես ձեր ետևից կգամ, կօգնեմ ձեզ իմ բարեխոսությունով։

Վեզիրը հեռացավ։ Իր կյանքում երբեք մի այսպիսի ստորություն հանձն առած չէր նա։ Գավուրի մոտ աղերսարկու լինել, գավուրից գթություն խնդրել, — այդ անարգանքը մահու չափ սպանիչ էր նրա համար։ Բայց նա հանձն առեց այդ ծանր զոհաբերությունը բազմաթիվ մուսուլմանների կյանքը փրկելու համար։

«Գինիից դարձած քացախը ավելի թունդ է լինու․․․» — մտածեց սրբազանը և տխրության մռայլը անցավ նրա բազմահոգ դեմքի վրա։ Այդ մարդը, որպես ինքը խոստովանեց, հայոց ծագումից է։ Նոր կրոնի մոլեռանդության հետ միացրել է և հայի խելքը։ Դա շատ վտանգավոր բան է։ Հայի խելքը հայի դեմ ավելի կորստաբեր հետևանքներ է ունենում, քան թե օտարինը։ Հայը ընդունելով մի նոր կրոն, ավելի խավարամիտ, ավելի վնասակար է դառնում իր ազգությանը, քան նույն կրոնին պատկանող ամբողջ հասարակությունը, որը մեր ազգից չէ։ Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով, անցան թշնամու կողմը։ Ինչի՞ց է այդ։ Դժվար է հասկանալ, բայց դժբախտաբար այդպես է․․․