Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Բոլորը լա՜վ պտուղներ են․․․ — ասաց մելիքը դառն ժպիտով։ — Ընտրությունը վատ չէ․․ այդ Բեկը, երևում է, գործ հասկացող մարդ է․․․ իմ դեմ ուղարկում է այնպիսի մարդիկ, որոնք հին հաշիվներ ունեն ինձ հետ վերջացնելու։

— Բայց դու կարո՞ղ ես ինձ ասել, թե որքան հոգուց է բաղկացած Թորոսի զորախումբը, — դարձավ նա դեպի լրտեսը։

— Կարող եմ, — պատասխանեց լրտեսը, — մատներով կարելի է համբարել նրա ունեցած զորքը․ — հինգ հազար հոգուց ավելի չի լինի․ հազար հոգու չափ ձիավորներ են, իսկ մնացածները հետիոտներ։

— Ինչպե՞ս են զինված։

— Զենքերի կողմից, պետք է ասած, վատ չեն․ Ասլամազ-Կուլի խանի բոլոր ընտիր զենքերը հիմա դրանց ձեռքումն է։

Մելիքը դարձյալ լուռ կացավ, շարունակեց իր անցուդարձը սենյակի մեջ։ Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը այժմ փոքր-ինչ պարզվեցավ։ Իր մտքում նա իսկույն հաշվեց, թե թշնամու հինգ հազարի դեմ որքան զորք կարող էր դուրս բերել ինքը և իր պաշտպան Ֆաթալի խանը։ Նա կրկին դարձավ դեպի լրտեսը․

— Դու ինձ ոչինչ չասեցիր տեր Ավետիքի մասին։

— Հա՜, մոռացա, «մեծ էշը ախոռումն է մնացել»․․․ — պատասխանեց քեչալը ծիծաղելով։ — Տեր Ավետիքը Բայինդուր իշխանի հետ (այդ գիժը մի զարմանալի մարդ է) և Տաթևի միաբան Խորեն հայր սուրբի հետ գնացին դեպի Զանգեզուրի և Սիսիանի կողմերը։ — Մի բան ասեմ ծիծաղեցեք․ դրանց զորքի մեջ կա մի կին, որին կոչում են Սառա, դա, ասում են, Խորեն հայր սուրբի սիրուհին է․ կա և մի աղջիկ, որին կոչում են Փարիշան, դա ամբողջ զորախմբի որդեգրուհին է։ Ամեն անգամ կռվից առաջ այդ աղջիկը իր ձեռքով արաղ է բաժանում զինվորներին, որ լավ կռվեն։ Անիծածը շատ գեղեցիկ է, եթե ինձ էլ խմացներ, խաչը վկա, ես էլ առյուծ կդառնայի․․․

Լրտեսի վերջին խոսքերը ոչ շարժեցին մելիքի ծիծաղը և ոչ էլ հետաքրքրեցին նրան։ Նա ընդհատեց հրապուրված քեչալի պատմությունը, հարցնելով․

— Քո ինձ հաղորդած տեղեկությունները ինչպե՞ս հավաքեցիր։

— Ես Բեկի բանակի մեզ էի, շատ բան այնտեղ խոսվում էր․․․ — ասաց լրտեսը, հետո սկսեց պատմել, թե որպիսի խորամանկություններ գործ դրեց իր ցանկացած տեղեկությունները ձեռք բերելու համար։