Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերպով մի աղոթք կարդալով, հետո երեքը միասին ձգեց հարթ տախտակի վրա։ Գնդակները պտտվեցան, պտտվեցան և ապա դադար առին։

Դերվիշն արտագրեց մի թղթի կտորի վրա գնդակների այն կողմի թվանշանները, որ դեպի վեր էին նայում։ Հետո սկսեց հաշվել, գումարել և նրանցից հետևանքներ դուրս բերել։ Երբ վերջացրեց իր համարումները, ասաց․

— Դուք հարցրիք՝ օրը բարի՞ է, թե չար։ Իմ գնդակները մինչև կեսօր չար են ցույց տալիս, իսկ կեսօրից հետո փոքր առ փոքր սկսվում է բարին։

— Հասկացա, — ասաց խանը գոհունակությամբ։ — Հիմա գուշակեցեք, թե կռիվը ինչպե՞ս կվերջանա։

Դերվիշը կրկին ձգեց գնդակները տախտակի վրա, և առաջվա նման համարումներ անելով, պատասխանեց․

— Մինչև կեսօր հաղթությունը ձեր թշնամու կողմը կլինի, իսկ կեսօրից հետո բախտը կդառնա ձեր կողմը։

— Փա՛ռք լինի ամենակալ աստծուն, — բացագանչեց խանը ուրախությամբ․ — հաղթությունը դարձյալ ինձանով է վերջանում։

— Բայց ձեր ուրախությունը կարճատև է երևում․․․ — ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով։

— Ինչպե՞ս, — հարցրեց խանը գունաթափվելով։

— Ես չեմ կամենում խլել ձեզանից ձեր քաջալերությունը․․․

— Մի՜ խնայեք, ասացեք, խնդրեմ, ես հեշտ հուսահատվող մարդ չեմ։

— Սպասեցե՜ք, իսկույն կբացատրեմ ձեզ։

Դերվիշը կրկին գնդակները ձգեց տախտակի վրա և տխրությամբ պատասխանեց․

— Իրավ է, այդ կռվի մեջ հաղթությունը ձեզանով կվերջանա։ — Բայց․․․

— Մի թաքցրեք, ասացեք խնդրեմ, — անհամբերությամբ հարցրեց խանը։

— Բայց հետո․․․ մի քանի օրից․․․ գուցե մի քանի շաբաթներից հետո․․․ կկատարվի մի այլ, ավելի սարսափելի կռիվ, որի մեջ դուք կհաղթվեք․․․

Խանը բավական հանգիստ կերպով պատասխանեց․

— Այդ ոչինչ․ մի քանի շաբաթներից հետո թող աշխարհը կործանվի, ինձ համար փույթ չէ, բավական է, որ այսօր ես կռվի դաշտից հաղթող կվերադառնամ։