Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ խտրություն չեն դնում։ Մինչև անգամ ամենամեծ մարդիկը պատրաստ են, եթե իրանց հավասարը չգտնվի, ամենաստոր սպասավորների հետ մասլահաթներ անել։ Բայց գզիրը մելիքի մտերիմներից մեկն էր։ Խոսում էին այն օրվա կռվի մասին։ Մելիքը հարցրեց․

— Ես մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ եղավ Թորոսի դիակը․ որքան պտռել տվի, գտնել չկարողացա։ Ես նրա մարմինը պիտի կտոր-կտոր անել տայի։

— Հենց այդպես էլ եղած էր, մելիք, միամիտ կացեք, — պատասխանեց գզիրը դիվական հրճվանքով։ — Ես իմ աչքերով տեսա, ամբողջ մարմինը պատած էր վերքերով։ Այդ մարդը, ճշմարիտ ասած, երկաթի մարմին ունի․ այնքան վերքեր ստանալուց հետո, դարձյալ քաջությամբ կռվում էր։ Եթե գլխիցը գնդակով չզարկեին, գուցե չէր սպանվի։

— Բայց մարմինը, մարմինը ի՞նչ եղավ, — դարձյալ հարցրեց մելիքը։

— Երբ ընկավ, թիկնապահները իսկույն վեր առին, — պատասխանեց գզիրը։

— Ո՞ւր տարան։

— Այն խառնակության մեջ ո՞վ կարող էր գիտենալ, թե ուր տարան։

Մելիքը շատ տխրեց, որ նրան չհաջողվեցավ իր բարբարոսությունը գործ դնել թշնամու անշունչ դիակի վրա։

— Իսկ Ստեփաննոս Շահումյանը, տեսա՞ք, ի՜նչպես սատանայի նման աներևութացավ․․․ — ասաց մելիքը, ափսոսալով այդ մեծ կորուստի համար։

— Այո՜, սատանայի նման աներևութացավ․․․ — կրկնեց գզիրը ոչ սակավ ափսոսանքով։

Ջորին դարձյալ ընդհատեց նրանց խոսակցությունը։ Գիշերային ճանապարհորդության ժամանակ անասունները ավելի զգույշ են լինում, քան թե մարդիկ։ Այս անգամ ավելի սաստիկ կերպով խրտչելով, նա հետ-հետ քաշվեցավ և փոքր էր մնում մելիքին խփեր քարերի վրա։

— Ի՞նչ է պատահել այդ անասունի հետ, — հարցրեց մելիքը, նրա սանձը քաշելով։

— Ծառերի միջից շշնջյուն լսեցի, — ասաց շաթրներից մեկը։

Այդ միջոցին կտցահարը իր անտանելի անախորժ ձայնով