Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տեղեկությունները բավական էին նրան իսկույն կազմելու իր ձեռնարկության ծրագիրը։ Նա մտածեց օգուտ քաղել հանգամանքներից և նույն գիշերվա մեջ պատժել, անպատճառ պատժել այն դավաճանին, որ այդքան թշվառությունների պատճառ դարձավ։

Նրա երկու մտերիմները, Ջումշուդը և Աղասին, ինչպես վերևում ասեցինք, խանի ամրոցի մերձակայքում դեգերում էին։ Ներքինապետին հայտնի էր նրանց ինչ տեղում թաքնված լինելը։

— Այդ ծառերի մեջ, — ասաց նա իշխանին, — կգտնենք ձեր թիկնապահներին։

— Շնորհակալ եմ, Ահմեդ, — պատասխանեց իշխանը, երախտագիտաբար բռնելով ներքինապետի ձեռքը։ — Ես չեմ ցանկանում երկար խոսքերով արտահայտել ձեզ իմ սրտի զգացմունքը։ Դուք կատարեցիք և կատարում եք այն, ինչ որ ամեն մի հայի պարտքն է իր հայրենիքի փրկության գործի համար անելու։ Դա ազնիվ է և ամենայն համակրության արժանի։ Դուք ազատեցիք իմ կյանքը, որ մեր հայրենիքին է պատկանում․ հիմա գնացեք, աշխատեցեք ազատելու «մի ուրիշ կյանք», որ միայն ինձ է պատկանում․․․

— Ես այդ մասին ամեն ինչ կարգադրել եմ․․․ — պատասխանեց ներքինապետը։

— Շատ շնորհակալ եմ, — ասաց իշխանը։ — Ո՞րտեղ կտեսնվենք։

— «Կարմիր վանքի» ավերակների մեջ․․․

Նրանք բաժանվեցան։ Ներքինապետը սկսեց դիմել դեպի խանի ամրոցը, իսկ իշխանը գնաց դեպի այն կողմը, որ ցույց տվեց ներքինապետը, և որտեղ նա հույս ուներ գտնել Ջումշուդին և Աղասուն։

Գտնելով նրանց, իշխանը հարցրեց․

— Դուք միայնա՞կ եք այստեղ։

— Ոչ, մի խումբ ձիավորներ փոքր-ինչ հեռու, անտառում կանգնած են, — ուրախությամբ պատասխանեցին նրանք, երբ տեսան իրանց իշխանին։

— Ձիավորները թող մնան իրանց տեղում, դուք բավական եք ինձ, եկեք իմ ետևից։

Նրանք թաքնվեցան ծառերի մեջ, ճանապարհի այն կողմում, որտեղից պիտի անցկենար մելիք Ֆրանգյուլը իր տունը գնալու համար։ Եվ երբ դավաճանը հայտնվեցավ, բավական մոտից հետևում էին նրան, և մինչև անգամ լսում էին նրա խոսակցությունը իր գզիրի հետ։