Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հպատակեր և ժողովուրդը ապստամբական փորձեր չաներ։ Բայց որովհետև ժողովրդի գլխավորները ոչնչացրած էին, և նրանց զավակները որպես գրավական պահվում էին տիրող բռնակալի ձեռքում, այս պատճառով անտեր, անառաջնորդ Գենվազը շուտով խոնարհվեցավ պարսիկ խանի իշխանության ներքո։ Այնուհետև ավելորդ էր պահել գերիներին, երբ կարելի էր ստանալ նրանց փոխարեն բավական մեծ գումար։ Բայց մելիք Ֆրանգյուլին այդ ձեռնտու չէր։ Նա ժառանգական թշնամություն ուներ Շահումյանների տոհմի հետ։ Նա ցանկանում էր ոչնչացնել այդ հոյակապ ընտանիքից մնացած միակ ներկայացուցիչը, Ստեփաննոսին, որ ինքը լինի Գենվազի տերը։ Թեև այդ մասին նա դեռ ոչինչ խոսեցած չէր խանի հետ, բայց մեծ հույս ուներ, որ կարող է հասնել իր նպատակին, որովհետև խանը նրա օգնությամբ, նրա առաջնորդությամբ միայն կարողացավ տիրել Գենվազին և հաղթել մելիք Վարթանեսի նման մարդուն, որը մեծ զորության տեր էր։ Պարսից խաները սովորություն չունեին իրանք կառավարելու հայոց գավառները․ նրանք հանձնում էին հայ մելիքներին և տարեկան մի նշանակյալ հարկ էին ստանում։ Ո՞վ ավելի արժան էր այդ պաշտոնին, քան մելիք Ֆրանգյուլը, որ այնքան հավատարիմ էր խանին, որ այնքան օգնել էր նրան Գենվազի տիրապետության մեջ։

Մելիք Ֆրանգյուլը երկար ժամանակ աշխատում էր պատանի Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, բայց այդ փորձը, ինչպես տեսանք, չհաջողվեցավ։ Նա այնքան երկյուղ չէր կրի այդ պատանուց, եթե նա չունենար մի այնպիսի հզոր քեռի, որպիսին էր Թորոս իշխանը, Չավնդուրի ամբողջ գավառի տերը։ Ստեփաննոսի մայրը այդ իշխանի հարազատ քույրն էր։ — տարակույս չկա, մտածում էր մելիք Ֆրանդյուլը, որ Թորոս իշխանը, ազատելով իր քրոջ որդուն, կպահեր իր մոտ, կմեծացներ, և վերջը կաշխատեր նրան կրկին իր հայրենական ժառանգության տեր դարձնել։

Արծաթի սերը խանի մեջ մեծ էր ամեն բանից։ Մելիք Ֆրանգյուլի բոլոր խորհուրդները, բոլոր փաստերը, թե գերիներին իր մոտ պահելով կամ ոչնչացնելով, կարող էր նա ապահովացնել Գենվազի տիրապետությունը, — այդ «խրատներին» խանը մեծ նշանակություն չտվեց։ Նրան միայն գրավեց փողի խնդիրը և այս պատճառով հարցրեց, թե ինչքան կարելի է պահանջել Թորոս իշխանից։