Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Մելիք Վարթանեսի ամբողջ գանձը, — պատասխանեց մատնիչը։

Խանը զարմացավ, ասելով, թե մելիք Վարթանեսը ինչ որ ուներ, ինչ որ չուներ, բոլորը կողոպտեցավ կռվի ժամանակ․ մի՞թե դեռևս նրանից մի բան մնացած

— Ինչպես չէ, — պատասխանեց մելիքը ժպտելով, որպես մի մարդ, որ ժպտում էր երեխայի միամտության վրա։ — Մելիք Վարթաննեսը դեռ կռվից շատ առաջ հոտը առել էր, որ ձեր զորքերը պիտի մտնեն նրա երկիրը․ այս պատճառով իր գանձը նախապես տեղափոխել էր իր աներոջ` Թորոս իշխանի ամրոցը։ Ձեր զորքերը գտան մելիք Վարթանեսի ամրոցում նրա հարստության փշրանքները միայն։

Հետո նա սկսեց պատմել այդ առասպելական գանձի մասին շատ բան․ թե մելիքը իր ամրոցում մի ներքնատուն ուներ երկաթե դռներով, թե այնտեղ հատակի վրա, ցորենի շեղջերի նման, դիզված էին` մի կողմում ոսկի, մյուս կողմում արծաթ, մի տեղ պղնձե դրամներ, մյուս տեղ թանկագին քարեր։ Թե այդ կույտերը այնքան բարձր էին, որ եթե մի մարդ մյուս կողմում կանգնած լիներ, անկարելի էր նրան տեսնել։ Եվ փողը այնտեղ չէին համարում, կամ կշռում էին կշիռքով, կամ չափում էին սոմարով։ Այդ բոլորը նա ուղտի բեռներով առաջուց ուղարկած էր Թորոս իշխանի տունը։

Այդ պատմությունը խանի վրա նույն ազդեցությունն էր գործում, ինչպես քաղցած մարդու մոտ համեղ կերակուրների պատմությունը։ Նրա ախորժակը ավելի բացվեցավ, և ինչպես ասում են` «բերնի ջուրը գնաց», երբ մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ էր, վկայություն տվեց, թե բոլորը ճշմարիտ է, թե ինքը իր աչքովն է տեսել այդ ահագին գանձը, թե այնտեղ կային սկսյալ Սկանդար Զուլկարնեյնից (Ալեքսանդր Մակեդոնացուց) ամեն ժամանակների դրամներ, թե այնտեղ կային մինչև անգամ քաջքերի դրամներ։

Այդ միջոցին հեռվից լսելի եղավ փողի ձայն, որի դողդոջուն հնչյունները կոտրատվելով տարածվեցան լեռների մեջ։ Մի քանի անգամ կրկնվեցավ ձայնը, հետո լռեց։

— Իշխանը գալիս է,-ասաց խանը և հրամայեց Ֆարրաշբաշուն իր դրանիկներից գլխավորների հետ ընդառաջ գնալ։

Երկու մելիքները կանգնեցան, հայտնելով, թե իրանց անհարմար է նրա գալուց հետո ներկա գտնվել։