Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նրա մորուքի և գլխի մազերի մեջ, մարմնի վրա, որոնց հոժարակամ նա թույլ էր տվել ուտել իր անձը[1]։

Լվացվելուց հետո մի ուրիշ մանկլավիկ տարածեց հատակի գորգերի վրա սեղանի գույնզգույն սփռոցը։ Սփռոցը գործված էր Սպահանում և նրա ծոպավոր եզերքի վրա արաբական խոշոր տառերով տպված էին զանազան աղոթքներ ղորանից և այլ գրքերից։ Մեջտեղում գունավոր թելերով ասեղնագործած էին հրեշտակների պատկերներ, որոնք ձեռքներին բռնած ունեին փոքրիկ մանգաղներ և ցորենի հասկերից փունջեր։ Այդ բոլորը արտահայտում էին խանի կրոնական ջերմ հավատը։ Իսկ ավելի ազատամիտ մահմեդականների սեղանի սփռոցը Պարսկաստանում այլապես է պատրաստվում։ Ղորանի աղոթքների փոխարեն լինում են Հաֆիսի կամ Սաադիի երգերից գեղեցիկ կտորներ, իսկ հրեշտակների փոխարեն` կիսամերտ աղջիկներ, կամ մշտադալար հյուրիների ու փերիների հրապուրիչ պատկերնր, որոնք կամ պար են գալիս, կամ գինում բաժակներ են մատուցանում քեֆի մեջ ընկղմված մի հեշտասեր տղամարդի։

Երբ սեղանի սփռոցը տարածվեցավ, մի քանի ուրիշ մանկլավիկներ, գլխների վրա դրած, բերեցին երեք մեծ պղնձե սինիներ[2], որ սքողած էին թանկագին ծածկոցներով, որոնց եզերքը զարդարած էին ոսկեթել ծոպերով։ Սինիներից մեկը դրեցին խանի առջև, մյուսը իշխանի և Ստեփաննոսի առջև, իսկ երրորդը դերվիշի և գլխավոր քարտուղարի առջև։ Երբ բարձրացրին ծածկոցները, սինիների վրա տեսնվեցան շարված բազմաթիվ մեծ և փոքր պղնձե պնակներ, լի զանազան տեսակ կերակուրներով, որոնց տաքությունը պահպանելու համար ծածկված էին նույնպես պղնձե կալպակներով։ Այդ անոթները իրանց գեղեցիկ քանդակագործություններով, որպես պարսկական արհեստի և ճարտարապետության ճոխ արդյունք, կարող էին ամենանշանավոր մուզեումի զարդարանքը լինել։

Բայց Թորոս իշխանի ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան․ ոչ միայն խանի սինին և նրա կերակուրները բաժանված էին մյուս հյուրերի բաժիններից, — այլ նա նկատեց, որ խանի սինիի ծածկոցի ճոթերը կնքված էին մոմով։ Նա առաջ խնամքով նայեց կնիքներին, հետո իր ձեռքով վեր առեց ծածկոցը։

  1. Մահմեդական ուխտավորները Մեքքա գնալու ժամանակ նույնպես մեղք են համարում ոչնչացնել իրանց մարմնի միջատները
  2. Սինի նշանակում է պղնձից կամ արծաթից շինված մատուցարան, որը բոլորակ ձև ունի