Էջ:Քաջ Նազար.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
(ՀԷՔԵԱԹ)
1.

Լինում է չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թէկուզ սպաննէիր։ Օրը մինչեւ իրիկուն կնկայ կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշէր կնգայ հետ շէմքն է դուրս գալի։ Որ շէմքն է դուրս գալի՝ տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնեակ գիշեր՝ ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարւան կտրելու գիշէր է՜․․․ Սիրտս ասում է՝ վէր կաց գնա Հնդըստանից եկող Շահի քարւանը կտրի, բէր տունը լցրու»․․․

Կնիկը թե.

— Ձէնդ կտրի, տեղդ նստի, քարւան կտրողիս մտիկ արա․․․

Նազարը թե.

— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չէս թող անում ես գնամ քարւան կտրեմ բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակւում ես իմ առաջը խօսես։

Որ շատ կռւում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դէ հիմի գնա քարւան կտրի։ 

Էս Նազարս մնում է դրանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ