Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴՐԱԽՏ, երանական վայր, աստվածատունկ պարտեզ: Հակոտնյան է դժոխքի: Ըստ Աստվածաշնչի՝ «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր. և կենաց ծառը՝ դրախտի մեջտեղում, և բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. 2.8–9): Ադամի և Եվայի համար, համաձայն եկեղեցու մեկնաբանական ընթերցման, Դ. նաև հոգևոր վայելչության ոլորտ էր, որտեղ նրանք աստվածային շնորհով հաղորդակցվում էին Աստծո և հրեշտակների հետ: Նրանց հոգևոր աչքերը բաց էին՝ տեսնելու արարածների էությունը (պատվիրանազանցությունից՝ բարու և չարի գիտության ծառից ճաշակելուց հետո մարդը վտարվում է դրախտից, և նրա հոգևոր տեսողությունը հետզհետե փակվում է): Դ-ի ծառերի մշակությունը սրբարար աշխատանք էր, որի շնորհիվ նրանք հաղորդ էին դառնում Աստծո խորհուրդներին և օժտվում առաքինություններով: Դ. եբրայերեն «կան» (պարտեզ) բառի համարժեքն է: Նույն՝ «պարտեզ» իմաստով գործածվել է Երգ երգոցում. «Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով» (4.13): Աստվածաշնչի Յոթանասնից հուն. թարգմանության մեջ Դ. բառն է գործածվում՝ եդեմական պարտեզի նկատմամբ (տես Եդեմ): Նոր կտակարանը Դ. կոչում է Աբրահամի գոգ, հոգիների հանգստյան վայր («… հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած», Ղուկ. 16.23–24), զղջացող-ապաշխարող և փրկյալ հոգիների օթևան («Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»», Ղուկ. 23.43), անպատմելի, երկնային, սուրբ ոլորտ («Եվ գիտեմ այդպիսի մարդու…, որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնված չէ խոսել», Բ Կորնթ. 12.3–4), կենաց ծառի պարտեզ («Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտի մեջ», Հայտն. 2.7): Հիմնվելով Ս. Գրքի վրա՝ քրիստ. եկեղեցին հավատում է, որ Հիսուս Քրիստոսի գալուստով Երկնային արքայությունը՝ Դ., հաստատ-

ԴՐԱԽՏ

282

վելու է նաև երկրի վրա, որովհետև ինքը՝ Հիսուսն է հավիտենական կենաց ծառը: Հավիտենական դրախտային կյանքը հասանելի է այն ընտրյալներին, ովքեր վերստանում են այդ կյանքը երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Լևոն Սարգսյան

ԴՐՈՇՄ, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է մկրտվածի օծում կամ կնիք, այստեղից էլ՝ Մկրտությունը և Դ. միասին կոչվում են նաև կնունք: Դ. Մկրտության խորհրդի անբաժան մասն է: Դ-ի արարողությունը Հայ եկեղեցին կատարում է Մկրտության հետ միասին: Դ. հույսի, Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգեգալուստ, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են հավատացյալ անհատին: Եթե մարդը Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունում է մաքրվելու, Աստծուն որդեգրվելու և սկզբ. մեղքը քավելու համար, ապա Դ-ի խորհրդով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստ. կյանքի մեջ զորանալու, կյանքի բոլոր փորձություններին ընդդիմանալու համար: Հիսուս Քրիստոսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է նրա վրա, որով Հիսուսը ստացել է Սուրբ Հոգու օծումն ու կնիքը (Մատթ. 3.16–17, Ղուկ. 3.21–22, Հովհ. 1.30–34): Առաքյալները Մկրտությունից անմիջապես հետո մկրտվածի վրա ձեռք են դրել և աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին ստանան, Սուրբ Հոգով կնքվեն ու դրոշմվեն (Գործք 8.14–17, 19.5–7, Եբր. 6.2–4): Սուրբգրային այս վկայություններն ու արարողությունները նկատի ունենալով՝ եկեղեցին հետագայում հաստատել է Դ-ի խորհուրդը և միացրել Մկրտության հետ, որպես նրա շարունակություն ու ավարտ: Առաքյալների ժամանակ Սուրբ Հոգով դրոշմումը կոչվում էր օծում, օծություն (Ա Հովհ. 2.27, Բ Կորնթ. 1.21–22), օգտագործվում էր նաև կնքել բառը (Եփես. 1.13, 4.30): Հայ եկեղեցին, ինչպես նաև Արևելքի մյուս եկեղեցիները, Դ-ի խորհուրդը կատարում է Մկրտությունից անմիջապես հետո, ըստ Ընդհանրական եկեղեցու հնավանդ սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների: Կաթոլիկ եկեղեցին XIII դ. վերջից այս ընդհանուր սովորությունը փոփոխության է ենթարկել և Դ. բաժանել Մկրտությունից՝ կատարելով այն շատ ավելի ուշ: Անգլիկան ե-