Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործունորեն մասնակցել է XIX դ. Պարսկաստանի դեմ Ռուսաստանի մղած պատերազմներին: 1804–13-ի ռուս-պարսկ. 1-ին պատերազմի ժամանակ Մ. Ջավախքի և Շամշադինի (Տավուշի) հայերից կազմել է մի զորաջոկատ (500 հոգի), որը մասնակցել է Գանձակի (Գյանջայի) գրավմանը (1804-ի հունվ. 3), այնուհետև՝ ռուս. զորքերի երևանյան 1-ին (1804) և 2-րդ (1808) արշավանքներին: Ջոկատը հատկապես աչքի է ընկել Նախիջևանի գրավման ժամանակ (1808-ի նոյեմբ. 1), որտեղ Մ. վիրավորվել է: Ցուցաբերած արիության և ծառայությունների համար Մ. պարգևատրվել է Ս. Գեորգիի IV աստիճանի, Ս. Վլադիմիրի և Ս. Աննայի շքանշաններով: Ցար. կառավարությունը նրան նշանակել է ցմահ թոշակ: 1826– 1828-ի ռուս-պարսկ. 2-րդ պատերազմի տարիներին Մ-ի 300 հոգուց բաղկացած նոր ջոկատը կրկին աչքի է ընկել պարսկ. զորքերի դեմ մղած պարտիզան. կռիվներում՝ ապահովելով Ղազախի, Շամշադինի, Դիլիջանի հայ բնակչության անվտանգությունը և ռուս. բանակի մատակարարումը պարենով ու զինամթերքով: 1826-ին Մ. 40 ձիավորով Հաղպատի վանքից Թիֆլիս է ուղեկցել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին: Մ-ի ջոկատի վճռական գործողությունների շնորհիվ ճնշվել է Բորչալուի թուրք խաների և աղալարների հրահրած խռովությունը, գերությունից ազատվել են մի քանի հարյուր հայ ընտանիքներ: Ջոկատը հաջող մարտեր է մղել նաև Զուրաբ խանի և պարսիկների կողմն անցած վրաց արքայազն Ալեքսանդրի զորքերի դեմ: Մ-ի միջնորդությամբ Կովկասի կառավարիչ Ա. Երմոլովը հատուկ հրամանագրով ազատել է Ղազախ-Շամշադինի հայ գյուղացիներին մահմեդ. կալվածատերերի ենթակայությունից: Մ-ի ջոկատը մասնակցել է Երևանի բերդի գրավմանը (1827-ի հոկտ. 1): Պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ, վերաշինել Նոր Վարագավանքը: Հախումում Մ. բացել է նաև ծխական դպրոց: Գրկ. Ե ր ի ց յ ա ն Ա., Ամենայն հայոց կաթողիկոսութիւն և Կովկասի Հայք XIX դարում, հ. 1, Թ., 1894: Գ ր ի գ ո րյ ա ն Ա., Գրիգոր Մանուչարյանցի պարտիզանական ջոկատը, Ե., 1978: Պավել Չոբանյան

ՄԱՇԿԵՎՈՐԻ ՎԱՆՔ, Մա շ կ ա վ ո ր, միջնադարյան կրոնական, գիտական և գրչության նշանավոր կենտրոն Կիլիկյան Հայաստանի Ճկեր գավառում, Սև լեռներում (Մարաշից ոչ հեռու): XII դ. սկզբին կառուցել է Թորոս Ա

Ռուբինյան իշխանը: ՄԱՇՏՈՑ 1130-ին Մ. վ-ում ավարտվել է մի Ճառընտիր, որի գրիչը նույնացվում է «Վայ ողբոց» նշանավոր ստեղծագործության հեղինակ Գրիգոր Մաշկևորի հետ (որոշ ուսումնասիրողներ այս անվան հետ են կապում վանքի անունը): Մ.վ-ի եկեղեցին նվիրվել է Աստվածածնին, Հովհաննես Կարապետին և առաքյալներին: XIV դ. վանքը եղել է եպիսկոպոսանիստ: Հիշատակարանները հավաստում են, որ Մ.վ. եռուն կյանք է ապրել, և միաբանները մշտապես կարևորել են ուսումն ու գիտությունը: Առաջնորդների (Դավիթ Հովհաննես, Թորոս, Հայրապետ, Գրիգոր, Պողոս և այլք) մեծ մասն արժանացել է եպիսկոպոս. աստիճանի: Վանքի երևելի միաբաններից էր Բարսեղ վրդ. Մաշկևորցին: Նա Մ.վ-ի Հայրապետ առաջնորդի օրոք կատարել է Մարկոսի Ավետարանի մեկնությունը (1325), որի միայն երկրորդ մասն է մեզ հասել: Բարսեղ Մաշկևորցու մեկնությունը լավագույններից է, ունի արժեքավոր հիշատակարան: XII դ. վերջի անվանի գրիչ և ծաղկող Վարդանից մեզ է հասել լուսանցազարդերով ու զարդագրերով զարդարված մի Ավետարան (1187) և մի Ճաշոց (1192): XIII դարից հայտնի են հինգ ձեռագիր (գրված 1259, 1265, 1268, 1274 և 1298-ին), իսկ XIV դարից՝ երեք (գրված 1301, 1302 և 1335-ին): Մ. վ-ում են գործել ականավոր գրիչներ Դավիթ վանահայրը (XII դ.), Կիրակոսը, Առաքել Հնազանդենցը (կազմարար), Բարսեղ արքեպիսկոպոսը (երեքն էլ՝ XIII դ.), Հովհաննեսը, Ներսես Քահանան (XIV դ.) և այլք: Վանքում ստեղծված և մեզ հասած ձեռագրերը պահվում են Երևանի, Վենետիկի, Նոր Ջուղայի մատենադարաններում: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Ո ս կ յ ա ն Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957:

ՄԱՇՏՈՑ, Հայ եկեղեցու ծիսարան-ժողովածու, որը պարունակում է քրիստոնեական ծիսակարգի կանոններ, ինչպես նաև հատուկ աղոթքներ, օրհնություններ: Անվան ծագումը կապվում է, ըստ ավանդության՝ Մեսրոպ Մաշտոցի, ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի անվան հետ: Հայագիտության մեջ ավելի հավանական է համարվում Կիրակոս Գանձակեցու վկայությունը: Ձևավորվել է IV–V դարերից սկսած՝ պահպանելով հեթանոս. Հայաստանում

685