Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/996

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստեղծագործել են փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ: 918 թվականին Հովհաննես եպիսկոպոսը վախճանվել է (թաղվել է Տաթևի վանքի բակում), և Հովհաննես Ե Դրասխանակերտցին Սյունյաց եպիսկոպոս է նշանակել Հակոբ Դվինեցուն, որը շարունակել է Տաթևի վանքի կալվածքների ընդլայնման գործը: Հակոբ եպիսկոպոսը 932 թվականին գնել է Վարարակ գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք՝ մինչև վանքի մոտ գտնվող Ցաքուտ ամայի վայրը, և այն մշակելի դարձրել:

Տնտեսապես հզորանալով՝ Տաթևի եպիսկոպոսությունը 940–950-ական թվականներին. փորձել է անկախանալ Հայոց հայրապետական աթոռից: Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան: Օգտվելով դրանից՝ Գեղարքունիքի, Երնջակի, Գողթնի հոգևոր առաջնորդները հրաժարվել են ճանաչել Տաթևի վանքի գերագահությունը և հիմնել են առանձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածքների մեծ մասին: 958 թվականին եպիսկոպոս ընտրված Վահան Սյունեցուն (968–969 թվականներին՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի վանքի իրավունքներն ու կալվածքները: XI դարում Ցուրաբերդի բնակիչները վերսկսել են իրենց պայքարը Տաթևի վանքի դեմ: 1003 թվականին ապստամբ գյուղացիները սպանել են եպիսկոպոսին, ինչի համար Սյունյաց Վասակ Ա թագավորը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը: 1006 թվականին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր վիճակները: 1043 թվականին Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է Ս. Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը: 1044 թվականին հարևան ամիրայությունների հրոսակները հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են: 1046 թվականին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որմնասյան վերևում ագուցելով Գրիգոր Ա Լուսավորչի մասունքը: Նրա հաջորդը՝ Գրիգոր եպիսկոպոսը, 1087 թվականին կառուցել է գավիթներ, հովանոցներ, վանքի դարպասը՝ վրան կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին, Սյունյաց Սենեքերիմ Ա թագավորի հրամանով հետ ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները: 1138 թվականի ՏԱԹԵՎԻ երկրաշարժից ընկել է Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1170 թվականին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար), երկիրն ավերակ ու անմարդաբնակ դարձրել: Ամայացել է նաև Տաթևի վանքը: Նրա առաջնորդները տեղափոխվել են Վայոց ձորի Նորավանքը: 1216 թվականին այնտեղ եպիսկոպոսություն է հիմնվել, և Սյունյաց աթոռը տրոհվել է երկու մասի: 1261 թվականին Սմբատ և Տարսայիճ Օրբելյանները նորոգել ու բարեկարգել են Տաթևի վանքը: 1273 թվականին Տարսայիճ Օրբելյանը Ս. Պողոս-Պետրոս տաճարին է նվիրել թանկարժեք սպասք, հանդերձանք, Տաթևի վանքին է վերադարձրել նրա նախկին տիրույթները: 1270-ական թվականներին Հայրապետ եպիսկոպոսը նորոգել է Ս.Պողոս-Պետրոս տաճարի ծածկերը և տանիքը: 1282 թվականին մեկնել է Կիլիկիա և Լևոն Գ թագավորից վանքի համար բերել բյուզանդական արքունական մետաքսից գործված և շքեղ զարդարված եկեղեցական հանդերձանք, թանկարժեք սկիհներ, խաչեր և այլ նվերներ: Տաթևի վանքը վերստին հզորացել է, երբ 1286 թվականին Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսը Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանին օծել է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ և հայոց պրոտոֆրոնտես (նախաթոռ եպիսկոպոս): Նա միավորել է Սյունյաց տարանջատված եպիսկոպոսարանները, մեկնել Մոնղոլիա՝ Արղուն խանի մոտ և հաստատել Տաթևի վանքի գերագահությունը Սյունիքի բոլոր թեմերի նկատմամբ: