շարադրված է իմաստության (գլ․ 8, որի 22–31 համարներում եկեղեցու հայրերը տեսնում էին Սուրբ Երրորդության երկրորդ անձին) և առաքինի կնոջ գովքը (31․10–31)։ Հիմն․ բովանդակությունը Տիրոջ օրենքն է․ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է (9․10)։ Ըստ եբր․ ավանդության, մինչև Սողոմոնը ոչ ոք պատշաճորեն չէր հասկանում օրենքը։
Ժողովող
Գիրքը Սողոմոնը գրել է ծեր հասակում․ այն խորհրդածություն է կատարյալ երջանկության մասին։ Նեղությունների և մահվան հարատև սպառնալիքի ներքո ունայն են երիտասարդությունը, հարստությունը, փառքը ևն։ Սակայն եթե աշխարհիկ գիտակցությունը փոխվի աստվածայինով, և մարդը կարողանա ի սրտե ապավինել Աստծուն, ապա անխռով կվայելի կյանքը՝ բարիքով և իրեն հասած չարիքով հանդերձ։ Մեռյալների հարության մասին ուսմունքին անտեղյակ լինելն է պատճառը, որ հեղինակը քննել է միայն այս աշխարհում երջանկության հասնելու հնարավորությունը, որը, սակայն, Մեսիայի գալստյամբ պիտի իր լրումը գտներ։
Երգ երգոց
Սողոմոնը գրել է պատանեկան հասակում։ Հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված այս բանաստեղծություններում այլաբանորեն նկարագրվում է Քրիստոս-եկեղեցի շնորհական միությունը և բարձրագույն մարգարեությունն է Մեսիայի մասին։
Իմաստություն Սողոմոնի
Գիրքը գրվել է հունարեն, Եգիպտոսում, մի հավատացյալի ձեռքով (ենթադրաբար՝ Ք․ծ․ա․ 50–30-ին)։ Հեղինակը հունական մտածողության (Հոմերոս, Պլատոն ևն) միջոցով իր ընթերցողներին՝ հելլենիստ․ մշակույթով տարված հրեաներին ու հույներին, փորձում է համոզել, որ հրեական իմաստությունը գերազանցում է մյուսներին։ Իսրայելական դավանությանը հավատարիմ ու քաջատեղյակ այդ այրը մեծ հմտությամբ է օգտվել զանազան աղբյուրներից։
Սիրաք
Գիրքը կազմվել է Ք․ծ․ա․ 180-ին։ Ստեղծագործության մեջ, որը գրվել է եբրայերեն, ապա թոռան ձեռքով թարգմանվել հունարեն, հեղինակը փորձում է պաշտպանել հրեական կրոնն ու մշակույթը հելլենիզմից։ Արծարծված են բազում թեմաներ՝ ընկերություն, ազնվություն, երեխաների դաստիարակություն, կանայք, բժիշկներ, հիվանդներ, Իսրայելի հին պատմություն, պաշտամունք, ազատություն, մահ ևն։
Հոբ
Գիրքը ամենայն հավանականությամբ գրվել է Ք․ծ․ա․ մոտավորապես X դ․։ Պոեմ է, որտեղ պատմվում է ծանր փորձությունների ենթարկված արդար Հոբի մասին։ Նեղությունների մեջ համբերություն սովորեցնող այս գրվածքը մի հարց է պարունակում․ եթե Աստված արդար է, ինչո՞ւ են արդարները տառապում։ Գրքի նպատակն է Աստծո ճշմարտությունը մաքրագործել մարդկային սուբյեկտիվ մտքի ու բարոյականության կապանքներից։
Մարգարեական գրքեր։ Մարգարեները Տիրոջ խոսնակներն էին, ովքեր դետ էին կարգված Իսրայելում՝ հետևելու հասարակական և բարոյական կյանքի երևույթներին, հանդիմանելու, ժողովրդին ապաշխարության կոչելու, գալիք պատիժները հրապարակելու համար։ Աստվածային փրկագործ․ ծրագրի կարևորագույն մաս կազմող մարգարեական առաքելության մյուս կարևոր նպատակը Մեսիայի գալստյան և նրա արքայության նկատմամբ հավատի ամրապնդումն էր։
Աստված բազում մարգարեներ ասպարեզ հանեց, սակայն մատենագիր մարգարեները, այսինքն՝ իրենց խոսքերը գրի առած հեղինակները 16-ն են՝ 4-ը մեծ՝ Եսայի, Երեմիա, Դանիել և Եզեկիել և 12-ը՝ փոքր (այդպես են կոչվում իրենց գրքերի մեծ և փոքր ծավալների պատճառով)։
Բ․ Նոր կտակարան։ Ա-ի երկրորդ և կարևորագույն մասն է․ ամբողջացնում է անկյալ մարդու աստվածային փրկագործության պատմությունը։ Նոր կտակարանում խոստացյալ Փրկիչը՝ Հիսուսը, իր տնօրինություններով՝ հայտնությամբ, մեղքի և մահվան նկատմամբ հաղթանակով նոր ուխտ կնքեց մարդկության հետ։ Դրանով Հիսուսի անվանը հավատացողներին հնարավորություն է շնորհվում ընդունելու կորուսյալ երանությունը՝ հավիտենական կյանքը նրա իսկ կողմից հիմնած եկեղեցու միջոցով։
Նոր կտակարանը, որ վկայարանն է այդ ուխտի, բաղկացած է հունարեն գրված 27 աստվածաշունչ գրքերից։ Արևելյան եկեղեցում ժողովածուն իր ներկայիս տեսքով վերջնականապես հաստատվել է Աթանաս Ալեքսանդրացու 367-ին գրած 39-րդ զատկական նամակում առաջարկած ցանկի հիման վրա։ 397-ին Կարթագենի