տեղական ժողովը հռչակել է այդ ցանկը որպես Սուրբ Գիրք։ Արևմտյան եկեղեցում կանոնը վավերացվել է V դ․։ Նոր կտակարանի Հայտնության գիրքը, թեև հիշատակված է Աթանաս Ալեքսանդրացու նույն զատկական նամակում, այնուամենայնիվ միանգամից չի ընդգրկվել Ա-ի մեջ։ Հայերեն է թարգմանվել միայն XII դ․՝ Ներսես Լամբրոնացու կողմից։ Հայտնությունը միակ նորկտակարանային գիրքն է, որից եկեղեցում ոչ մի ընթերցում չի կատարվում։ Ք․ ծ․ հ․ I դ․ 2-րդ կեսին կազմված սուրբ գրքերի այս ժողովածուն ևս բաժանվում է չորս առանձին խմբերի․ Ավետարաններ, գործք, նամակներ, հայտնություն։
Ավետարաններ (տես Ավետարան)։
Գործք առաքելոց։ Հեղինակը Պողոս առաքյալի սիրելի աշակերտ Ղուկաս ավետարանիչն է։ Համարվում է Ղուկասի Ավետարանի շարունակությունը։ Նկարագրվում է Հիսուսի համբարձման, Սուրբ Հոգու հեղմամբ՝ հոգեգալուստով եկեղեցու հիմնադրման և Քրիստոսի Ավետարանը Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը (1․ 8) տարածելու պատմությունը։ Մի շարք ճառերում արծարծվում է քրիստ․ վարդապետությունը։
Նամակներ։ Նոր կտակարանի երրորդ բաժնում ընդգրկված են նամակագրության կանոններով կազմված 21 առաքելական թղթեր, որոնք համարվում են քրիստ․ հավատի ուղղափառ վարդապետության աղբյուրը։ Առաջին 14 նամակները գրված են հեթանոսների առաքյալ Պողոսի կողմից և նորկտակարանային առաջին գրավոր հուշարձաններն են (50–65-ին)։ Պողոս առաքյալի աստվածաբանությունը նյութերի հետևողական շարադրանք չէ, այլ որոշակի առիթներով ու որոշակի անձանց ու համայնքներին գրված պատասխաններ։ Մյուս 7 թղթերը կոչվում են ընդհանրական, քանզի հիմնականում հասցեագրված են ընդհանուր եկեղեցուն։
Թուղթ հռոմեացիներին
Թղթերի սկզբում զետեղված է Պողոս առաքյալի ամենածավալուն ու աստվածաբան․ ամենակարևոր գրվածքը, որի հիմն․ նպատակը հավատի և շնորհի դերի բացահայտումն է։ Ըստ առաքյալի՝ ո՛չ հեթանոսն իր իմաստությամբ, ո՛չ էլ հրեան իր օրենքով չեն կարող արդարանալ Աստծո առաջ․ քանի որ ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով չպիտի արդարացվի նրա առաջ, քանզի օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը (3․20)։ Իսկ փրկությունն ի Քրիստոս հավատի շնորհիվ է․ արդարը հավատով է ապրելու (1․17)։ Խոսվում է նաև Իսրայելի վերջնական փրկության, արդարացման համար անհրաժեշտ բարոյական պահանջների մասին։
Ա և Բ թղթերը կորնթացիներին
Արծարծված թեմաներով ամենահարուստ առաջին նամակի գրության (57-ին) առիթը Հունաստանի Կորնթոս քաղաքում Պողոս առաքյալի ստեղծած համայնքի վարքն է։ Նույնիսկ մեռելների հարության խնդիրն առնչվում է համայնքում տեղ գտած երկպառակությունների, անբարոյականության, աղանդների, կռապաշտության և այլ մոլորությունների հետ։ Հորդորում է չապավինել մարդկային իմաստությանը (որը շատ հատուկ էր կրոն․ և փիլ․ հոսանքների խաչմերուկ հանդիսացող Կորընթոսի բնակիչներին), այլ ապավինել Աստծո հզոր խոսքին։ Նամակում բացահայտվում է Պողոս առաքյալի ներաշխարհը՝ երիտասարդ համայնքի հոգածության, ինչպես նաև սուտ վարդապետների հերյուրանքից իր առաքելության պաշտպանության կապակցությամբ։
Նույն՝ 57-ի վերջին գրված երկրորդ նամակը առավելապես ջատագովական է՝ ուղղված իր իսկ կողմից քարոզած ավետարանական ճշմարտության հաստատմանը։
Թուղթ գաղատացիներին
Հեղինակն այս թղթում, որի ընդհանուր նյութը հար և նման է իր առաջին նամակին, հերքում է հրեա սուտ վարդապետների այն ուսմունքը, ըստ որի՝ քրիստոնյաները պետք է ենթարկվեն օրենքին և թլփատվեն։ Այնինչ մարդու արդարացումը ոչ թե Մովսեսի օրենքով է, այլ միայն ի Քրիստոս հավատով։ Քրիստոնյաների կառչումը կրոնի արտաքին ձևին, որը հուդայականություն է հիշեցնում, նսեմացնում է խաչելության և քրիստ․ ազատության բացարձակ արժեքը։ Ցավով պաշտպանում է իր աստվածաշնորհ առաքելության լիազորությունները դրանք վիճարկողներից։ Վերջում կոչ է անում գաղատացիներին (գալիական կելտերի հետնորդներ, որոնք հաստատվել էին Փոքր Ասիայում) ապրել բազում հոգևոր շնորհներ բաշխող Սուրբ Հոգու առաջնորդությամբ։
Թուղթ եփեսացիներին
Եփեսացիներին (Եփեսոսի համայնքին), ինչպես փիլիպպեցիներին, Փիլիմոնին, կողոսացիներին ուղղված թղթերը գրվել են բանտում,