Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են Պատմոս կղզի, մեկուսացնում իրարից և հանձնարարում 72 օրում թարգմանել Օրենքը։ Ի զարմանս բոլորի, թարգմանությունները լինում են համահունչ։ Այստեղից էլ՝ Յոթանասնից անվանումը։ Հրեաները, այդ թվում հոգևոր վերնախավը, ըստ Փիլոն Ալեքսանդրացու, Յոթանասնիցն ընդունելի թարգմանություն են համարել՝ թարգմանիչներին վերագրելով աստվածային ներշընչանք։ Հետագայում թարգմանվել են Հին կտակարանի մյուս սրբազան գրքերը։ Այս թարգմանության մեջ ընդգրկվել են եբրայական բնագրում բացակայող մի շարք երկրորդականոն գրքեր։ Ավետարանիչներն ու առաքյալներն իրենց մեջբերումները լիաձեռն քաղել են հունարեն այս բնագրից։ Հետագայում, երբ Յոթանասնիցը դարձել է քրիստ․ Ա-ի առաջին մասը և տարաձայնություններ առաջացրել քրիստոնյա վարդապետների ու օրենսգետների միջև, հրեաները հետզհետե հրաժարվել են նրանից՝ համարելով այն եբրայական բնագրին անհարազատ թարգմանություն։

Հայերեն Ա․։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը (301), շուրջ մեկ դար անց գրերի գյուտը և Ս․ Գրքի հայերեն թարգմանությունը ամենախոշոր և բախտորոշ իրադարձություններն էին Հայաստանում։ Ըստ V դ․ պատմիչներ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու՝ հայերեն թարգմանությունն ունեցել է որոշակի երկու հանգրվան։ Առաջինը կատարվել է անմիջապես գրերի գյուտից հետո (405–406-ին), մի քանի տարիների ընթացքում։ Մեսրոպ Մաշտոցն իր երկու աշակերտների հետ Սամոսատում ձեռնամուխ է եղել Ս․ Գրքի թարգմանությանը։ Գրերի գյուտից հետո հայերեն նախ թարգմանվել է Առակաց գիրքը՝ սկսելով Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ խորհրդանշական տողերից։ Թարգմանությունն ավարտվել է Վաղարշապատում Սահակ Ա Պարթևի համագործակցությամբ։ Թարգմանության աղբյուր է ծառայել ասորերեն Պեշիտտան։ Ըստ Մովսես Խորենացու՝ փոխադրվել են Հին կտակարանի 22(39) նախականոն գրքերը և Նոր կտակարանը։ Պեշիտտան թարգմանվել էր եբրայերենից և չէր պարունակում երկրորդականոն գրքերը։

Երկրորդ թարգմանության շրջանն ընկնում է Եփեսոսի տիեզերաժողովին (431) հաջորդող տարիներին։ Առաջին թարգմանությունը համարվում է փութանակի, այսինքն՝ հապճեպ և անբավարար։ Ուստի Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Բյուզանդիոնից բերել են Եվսեբիոս Կեսարացու ձեռքով կազմած Հին և Նոր կտակարանների վավերական օրինակներ, որոնք բյուզ․ եկեղեցու ընդունած բնագրերն էին։ Կեսարյան այս բնագիրը կոչվում է նաև պաղեստինյան կամ երուսաղեմյան։ Ընդ որում Հին կտակարանը Յոթանասնից բնագիրն էր՝ երկրորդականոն գրքերով հանդերձ։

Ըստ Մովսես Խորենացու՝ Մեծն Սահակ և Մեսրոպ ընդունելով (Ս․ Գրքի օրինակը) նորից թարգմանեցին մի անգամ շտապովի թարգմանվածը, նրանց հետ միասին, նորից հորինելով ու նորոգելով։ Սահակ-Մեսրոպյան այս թարգմանությունը դարձել է Հայ եկեղեցու կանոնական բնագիրը։ Թարգմանության երախտավորներից են նրանց աշակերտներ Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյունը և Արձան Արծրունին։

Ա․ հայերեն թարգմանելու անհրաժեշտությունը կյանքի է կոչել գրերի գյուտը, սկըզբնավորել Թարգմանչաց շարժումն ու հայ դպրությունը, իսկ իր ճշտության, բնագրային հարազատության, լեզվաոճական գեղեցկության ու վեհության շնորհիվ արժանացել է բազում հայագետների բարձր գնահատականին։ Ֆրանսիացի հայագետ Լա Կրոզը Ա-ի հայերեն թարգմանությունը համարել է Թագուհի թարգմանությանց։

Ա-ի հայերեն տպագրությունները։ Հին կտակարանի գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, հայերեն առաջին անգամ տպագրվել է 1565-ին, Վենետիկում, Աբգար Թոխաթեցու կողմից։ Ս․ Գրքի հայերեն առաջին տպագրությունը, չափազանց դժվարին պայմաններում, կատարվել է 1666–68-ին, Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ։ Հետագայում Ա․ բազմիցս հրատարակվել է, որոնցից կարևորագույնները երկուսն են։ 1805-ին Վենետիկում Հովհաննես վրդ․ Զոհրապյանը, հիմք ընդունելով 1319-ին Կիլիկյան Հայաստանում ընդօրինակված մի ձեռագիր և համեմատելով ինն այլ ձեռագրերի հետ, հրատարակել է առաջին քննական-համեմատական Ա․։ Մյուս ձեռագրերի տվյալներն արտահայտված են տողատակում։ 1860-ին Վենետիկում լույս է տեսել Արսեն Բագրատունու Ա․՝ ըստ միաբան