Ոտնլվա։ Վերջին ընթրիքով Քրիստոսը հաստատել է ս․ Հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթի առավոտյան մատուցվում է ս․ Պատարագ, որը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերությունը՝ մարդկանց փրկության և մեղքերի թողության համար։ Այդ օրը երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը։ Վերջին ընթրիքից հետո և Խաչելությունից առաջ Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնարհության օրինակ, որ նրանք ևս այդպես վարվեն։ Ոտնլվան խորհրդանշում է նաև ս․ Հաղորդության խորհուրդի սրբությունն ու մաքրությունը։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարում կոչվող արարողությունը, որ խորհրդանշում է Քրիստոսին մատնելը և չարչարանքները։ Արարողության ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է դրանց մեջտեղը։ Յուրաքանչյուր անգամ, երբ կարդացվում է Ավետարանը, հանգցնում են մեկ մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը։ Մոմեր հանգցնելը խորհըրդանշում է աշակերտների փախչելը, իսկ մեջտեղի մեծ մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել էր մենակ։
Ավագ ուրբաթ, Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղումի հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, կարդում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տարվելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը (Մատթ․ 26․47–75, 27․1–61, Մարկ․ 14․43–72, 15․1–47, Ղուկ․ 22․47–71, 23․1–56, Հովհ․ 18․1–40, 19․1–42)։ Ավագ ուրբաթ Պատարագ չի մատուցվում, որովհետև այդ օրը Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա՝ որպես կենդանի զոհ։ Այդ օրվա երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։
Ավագ շաբաթ, դժոխքի ավերում, Ճրագալույցի Պատարագ։ Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն՝ փրկություն շնորհելով ննջեցյալ սրբերի՝ արդարների հոգիներին (Մատթ․ 27․51–53)։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Պատարագ։ Նախկինում կարևոր տոների առթիվ սովորություն էր եկեղեցու կանթեղները վառել և ներկաներին մոմ բաժանել՝ վառելու համար։ Հետագայում Ճրագալույց սկսել է անվանվել երեկոյան Պատարագը, որը Հայ եկեղեցում կատարվում է Ս․ Ծննդյան և ս․ Զատկի նախորդ օրվա երեկոյան։ Զատկի Ճրագալույցի Պատարագի ժամանակ, երբ տրվում է Հիսուսի հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ պահքը։ Պատարագից հետո կատարվում է ս․ Հարության նախատոնակը։
Երաժշտություն։ Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների հեղինակը Սահակ Ա Պարթևն է։ Բացառություն են կազմում «Անեղն ի Հօրէ», «Իմաստուն կուսանքն», «Որ յաթոռ փառաց», «Այսօր ի կատարումն» օրհնությունները և «Ավագ շաբաթվա Կենդանին յաւիտենից», «Կուսածին մարմնով» շարականները, որոնք Ներսես Շնորհալու ստեղծագործություններն են։ Սրանցից զատ Ավագ շաբաթվա ընթացքում երգվում են բազմաթիվ այլ հոգևոր երգեր, օր․, «Ի սկզբանէ Տէր» (Ավագ երկուշաբթի), «Տարցին թագաւորի» (Ավագ երեքշաբթի), «Խորհեցան» (Ավագ չորեքշաբթի), «Որսացան զանձն» (Ավագ հինգշաբթի) առավոտերգերը։ Ավագ շաբաթվա երգերի թվին են պատկանում Ավագ հինգշաբթի օրվա «Զահեղ զանքնին», «զխորհուրդ խորին» գանձի երկու պատկերները՝ «Այս խորհուրդ լցաւ»-ն ու «Սիրտ իմ սասանի»-ն, որոնց հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (XIII դ․)։ Խաչելության երկու դրվագ են ներկայացնում անանուն հեղինակների «Տիրամայրն» և «Ուր ես, մայր իմ» տաղերը։
Պատկերագրություն։ Հայկական արվեստում Ավագ շաբաթվա առավել տարածված պատկերագրական թեմաներն են «Մատնությունը», «Խորհրդավոր ընթրիքը», «Հաղորդությունը» (տես Հաղորդություն հոդվածի Պատկերագրություն մասը), «Ոտնլվան», «Խաչելությունը», «Դժոխքի ավերումը», «Խաչից իջեցումը», «Թաղումը»։
«Մատնության» պատկերագրական թեման տարբեր լեզուներով ընդօրինակված ձեռագրերում հայտնվել, մշակվել և զարգացել է ավելի ուշ, քան տերունական մյուս տեսարանների պատկերագրությունը։ XI դարից հայ մանրանկարիչները պատկերել են Հիսուսին և Հուդային՝ մարդկանց խմբով շրջապատված։ Ճակատագրական այդ պահը ներկայացնող կապադովկյան որմնանկարների, հայկական և բյուզանդական մանրանկարների առաջին պատկերումներից մինչև XIV դ․