Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 հայկական նոր եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում։ 1800-ին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Հովսեփ Արղությանին Աստրախանի թեմի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Եփրեմ արք․ Ձորագեղցին (1801–09-ին, 1809–30-ին՝ Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն հայոց կաթողիկոս)։

XVIII դ․ 2-րդ կեսին և XIX դ․ սկզբին Ռուսաստանի հայ բնակչությունը շարունակել է ստվարանալ։ Կազմավորվել են հայկական եկեղեցական նոր համայնքներ, հայաբնակ քաղաքներում կառուցվել հայկական նոր եկեղեցիներ՝ Ս․ Կատարինեն (1770), Ս․ Հարությունը (1779)՝ Սանկտ Պետերբուրգում, Ս․ Խաչը (1779)՝ Մոսկվայում, Ս․ Խաչ վանքը (XVII դ․ վերջ)՝ Նոր Նախիջևանում։

1830-ական թթ․ սկզբին Աստրախանի թեմում գործել է 17 եկեղեցի, բացվել են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817), Հայոց թեմական դպրոցը (1838) և այլն։

Ռուսաստանում հայ բնակչության աճի հետևանքով Աստրախանի թեմը երկատվել է։ 1830-ին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, իսկ Աստրախանի թեմի իրավասության ներքո մնացել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեի, Սիբիրի և Միջին Ասիայի հայկական համայնքները։

XIX դ․ 2-րդ կեսին Ա․ թ-ի կազմում ստեղծվել են հայկական նոր համայնքներ Միջին Ասիայի քաղաքներում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Արմավիրում, Հյուսիսային Կովկասի այլ վայրերում։ Հայաբնակ քաղաքների և գյուղերի մեծ մասում կառուցվել են եկեղեցիներ, բացվել ծխական դպրոցներ։

XIX դ․ 2-րդ կեսին Աստրախանի թեմի առաջնորդներ են եղել Հայ եկեղեցու ականավոր դեմքեր Գևորգ արք․ Սուրենյանցը (1886–94, 1911–30-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոս), գրող և մանկավարժ Խորեն արք․ Ստեփանեն (1894–1906), հասարակական գործիչ Արիստակես արք․ Սեդրակյանը։ Վերջին առաջնորդն էր Մխիթար եպիսկոպոսը (1906–17)։

1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմից անջատվել են Միջին Ասիայի հայկական համայնքները, նրա իրավասության ներքո մնացել են Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի հայ համայնքները։ Աստրախանի թեմը վերանվանվել է Հյուսիսային Կովկասի և Աստրախանի թեմ, կենտրոնը՝ Արմավիր (1920-ից)։ 1960-ական թթ․ սկզբին թեմը լուծարվել է։ 1966-ին նախկին Աստրախանի թեմի համայնքները միացել են Նոր Նախիջևանի թեմի հետ, և կազմվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով։

Գրկ․ Խաչատրյան Վ․, Հայ-ռուսական քաղաքական կապերի պատմությունից, ՊԲՀ, 1978, N 4։ Ананян Ж., Хачатрян В․, Армянские обшины России, Е․, 1993․

Ժորես Անանյան Վարդան Խաչատրյան

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ, Մեծ շաբաթ, ս․ Զատկին նախորդող շաբաթը (Ծաղկազարդից մինչև ս․ Զատիկ ընկած յոթնօրյակը)։ Ավագ է կոչվում նաև այդ շաբաթվա յուրաքանչյուր օրը։ Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և չարչարանքների վերջին շաբաթն է։ Սկսվում է միաշաբթի (կիրակի) օրը՝ Ծաղկազարդով՝ Երուսաղեմ Քրիստոսի մուտքով։ Շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հոգևոր խորհուրդը։

Ավագ երկուշաբթի, տերևազարդ, բայց անպտուղ թզենին անիծելու (Մատթ․ 21․18–19, Մարկ․ 11․12–14, 20–24) և Տաճարը մաքրելու օրն է (Մատթ․ 21․12–13, Մարկ․ 11․15–19, Ղուկ․ 19․45–48)։ Ավագ երկուշաբթին ս․ Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (մարտի 16-ից ապրիլի 19-ը), իսկ Ավագ շաբաթվա մյուս օրերը հաջորդում են նույն հերթականությամբ։

Ավագ երեքշաբթի, հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրը (Մատթ․ 21․23–46, 22․1–46, 23․1–36)։ Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման գուշակությունը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը (Մատթ․ 23․37–39, 24․1–3, Ղուկ․ 13․34–35, 21․5–7)։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը և Վերջին դատաստանի բացատրությունը (Մատթ․ 25․1–13), ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի, հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշել է Տիրոջ մոտալուտ մահը (Մատթ․ 26․6–12, Մարկ․ 14․3–9, Հովհ․ 12․1–8)։ Օծմանը հաջորդել է Հիսուսին մատնելու Հուդայի վճիռը։

Ավագ հինգշաբթի, Վերջին ընթրիք՝ ս․ Հաղորդության խորհուրդի հաստատում,