պատկերված են վիճակ գցելու պահին։ Արևի, լուսնի, հրեշտակների, Մարիամի և Հովհաննեսի պատկերումով «Խաչելության» թեման արտացոլվել է նաև XVII–XVIII դդ․ հայկ․ հաստոցային գեղանկարչության մեջ։
«Դժոխքի ավերումը» կամ «Էջք դժոխք» տերունական պատկերագր․ թեման տարածված էր բյուզ․ մանրանկարչության և որմնանկարչության մեջ (VIII դ․), Կապադովկիայի ժայռափոր տաճարների որմնանկարներում (IX դ․)։ Հայկ․ արվեստում թեմայի հնագույն պատկերումները հայտնի են Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցու որմնանկարներից և XI դ․ մի քանի ձեռագիր մատյաններից։ Քրիստ․ պատկերագրության համաձայն՝ «Դժոխքի ավերման» տեսարանում դժոխք իջած Հիսուսը բարձրացնում է Ադամին, որի կողքին կամ հետևում պատկերված են Եվան և ուրիշ կերպարներ։ Սրանք՝ արդարները, տեղավորված են Քրիստոսից դեպի աջ։ Մեջտեղում պատկերված է նախնիների խումբը, որի մեջ սովորաբար նկատելի են Դավիթ և Սողոմոն թագավորները, Հովհաննես Մկրտիչը։ Այսպիսի հորինվածք ունի «Թարգմանչաց Ավետարան»-ի համապատասխան մանրանկարը։ Հայտնի են պատկերագր․ առավել հնավանդ նախօրինակներ, որոնցից նկատելի են փոխառություններ Նոր Ջուղայի Ս․ Ամենափրկիչ վանքի մատենադարանի 1236-ի ձեռագրի (ծաղկող՝ Իգնատիոս Հոռոմոսցի) և Երուսաղեմի Ս․ Հակոբյանց վանքի մատենադարանի 1265-ի ձեռագրի (ծաղկող՝ Թորոս Ռոսլին) մանրանկարներում։ Հայկ․ մանրանկարչության մեջ «Դժոխքի ավերման» տեսարանում Հիսուսը պատկերվում է հաղթանակը խորհրդանշող խաչը մի ձեռքին, մյուսը՝ Ադամի ձեռքին հպելիս կամ բռնած, իսկ 1391-ի Ծերունի ծաղկած ձեռագրում՝ ուղղակի բռնել է Ադամի դաստակը։
«Խաչից իջեցումը» թեմայի առաջին գեղ․ մարմնավորումը, «հնագույնը և հռչակավորը» (Գ․ Հովսեփյան) Հավուց թառ վանքի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու փայտե բարձրաքանդակն է (X դ․)։ Քրիստոսի, Հովսեփ Արիմաթացու և Նիկոդեմոսի քանդակային ու հոգեբ․ ներդաշնակությամբ աչքի ընկնող հորինվածքը հավանաբար ընդօրինակված է հին մի նախօրինակից։ «Խաչից իջեցման» տեսարաններ են քանդակվել նաև X դ․ խաչքարերի վրա։ XI դ․ տեսարանի կերպարները շատանում են։ Այդպես է 1057-ի «Մալաթիայի Ավետարան»-ի և Սեբաստիայի շրջանից հայտնի 1041-ի Ավետարանի համապատասխան մանրանկարներում։ Սովորաբար «Խաչից իջեցման» տեսարանում պատկերվում են Մարիամը, Հովհաննեսը, Հովսեփ Արիմաթացին, Նիկոդեմոսը, երբեմն՝ վշտակցող երկու կին (1262-ին Թորոս Ռոսլինի ծաղկած «Սեբաստիայի Ավետարան», 1268-ին նույնի պատկերազարդած «Մալաթիայի Ավետարան»)։ Ավելի հաճախ (նաև արմ․ արվեստում) «Խաչից իջեցումը» և «Թաղումն Տեառն» տեսարանները միավորվել են և ներկայացվել մեկ մանրանկարի տեսքով։ Այս դեպքում պատկերվել է գերեզմանի դուռը՝ սովորաբար ձախակողմյան հատվածում։ Վասպուրականցի Մարգարեն 1315-ի Ավետարանում «Թաղումն Հիսուսի» տեսարանում պատկերել է Հիսուսի մարմինը ակնածանքով գերեզման իջեցնող Նիկոդեմոսին և Հովսեփ Արիմաթացուն։
Արտաշես Ղազարյան
Մհեր Նավոյան
Մարտին Միքայելյան
ԱՎԱԳ ՎԱՆՔ, Ս․ Առաքելոց վանք, Ս․ Լուսավորչի անապատ, Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց և Եկեղյաց գավառների սահմանում, Սեպուհ լեռան ստորոտին, Կարնի գյուղի մոտ։ Ըստ ավանդության՝ 53-ին հիմադրել է Թադեոս առաքյալը, IV դ․ վերանորոգել ու այստեղ միաբանություն հաստատել Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ա․վ․ XIII դ․ սկզբին դարձել է գրչության ու արվեստի նշանավոր կենտրոն․ պահպանվել են երկու նկարազարդ Ավետարաններ (1201, ծաղկող՝ Հովհաննես) և մեծահռչակ «Մշո Ճառընտիրը» (1200–02)։ XIII դ․ սկզբին վանքն ունեցել է չորս եկեղեցի՝ Ս․ Աստվածածին, Ս․ Թադեոս կամ Ս․ Առաքելոց, Ս․ Կարապետ և Ս․ Ստեփանոս։ Ջալալեդդինի հրոսակախմբերի ավերածությունների հետևանքով 1230-ից Ա․վ․ առժամանակ չի գործել։ Վերաբացվել է XIV դ․, վանահայր Մովսես վրդ․ Երզնկացու ջանքերով, որը պարսպապատել է վանքը և նորոգել շինությունները։
XII դ․ վերջից գործել է վանքի դպրոցը, որը XIV դ․ ավարտին աչքի է ընկել ուսուցման բարձր մակարդակով։ 1460-ական թթ․ սկզբին՝ Հովհաննես Համշենցու րաբունապետության ժամանակ վերածվել է համալսարանի, որը պատրաստել է վարդապետներ, գրիչներ, նկարիչներ, երաժիշտներ։ Այստեղ սովորելու և դասավանդելու են եկել տարբեր վայրերից։