Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 1482-ին համալսարանը տեղափոխվել է նույն գավառի Կապոսի վանքը։

XV դ․ Ա․վ․ վերստին առաջընթաց է ապրել, վերանորոգվել է Աստվածատուր վրդ․ Ջերմացու ջանքերով։ Արգասավոր գործել է գրչության կենտրոնը, որտեղ բազում ձեռագրեր են ընդօրինակվել (մեծ մասը՝ ձեռամբ Առաքել գրչի)։ XIX դ․ Ա․վ․ ունեցել է մատենադարան (մինչև 1915-ը), ինչպես նաև ընդարձակ հողեր, այգի, անտառ, ջրաղաց, ուխտավորների համար՝ 100-ից ավելի սենյակներ։ Իբրև թեմ ընդգրկել է 10 գյուղ։

Ա․վ-ի համալիրից պահպանվել է կիսավեր երեք եկեղեցի, իսկ աշխարհիկ շենքերի հետքերը նշմարվում են վանքի արմ․ և հվ․ կողմերում։ Ս․ Աստվածածին եկեղեցին ունի եզակի հորինվածք․ առանց որմնամույթերի գմբեթավոր դահլիճ է՝ հվ-ից և հս-ից կից ավանդատներով, որոնք կառույցին տալիս են խաչաձև ծավալատարածական կերպար։ Հս․ կողմում կանգուն Ս․ Թադեոս (կամ Ս․ Առաքելոց) եկեղեցին մեկ զույգ քառակուսի մույթերով եռանավ բազիլիկ է՝ պայտաձև հատակագիծ ունեցող Ավագ խորանով։ Պատերին կան XV դ․ արձանագրություններ։ Ս․ Աստվածածին և Ս․ Թադեոս եկեղեցիների միջև, նրանց կից, գտնվում է Ս․ Կարապետ միանավ, թաղածածկ եկեղեցին։

Ա․վ-ում պահվող հայտնի սրբություններից է եղել բուժիչ հատկություններով օժտված <<Դեղթափ>>-ը՝ Կոստանդիանոս Մեծ կայսրի (306–337) և կայսրուհու դիմապատկերները վրան փորագրած հակինթե խոշոր քարը, որը կայսրը Հռոմում նվիրել էր Տրդատ Գ թագավորին։

Ա․վ․ գործել է մինչև Մեծ եղեռնը։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․4, 2-րդ պատկերը։

Գրկ․ Սյուրմենյան Գ․, Երզնկա, Կահիրե, 1947։ Ոսկյան Հ․, Բարձր Հայքի վանքերը, Վնն․, 1951։ Թիերի Ժ․Մ․, Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), Էջմիածին, 1989, դ 4–6։

                                                 Մուրադ Հասրաթյան


ԱՎԱՆԴԱՏՈՒՆ, եկեղեցու խորաններին կից սենյակ․ Ավագ խորանից հյուսիսայինը մկրտատունն է, հարավայինը՝ սարկավագատունը (բուն Ա․, որտեղ պահվում են եկեղեցու սպասքն ու զարդերը՝ <<ավանդները>>)։ IV–V դդ․ Հայաստանում Ա-երն ուղղանկյուն թաղածածկ սենյակներ էին՝ հաճախ ծածկի վերևում թաքստոցով։ VII դ․ սկզբից Ա-ան արլ․ պատին փոքր, կիսաշրջանաձև խորան են կառուցել։ IX դ․ վերջից Ա-եր են կառուցվել նաև եկեղեցիների արմ․ կողմում, ինչը լայն տարածում է ստացել IX–XIII դդ․։ Հայկ․ վանքերի գլխ․ եկեղեցիների Ա-երը մեծ մասամբ երկհարկանի են, բարձակային աստիճաններով։ Ա-երում քարե փոքր սեղան է դըրվել, և տարին մեկ անգամ՝ եկեղեցու տոնին կամ հատուկ այլ օր Պատարագ մատուցվել։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ծիսական բառարան, Ե․, 1992։

                                                Մուրադ Հասրաթյան


ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ սրբազան, գրավոր կամ բանավոր ավանդված աստվածային, մարգարեական, առաքելական պատվիրան կամ պատմություն, ծես և օրենք, որի վրա հաստատված է Ընդհանրական եկեղեցին։ Ա․ տրված է հիշելու, անխաթար պահելու, կիրարկելու, նրանով առաջնորդվելու և սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ա․ Աստծո գրավոր հայտնության՝ Ս․ Գրքի լրացուցիչ մասն է։ Սրբազան Ա․ են կոչվում առաքելական և եկեղեց․ Ա-ները միասին։

Առաքելական է անվանվում Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական եկեղեցու Ա․, որը ժառանգված է Տիրոջից։ Հիսուս Քրիստոսը, իր առաքյալներին ուղարկելով ազգերին քարոզելու, ասել է․ <<Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի>> (Մատթ․ 28․20)։

Սրբազան է Ա-յան գրառված մասը՝ Աստվածաշունչը, նրանով հայտնված ճշմարտությունները, հայտնությունները, օրենքները, կանոնները, ծեսերը, ուսուցումները, մարգարեությունները, պատվիրանները, սրբազան պատմությունները ևն։ Սրբազան են նաև բանավոր փոխանցված և եկեղեցու կողմից ընդունված Ա-ները։ Օր․, Նոր կտակարանում գրված է․ <<․․․ Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց․ <<Թող Տերը քեզ սաստի>> (Հուդա 1․9)։ Այս խոսքում հիշատակված դրվագը՝ Մովսեսի մարմնի վերաբերյալ վեճը, հիշատակված չէ Հին կտակարանում, բայց, ինչպես երևում է Հուդա առաքյալի թղթից, այն հայտնի է եղել որպես բանավոր պահպանված սրբազան Ա․, ընդունելի համարվել առաքելական շրջանում ու նշվել Նոր կտակարանում։ Ուստի սրբազան Ա․ է ոչ միայն