տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976։ Գրիգորյան Վ․, Ավանի տաճարի վերակազմությունը, ԼՀԳ, 1983, № 11։ Еремян А . , К вопросу о датировке Кафедральной церкви в Аване . ԼՀԳ , 1969, № 3։ Մուրադ Հասրաթյան
ԱՎԳԵՐՅԱՆ Մկրտիչ Հայրապետի [11․11․1762, ք․ Անկյուրա (Թուրքիա) – 3․3․1854, Վենետիկ], աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի)։ 1774-ին մտել է Ս․ Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտ․, մշակութ․ գործունեություն։ Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով․ ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթող․ աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիր․ վերլուծումներ ու ճշգրտումներ։ Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս և Յունաց և Լատինացւոց »(1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով։ Գրել է կրոնաբարոյախոս. բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ »(1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս։ Ա․ վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում․ լատ-ից գրաբար է թարգմանել Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց» -ը (1842), Աղեքսանդր Թասսոնի Ապացոյցք կրօնի և պատասխանատուութիւնք-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»- ը (1849), Կիկերոնի « Յաղագս պատշաճից»- ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»- ը (1846) ևն։ Գրաբարից լատ․ է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու« Քրոնիկոն»- ը (մաս 1–2, 1818), որոնց հուն. բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հուն. հատվածները։ Ա-ի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ․1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ․ Ավետիքյան, Խ․ Սյուրմելյան)։ Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846)։
Երկ․ Քրիստոնէական վարդապետութիւն ոտանաւորեալ առ հեշտին մտառութիւն համբակաց, ևս առաւել մանկանց դպրատան Լուսաւորչի, Վնտ․, 1810։ Աղօթագիրք կարճառօտ, Վնտ․, 1832։ Նուեր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ․, 1854։
Գրկ․ Հանգիստ հոր վարդապետի Մխիթարեան Ավգերեան հ․ Մկրտչի, «Բազմավեպ», 1854, № 5։ Մխիթարեան յոբելեան, Վնտ․, 1901, էջ 101–108։
«ԱՎԵՏԱԲԵՐ», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1855–1915-ին, Կ․Պոլսում (1855–65-ին՝ «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելեաց»)։ Խմբագիրներ՝ Ջ․ Գրին, Ե․ Պլիս, Մ․ Մինասյան և ուր․։ Ամերիկայի միսիոներների ընկերության հրատարակություն։ Հրատարակվել է նաև հայատառ թուրքերենով։ «Ա.» պաշտպանել ու հիմնավորել է բողոքական դավանանքը։ Ըստ «Ա.»-ի, Հայ եկեղեցին Ս.Գիրքը քարոզում է ժողովրդին անմատչելի լեզվով՝ գրաբարով, ուստի և այդ եկեղեցին քրիստոնեական է զուտ անվանապես։ Մյուս հարցերում Ա․Հայաստանյայց եկեղեցուն ներկայացրել է բողոքականների ավանդ․ մեղադրանքները՝ նախնական ավետարանական պարզությունից հեռանալը, օտարոտի և ավելորդ ծեսեր ու արարողություններ ընդունելը (ինչպիսիք են, օր․, ս․ Աստվածածնին և սրբերին աղոթք ուղղելը կամ պաշտոն վերագրելը ևն)։ «Ա.» տպագրել է հոդվածներ և լրատվություն՝ ձեռնադրության, ապաշխարության, դրոշմի, պսակի, վերջին օծումի ևնի վերաբերյալ՝ նախապատվություն տալով բողոքական դավանանքի ընդունած կարգին ու արարողություններին։ Ս. Գրքի թեմաներով տպագրել է քարոզներ, մեկնություններ ու ճառեր։ Ի տարբերություն ժամանակի մյուս բողոքական