Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 չորս ձեռագիր (Երուսաղեմի Ս․ Հակոբյանց վանք, ձեռ․ դ 2660, 2027, 2563, Մատենադարան, ձեռ․ դ 7651), որոնց թվում՝ նշանավոր «Կեռան թագուհու Ավետարան»-ը և «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը։

Հնարավոր է, որ Ա․ մասնակցել է նաև 1271-ին Դրազարկում գրիչ Կոստանդինի արտագրած Աստվածաշունչ մատյանի ստեղծմանը (Մատենադարան, ձեռ․ դ 199), որի գլխատառերը, ըստ ձեռագրի հիշատակարանի, գրել է «զընտիր գրչավորն»։ Ա․ հիշատակարանում ինքն իրեն անվանել է Ավետիս կամ Ավետիք քահանա (Երուսաղեմի Ս․ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ․ դ 2027)։

Ա-ի ստեղծած մատյանները գրված են կիլիկյան կանոնավոր բոլորգրով (հայկ․ մինուսկուլով), որն աչքի է ընկնում արտակարգ գեղեցկությամբ, հղկվածությամբ և գրի հավասար մակարդակով։

Ձեռագրերը հին գրչության արվեստի Կիլիկյան բոլորգրի դասական օրինակներ են։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․6, 1-ին պատկերը։

Գրկ․ Մաթեվոսյան Ա․, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դ․, Ե․, 1984, էջ 407։ Mekhitarian A․, Treasures of the Armenian Patriarchate of Jerusalem, Jerusalem, 1969, p․ 21, 22, 23; Bogharian N․, Grand Catalogue of St․ James Manuscripts, v․ 7, Jerusalem, 1974, p․ 59–66; Idem, v․ 8, Jerusalem, 1977, p․ 263, 277; Narkiss B․, (Ed․), Armenische Kunst․ Die Faszinierende Sammlung des Armenischen Patriarchats in Jerusalem, Belser Verlag Stuttgart

/ ZŸrich, 1980, s․ 63, 148, 149; Korchmasjan E․, Drampjan I․, Akopjan G․, Armenische Buchmalerei des 13 und 14 Jahrhunderts, Leningrad, 1984, s․ 28․

Սեյրանուշ Մանուկյան


ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ, Թոխաթցի (1․4․1657, Եվդոկիա – 11․7․1711, Փարիզ), Կ․ Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք (1702–1706), գրիչ, տաղերգու։ Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վրդ․ Պելենկցուն։ Փայասում ձեռնադրվել է սարկավագ (1675), Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ։ Չնայած օսմ․ իշխանությունների և մոլեռանդ մահմեդ․ հոգևորականության հարուցած խոչընդոտներին, նրա ջանքերով նորոգվել են Կապոսի Ս․ Հակոբ վանքը, Տիրանաշենի Ս․ Նշան, Երզնկայի Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցիները։ Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է։ Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, այնտեղ 1691-ին ձեռնադրվել եպիսկոպոս, նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702-ի փետր․ 24-ին սուլթան․ արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կ․ Պոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք։ Սակայն հակակաթոլիկ․ գործունեության համար 1703-ին աքսորվել է Ասորիք, 1704-ին ազատվել է և վերականգնվել Կ․ Պոլսի պատրիարքի պաշտոնում։ Նույն թվականի նոյեմբ․, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ․ Պոլսի և Երուսաղեմի պատրիարք․ աթոռները։

Ա․ Ե-ու պատրիարքության շրջանում Կ․ Պոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև։ Ա․ Ե․ այդ պայքարի հայտնի դեմքերից է։ Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ նրան անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կ․ Պոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»։ Ա․ Ե․ խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին։ 1706-ին պատրիարքը կրկին աթոռազուրկ է արվել և աքսորվել Թենետոս կղզի։ Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս․ Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները։ 1710-ին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ա․ Ե-ուն ազատել են բանտից՝ հսկողություն սահմանելով վրան։ Ինն ամիս անց նա վախճանվել է։

Ա․ Ե․ եվրոպ․ պատմագիտությանը հայտնի անձնավորություն է եղել։ Նրա անունը կապվել է նշանավոր «Երկաթյա դիմակով մարդու» առեղծվածին։ «Երկաթյա դիմակով մարդ» անունը կրող բանտարկյալի ինքնությունը բացահայտելու համար ավելի քան 50 հեղինակներ իրենց ուսումնասիրություններում զարգացրել են տասնչորս վարկածներ, որոնք առնչվել են նաև Ա․ Ե-ու անձին։