Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Ա․ Ե․ գրել է տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան․․․», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռ․ դդ 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռ դ 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ․․․» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ․ դ 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711-ին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգ․ մատենադարան, ձեռ․ դդ 28, 89, 155, 156, 197, 139)։ Պատմ․ արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, դ 1490–1496, 1498–1500)։

Գրկ․ Չամչյանց Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Ալպոյաճյան Ա․, Պատմութիւն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976։

Պավել Չոբանյան


ԱՎԵՏԻՔՅԱՆ Գաբրիել (19․9․1751, Կ․ Պոլիս – 24․12․1827, Վենետիկ, Ս․ Ղազար կղզի), աստվածաբան, մեկնիչ, լեզվաբան, բառարանագիր։ Մխիթարյան միաբանության անդամ 1773-ից։

Սովորել է Մխիթարյանների Ս․ Ղազար կղզու դպրեվանքում, այնուհետև ճեմարանում ուսանել իմաստասիրություն և աստվածաբանություն։ Երկար տարիներ վարել է Ս․ Ղազարի դպրատան տեսուչի պաշտոնը, դասավանդել է իմաստասիրություն և աստվածաբանություն։ 1799-ին ընտրվել է աբբահայր Ստեփանոս Մելքոնյանի փոխանորդ, որը Մխիթար Սեբաստացու անմիջական հաջորդն էր։ 1800-ին, նոր աբբահոր ընտրության ժամանակ, հանձինս Ստեփանոս Գյուվեր Ագոնցի, Ա․ վերահաստատվել է ընդհանուր փոխանորդի պաշտոնում, որը վարել է մինչև մահը։

Մեծածավալ է Ա-ի գրական ժառանգությունը։ Կազմել է «Նոր հայկազեան բառարանի» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ․ 1–2, 1836–37) «Ա» տառի բառահոդվածները, կատարել մի շարք ստուգաբանություններ։ Բացառիկ արժեք ունեն «Նարեկլուծ»-ը (1801), որը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի մեկնությունն է, «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ» (հ․ 1–3, 1806–12) աշխատությունը և «Բացատրութիւն շարականաց․․․»-ը (1814)։ Հիշարժան է նրա իտալ․ գրված «Դիտողութիւններ հայ ծիսական մատեանների սրբագրութեան մասին» (1868) երկը, որի նպատակն էր Հայ եկեղեցու բոլոր ծիսամատյանների անխաթար տպագրումը, պահպանումը և կիրարկումն ընդդեմ հռոմ․ եկեղեց․ ատյանների, հայ և օտար գրաքննիչների միտումների, որոնք ձգտել են դրանց մեջ «սրբագրություններ» մտցնել։

Ա․ աստվածաբան․ և հայրախոս․ բացառիկ հմտությամբ և խորիմաց փաստարկներով պաշտպանել է Հայ եկեղեցու դավանանքը։ Դեռևս կենդանության օրոք վայելել է մեծ աստվածաբանի համբավ, Հռոմում նրան հորջորջել են «սարսափելի աստվածաբան»։ Ա․ գրել է նաև ճառեր, քարոզներ, կատարել թարգմանություններ։

Երկ․ Քերականութիւն հայկական, Վնտ․, 1815։

Գրկ․ Սարգիսյան Բ․, Երկհարիւրամյա գրականական գործունեութիւն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարեան միաբանութեան, Վնտ․, 1905։

Լևոն Զեքիյան


ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1968-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Ս․ Հարություն եկեղեցի։ Դեռևս 1950-ական թթ․ սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեց․ համայնքներ և եկեղեց․ վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու։ Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954-ին, եղել է Ասողիկ ծայրագույն վրդ․ Ղազարյանը (1957-ից՝ եպիսկոպոս)։ 1958-ին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետ․ պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա)։ 1966-ին Գարեգին եպս․ Գազանճյանը (Կ․ Պոլսի հայոց պատրիարք՝ 1990–98-ին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968-ին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ։