Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ծրագրեր ևն։ Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ա․ ս-յան կիրառումը, իսկ 1896-ին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908-ին, կրկին արտոնվելով, Ա․ ս․ գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914–18), երբ Կ․ Պոլսի ազգ․ մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916-ի օգոստ․ 10-ին երիտթուրք․ կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ա․ ս․, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։ Այնուամենայնիվ, Ա․ ս․ զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմն․ սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա ևն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992-ին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ա․ ս․ է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։

Գրկ․ Սարուխան, Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրութիւնը Թուրքիայում (1860–1910), հ․ 1, Թ․, 1912։

Գեղամ Բադալյան


ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, սուրբ Աթանաս Մեծ (295, Ալեքսանդրիա – 373, Ալեքսանդրիա), Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր), Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից)։ Սերել է հույն քրիստոնյա ընտանիքից։ Լինելով տակավին սարկավագ՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) լուրջ հակահարված է հասցրել Արիոսին (տես Արիոսականություն) ու նրա հետևորդներին։ Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը։ Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում։ Եկեղեցաքաղ․, դավան․ հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբան․ ուղղվածություն։ Ա․ Ա-ու մատենագր․ վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և հերետիկոսների դեմ մղված պայքարի հետ։ Մատենագր․ գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» ջատագով․ բնույթի աշխատությունը։ Առաջինում ապացուցել է հեթանոսության կեղծ ու հոռի էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով Աստծո և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը։ Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով։

Ա․ Ա․ իր դավան-հակաճառ․ երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356–362)։ Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը։ Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբան․ և մեկնաբան․ փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը։

Ա․ Ա-ու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները․ հուն․ բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասոր․ թարգմանությունը։ Ա․ Ա․ հեղինակել է Անտոն Անապատականի (250–356) վարքը (մոտ 356–357-ին), նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ։ Երկը զգալի ազդեցություն է գործել սրբախոսական գրականության վրա։ Հայերեն է թարգմանվել V դ․։

Ա․ Ա-ու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել սաղմոսների, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնության լոկ առանձին հատվածներ և Սարգիս Կունդի (XII դ․) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Ա․ Ա․ գրել է նաև կանոններ, Պատարագամատույց, ներբողներ, խրատներ, աստվածաբան․, քրիստոսաբան․, ջատագով․ և հակաճառ․ բնույթի բազմաթիվ թղթեր։

Ա․ Ա-ուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»։ Քրիստ․ մտքի պատմության մեջ նրա երրորդաբան․ և քրիստոսաբան․