Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի։ Ալեքսանդրիայի աստվածաբան․ դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Ա․ Ա-ու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոն․ վեճերի շրջանում։ Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստ․, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբան․ մտքի վրա։

Ա․ Ա-ու աստվածաբանության և քրիստոսաբանության հիմքը Փրկագործության և Մարդեղության գաղափարն է։ Նրա համար Բանի Մարդեղությունը և Հոր հետ համագոյությունը փրկաբանական հարց է, Փրկագործության վարդապետություն։ Փրկությունը տեսել է Աստծո հետ մարդու արարված բնության վերամիավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարմնավորման և մարդացման պարագայում։ Փրկությունը, ըստ Ա․ Ա-ու, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում․ «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա», այսպես է բանաձևել Ա․ Ա․ Մարդեղության և Փրկագործության վարդապետությունը։ Աստվածացումը Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»։ Ինչպես ճյուղերն են համագո խաղողի որթին, այնպես էլ մենք մեր մարմնով համաբնույթ ենք Տիրոջ մարմնին, և նրա մարմինը մեզ համար «հարության փրկության արմատ է»։

Ս․ Երրորդության խորհրդի բացահայտումը Ա․ Ա․ իրականացրել է արիոսական գաղափարների ժխտման ընթացքում։ Եթե «կար ժամանակ, երբ չկար Որդին» (արիոսականություն), ապա նշանակում է, որ Աստված էլ երբևէ Հայր չի եղել, հետևաբար չի եղել Ս․ Երրորդություն, այլ եղել է մեկը, որը վերացարկված միաստվածականություն է, բացահայտ հրաժարում քրիստ․ նոր Հայտնությունից, Աստծո՝ որպես Ս․ Երրորդության, իմացությունից։ Իր անփոփոխելիության մեջ Հայրը միշտ Հայր է։ Հոր և Որդու հարաբերության մեջ բացառվում է որևէ հերթականություն, տևականություն և տարածություն։ Այստեղ տիրում է լիակատար հավերժակցություն, որը ցույց է տալիս, որ Որդին ծնունդ է էությունից և դրա համար էլ համագո է Հորը։ Հոր աստվածությունն անխառն և անբաժանելիորեն առկա է Որդու մեջ։ Համաձայն Ա․ Ա-ու, Հոր և Որդու այսօրինակ հարաբերության ամենաճշգրիտ անվանումը «համագոյություն» եզրն է։ Ս․ Հոգու վերաբերյալ ուսմունքը Ա․ Ա․ ներկայացրել է բացառիկ հստակությամբ։ Նրա ելակետը Ս․ Երրորդության կատարյալ միասնության գաղափարն է, այսինքն՝ Ս․ Հոգին ունի Հոր և Որդու նույն բնությունը՝ «Մի Աստուած երեք անձինք կատարեալք, միով բնութեամբ»(«Ճառք․․․», 1899, էջ 238)։ Հոգին ծնված չէ և այդ պատճառով չի կոչվում Որդու եղբայր, այլ՝ Ս․ Հոգի։ Բայց նա դուրս չէ Որդուց, դրա համար էլ կոչվում է Որդեգրության Հոգի, Հզորության և Իմաստության Հոգի։ Նա Որդու հետ ունի նույն միասնությունը, ինչ՝ Որդին Հոր հետ։ «Յաղագս աստուածութեան Որդւոյ», «Առ Արիոս», «Յաղագս Սրբոյ Երրորդութեանն» և այլ գրվածքներում ու ճառերում Ա․ Ա․ զարգացրել է Ս․ Երրորդության աստվածության և միության ուղղափառ ըմբռնումը․ «զՄի Աստուած յԵրրորդութեան և զԵրրորդութիւն ի միութեան․․․ այլ Հօր և Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ՝ մի աստուածութիւն, հաւասար փառք եւ յաւիտենակից մեծութիւն»(նույն տեղում, էջ 478)։

Ա․ Ա-ու աշխատությունների զգալի մասը հայացվել է V դ․՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը VIII դ․՝ Ստեփանոս Սյունեցու ջանքերով։ Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան»,«Ի Հոգին Աստուծոյ»,«Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի»,«Ի ծնունդն Քրիստոսի» ևն։ Ա․ Ա-ու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899-ին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում։ Ա․ Ա-ու երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ։ Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբան․ գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու