Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



տարածքում եղել են հայկ․ 25 եկեղեց․ դպրոցներ։ 1850-ական թթ․ վերջին – 1860-ական թթ․ սկզբին եկեղեց-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, Գտիչ վանքերում։ 1860–70-ական թթ․ Ղարաբաղի թեմում գործել է եկեղեց-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։

 Ա․ թ-ի տարածքում են գտնվում հոգևոր-մշակութ․ կենտրոններ Ամարասի վանքը (IV դ․), Հոռեկավանքը (V դ․), Մեծառանից Ս․ Հակոբավանքը (V դ․), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (հինգն էլ՝ XIII դ․), Կատարովանքը (X դ․), ինչպես նաև՝ Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ (XIX դ․) և Ս․ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, XIX դ․) եկեղեցիները ևն։
 Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են․ Ասկերանի շրջանում՝ Ս․ Ստեփանոսը (XVII դ․), Ս․ Աստվածածինը (XVIII դ․), Հադրութի շրջանում՝ Սպիտակ Խաչը, Ս․ Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ․), Մարտակերտի շրջանում՝ Գանձասարի վանքի Ս․ Հովհաննես Մկրտիչը (XIII դ․), Ս․ Հովհաննու Կարապետը, Ս․ Աստվածածինը (երկուսն էլ՝ XIX դ․), Մարտունու շրջանում՝ Ամարասի վանքի Ս․ Գրիգորիսը (IV դ․ սկիզբ), Շուշիի շրջանում՝ Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչը, Ս․ Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց), Ս․ Աստվածածինը (երեքն էլ՝ XIX դ․), Քաշաթաղի շրջանում՝ Ս․ Համբարձմանը և Ստեփանակերտի Ս․ Աստվածածինը (նորակառույց)։ Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Ս․ Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։
 1993–94-ին Ա․ թ-ում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են <<Գթություն>> բարեգործ․ միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է <<Եկեղեցասիրաց եղբայրակցություն>> կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Ա․ թ-ի <<Գանձասար>> աստվածաբան․ կենտրոնը (կից գործում է տպարան)։
 Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգ-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։
 Ա․ թ-ի առաջնորդն է Պարգև արք․ Մարտիրոսյանը (1989-ից)։
 Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3․1, 2-րդ պատկերը, քարտեզը՝ ներդիր XVII-ում, 17․4։
                        Վլադիկ Հակոբյան

ԱՐՈՒՃԻ Ս․ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում։ Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ։ Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագր․ վկայությունների՝ ավարտվել 666-ին․ օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667)։

Մինչև Ս․ Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեց․ ժողովին (609)։ Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հվ-արլ․ կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության։
 Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը Ա․ Ս․ Գ․ ե-ու հվ․ կողմում կառուցել է <<իր արքունիքը>>՝ պալատական համալիրը։ 867-ին, եկեղեցու ներսում՝ հվ-արլ․ ավանդատան դիմաց, քերել են սվաղի մի հատվածը և փորագրել Արուճի և հարևան Կոշ գ-ի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչ, Վռամի որդի Գրիգորը։ 973-ին ոմն Գորամ վարպետ Դավթի ձեռքով նորոգել է Ա․ Ս․ Գ․ ե․։
 987-ին Սմբատ Բ Բագրատունի արքան, ըստ եկեղեցու հվ․ պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել։ Ա․ Ս․ Գ․ ե-ու հվ․ մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285-ին Արուճի բնակիչներն ազատվել են բնահարկից։ XIII դ․ Մարգար կազմողը եկեղեցու հս․ պատի արլ․ որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր։ XV դ․ Խաչատուր վարդապետը նորոգել է Ա․ Ս․ Գ․ ե․։ XVI–XIX դդ․ եկեղեցին կիսավեր էր և լքված։ 1946-ին նորոգվել են եկեղեցու հվ․ և արմ․ պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը։ 1947–52-ին Ա․ Ս․ Գ․ ե-ու հվ․ կողմում պեղումներով (ղեկ․ Վ․ Հարությունյան) բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը։ 1958–59-ին ամրացվել է եկեղեցու աղոթասրահի արմ․ կողմի