Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



թաղը։ 1964-ին բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը։

 Ա․ Ս․ Գ․ ե․ գմբեթավոր դահլիճի տիպի (16,95 մ x 34,5 մ արտաքին չափերով), արլ-ից երկու ավանդատներով, գմբեթի (այժմ՝ քանդված) առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է՝ միասնական ու վեհաշուք ներքին տարածությամբ։ Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով։ Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում։ Գմբեթարդում պատկերված է եղել Օրենք տվող Աստծու պատկերագր․ և Ավետարանում շարադրված Համբարձման տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք։ Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձր․ է ունեցել (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը)։ Զարդարուն պատվանդանին կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Հովհաննեսի Ավետարանից վերցված քաղվածքով (Հովհ․ 14․21) հայագիր մագաղաթագալար։ Պատկերի առանձին մանրամասեր եղել են ոսկեզօծ։ Քրիստոսից ցած, պատվանդանի հավասարությամբ, ողջ խորանը երիզված է խոշոր ականթազարդերից կազմված լայն գոտիով՝ կատարված հայ հելլենիստ․ արվեստի ավանդույթներով և մեծ վարպետությամբ։ Զարդագոտուց ներքև, Ավագ խորանի երկու կողմերի պատերին եղել են ձեռքերին գրքեր պահած առաքյալների պատկերները (հս․ պատին պահպանվել են միայն նրանցից վեցի պատկերները)։ Քրիստոսի պատվանդանի տակ նկարչի մակագրությունն է․ <<Ստեփաննոս ն[կ]ա[ր]եաց>>։ Վերջինս VII դ․ հայտնի առաջին հայ նկարիչն է։
 Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3․2, 1-ին պատկերը։
 Գրկ․ Ղեվոնդ, Պատմութիւն, Ե․, 1982։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Ե․, 1996։ Եղիազարյան Հ․, Գրիգոր Մամիկոնյան իշխանի կառուցած տաճարը և պալատը Թալիշ գյուղում և վերջինիս հնագիտական պեղումները, Էջմիածին, 1955, դ 2։ Մաթեվոսյան Կ․, Արուճ, Ե․, 1987։ ԸՐցՑ՚վÿվ Թ․, կՏ տՏՉՏՊց ՊՈՑՌՐՏՉՍՌ ւՐՈՎՈ Չ ԸՐցփպ, ժ․, 1946; ԺցՐվՏՉՏ խ․Ը․, ԿփպՐՍՌ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ․, 1979; ԽՏՑՈվՊՋÿվ ծ․ թ․, ՃՉպՑ Չ ՐՈվվպրՐպՊվպՉպՍՏՉՏռ ՋՌՉՏտՌրՌ ԸՐՎպվՌՌ, ժ․, 1978; Der Nersessian S․, L’art armŽnien des origines au XVII siecle, P․, 1977․
                      Կարեն Մաթևոսյան

ԱՐՔԱՅԱԿԱՂՆԻ ՎԱՆՔ, Արքակաղին վանք, Կիլիկիայի Հայկական պետության եպիսկոպոսանիստ (Մամեստիայի արքեպիսկոպոսների) վանքերից։ Գտնվել է Մսիսից (Մամեստիա) հվ-արլ․, կաղնիների, սոսիների, ձիթենիների անտառի մեջ։ Անունը ստացել է կաղնիներով շրջապատված լինելու համար։ Կոչվել է նաև Խճկտոր [այսինքն՝ Հաճկատար, Հաճոյակատար (Տիրամորը տրվող մակդիր), որից ենթադրվում է, թե գլխ․ եկեղեցին նվիրված էր Աստվածածնին]։ Կառուցման ժամանակն անհայտ է։ Հիշատակվել է XII դ․ կեսից։ Ա․ վ-ի մասին հիշատակություններ ունեն Վարդան Արևելցին (XIII դ․), Կիրակոս Գանձակեցին (XIII դ․), Սմբատ Գունդստաբլը (XIII դ․), Հովհաննես Երզնկացին (XIII դ․) և ուր․։ Ունեցել է հազվագյուտ և ճոխ ձեռագրերով մատենադարան, դպրանոց, գրչատուն։ Հայկ․ երաժշտության և գրչության հայտնի կենտրոն էր, որի մասին իր ճառում գովասանքով է արտահայտվել Հովհաննես Երզնկացին։ Ա․ վ-ում հորինվել են եկեղեց․ բազմաթիվ մեղեդիներ՝ <<մանրուսում>> և <<կցուրդք>>։ Այստեղ է սովորել Վարդան Այգեկցին։ Վանքը 1206–08-ին եղել է հակաթոռ կաթողիկոս Դավիթ Թավիոս Արքայակաղնեցու (Մամեստիայի արքեպիսկոպոսը՝ 1175–1206) նստավայրը։

  Ա․ վ-ում են ամփոփվել Լևոն Բ Մեծագործի հայր Ստեփանեն (1167), Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը և ուր․։ Վանքը կործանվել է 1269-ի երկրաշարժից, 1284-ին՝ մասնակի նորոգվել։ Պահպանվել են ավերակները։
  Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ոսկյան Հ․, Կիլիկիայի վանքերը, Վնն․, 1957։


ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ, տես Պատվո աստիճաններ և պարգևատրումներ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոդվածում։