Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 են մորմոնները, Եհովայի վկաները, Նորառաքելոց եկեղեցին ևն։

Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե․, 1968։ Մայիլյան Ս․, Ժամանակակից աղանդները Հայաստանում, Ս․ Էջմիածին, 2001։


ԱՂԲԱԿԻ Ս․ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ, Դեյր, Դհեր, Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զաբ գետի աջ ափի բլրի գագաթին։ Ըստ ավանդության՝ I դ․ հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։ Վանքը հիշատակվում է XIII դարից։ 1316-ին Ա․ Ս․ Բ․ վ-ի վանահայր Հակոբը մասնակցել է Ադանայի եկեղեց․ ժողովին, 1321-ին Հռոմի Հովհաննես XXII պապը նամակով նրան առաջարկել է ընդունել Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգը, 1339-ին վանքում ընդօրինակվել է Ավետարան, 1398-ին՝ Վարդան Արևելցու «Հնգամատյանի մեկնությունը»։

Միջնադարում Ա․ Ս․ Բ․ վ․ եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանք, հռչակավոր սրբավայր ու ուխտատեղի։ Վանքի եկեղեցին XIII դ․ կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքերի վրա և ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ներսից բազմանիստ Ավագ խորանով։ Հս․ ավանդատանը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանն է հետևյալ արձանագրությամբ․ «Այս է տապան հանգստեան սբ․ Բարդուղիմէոսի սրբազան առաքելոյ առաջին լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի»։

Եկեղեցուն արմ-ից կից է նրա հետ ծավալատարածական ամբողջություն կազմող և ոճական ընդհանրություն ունեցող գավիթը, որի խաչվող կամարներով իրականացված ծածկի կենտրոնում երդիկավոր գմբեթն է։ Գավթի արմ․ պատի վրա փոքր զանգաշտարակ է կառուցված։ Եկեղեցու և գավթի ճակատները զարդարված են որմնասյունիկներով, գմբեթի թմբուկի շարվածքում կիրառված է բազմագունություն։ Գավիթն արմ․ ճակատում ունի պատի ողջ բարձրությամբ խոշոր շքամուտք, որի դռան վերևում քանդակված հեծյալը (համարվում է Բարդուղիմեոս առաքյալը) տեգը ձեռքին սպանում է վիշապին։ Դռան երկու կողքերին, ողջ հասակով քանդակված են բուրվառակիրներ և վանքի քարգործ վարպետները՝ շին․ գործիքները ձեռքերին։ Շքամուտքի վերևի կիսաշրջանաձև ճակատակալ քարին Ս․ Երրորդության պատկերաքանդակն է․ գահին բազմած Հայր Աստվածը աջ ձեռքով պահում է Քրիստոսին, ձախով՝ աղավնակերպ Ս․ Հոգուն, ոտքերի տակ զույգ առյուծներ են, շուրջը՝ հրեշտակներ։ Ա․ Ս․ Բ․ վ-ի բարձրաքանդակն այս թեմայով հայկ․ պատկերագրության լավագույն ստեղծագործություններից է։

1487-ին և 1490-ին վանքում Մարգար գրիչը ընդօրինակել է Ավետարան։ 1647-ին Ա․ Ս․ Բ․ վ․ և Վարագավանքը ընդհանուր միաբանություն են կազմել։ 1651-ին վանքը նորոգել է վանահայր Կիրակոս վարդապետը։ 1715-ին երկրաշարժից քանդվել է վանքի եկեղեցու գմբեթը, խարխլվել են պատերը։ 1755–60-ին Հովհաննես Մոկացին (Լիմ անապատից) վերականգնել է գմբեթը և նորոգել պատերը։

XIX դ․ սկզբին վանքի ունեցվածքը վատնվել է, մենաստանը բարձիթողի արվել վանահայր Խաչատուր վարդապետի օրոք, ինչի համար կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին նրան պաշտոնազրկել է և բանադրել։ 1817-ին վանահայր Իսրայել եպիսկոպոսը ընդդիմացել է Ներսես Աշտարակեցու և գեներալ Պասկևիչի՝ արևմտահայերի գաղթը կազմակերպելու ծրագրին, համարելով այն «ազգակործան»։ 1843-ին Ներսես Ե Աշտարակեցին դրվատել է Արտազի Ս․ Թադե վանքի և Ա․ Ս․ Բ․ վ-ի առաջնորդ, ռուսամետ կողմնորոշում ունեցող Նիկողայոս եպիսկոպոսին, որը չէր ստորագրել հայերի պաշտպանությունը անգլիացիներին հանձնելու խնդրագիրը։ XIX դ․ վանքում բացվել է վարժարան։ 1860-ին քանդվել է Ա․ Ս․ Բ․ վ-ի գմբեթը, որը 1878-ին վերակառուցել է վանահայր, ծայրագույն վրդ․ Եղիազարը։ 1897-ին երկրաշարժից քանդվել է եկեղեցու պատը։ XIX դ․ վանքը բավական հարուստ է եղել։ Նրա թեմն են կազմել Աղբակ, Գավառ, Ջուլամերկ, Սալմաստ և Ուրմիա գավառները՝ 100-ի հասնող հայաբնակ գյուղերով։ Վանքն ունեցել