Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 և այլ աղոթքներ, այդ թվում նաև Գրիգոր Նարեկացու և Ղուկաս Վանանդեցու աղոթքներից։ «Վկայութիւնք պիտանիք և հարկաւորք…»աշխատությունը (Մատենադարան, ձեռ. N 1986) ծաղկաքաղ է Հին և Նոր կտակարաններից, ինչպես նաև եկեղեց. մատենագիրներից։ Ա. Ա Ջ. գրել է տաղեր, այդ թվում՝ դավան. բովանդակությամբ։ Մեզ են հասել նաև նրա ձեռքով ընդօրինակված ձեռագրեր։

Կաթողիկոս. գահին Ա.Ա Ջ-ուն հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցին։

Երկ. Վկայութիւնք ի պէտս քարոզութեանց, աշխատասիր. Հ. Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 1998։

Գրկ. Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, Էջմիածին, 1842։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։

Արտաշես Ղազարյան


ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ, Ղարաղաշ, Ամենայն հայոց կաթողիկոս 1753–55-ին։ Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն։ Աբրահամ Գ Կրետացու օրոք (1734–37) եղել է կաթողիկոս. փոխանորդ։ Ա. Բ Բ-ու անունով հայտնի են մի քանի մանր գրություններ, որոնցից կարևորություն ունեն հատկապես Հիշատակարանը (պատմում է նրա կաթողիկոս. ընտրության պարագաները), Վրաց կաթողիկոս Անտոն I-ին (1744–55) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744–67) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Ս. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ։ Կաթողիկոս. գահին Ա. Բ Բ-ուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։

Հակոբ Քյոսեյան


ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հակաթոռ կաթողիկոսություն (1113–1895), որի իրավասության տակ էր Վասպուրական նահանգի մի մասը։ Աթոռանիստը՝ Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցի։ Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո Արծրունիների հետ ազգակցություն ունեցող և նրանց ազդեցության տակ գտնվող հոգևորականները հիմնադրել և ժառանգաբար նստել են Ա. կ-յան աթոռին՝ մարմնավորելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունը։ Դավիթ եպս. Թոռնիկյանը 1113-ին, պատրվակ դարձնելով Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու դեռահասությունը, իրեն հռչակել է Հայոց կաթողիկոս։ Նույն տարում Կիլիկիայի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում գումարված ժողովը մերժել է Դավթի կաթողիկոսությունը։ Վերջինս չի ենթարկվել ժողովի որոշումներին և Ա. կ. հռչակել է ինքնուրույն աթոռ։ Մինչև XIII դ. 70-ական թթ. Ա. կ. ժառանգել են նույն ընտանիքից (Թոռնիկյաններ) սերված եկեղեցականներ, իսկ 1272-ից կաթողիկոս է դարձել Աղթամար կղզու և հանդիպակաց ափի հայկ. գյուղերին տիրացած Սեֆեդինյանների ներկայացուցիչ Ստեփանոսը։ Սեֆեդինյաններն իրենց համարել են մոր կողմից Արծրունիներ։ Ա. կ. մինչև XVI դ. վերջը մնացել է այս գերդաստանի ձեռքում՝ որպես ժառանգական ստացվածք։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջհանշահ Փադիշահի օժանդակությամբ կարճ ժամանակով իր իշխանության տակ է միավորել Ս. Էջմիածնի կաթողիկոսությունը և Ա. կ.։ Մինչև XVIII դ. վերջը Ա. կ.ունեցել է 14 թեմ։ Աղթամարի կաթողիկոսին հաստատել են այդ կողմերի մահմեդ. տիրակալները։ XVII դ. Ա. կ-յան և Ս. Էջմիածնի միջև վեճեր են սկսվել իրենց իրավասության սահմանների շուրջ։ XVIII դ. վերջից Ա. կ. ճանաչել է Ս. Էջմիածնի գերակայությունը։ XIX դ. վերջին Ա. կ. ուներ երկու թեմ, որոնք ընդգրկել են Վանա լճի հվ. շրջանները (Հայոց ձոր, Ռշտունիք, Շատախ, Անձևացիք, Մոկք, Կորճայք, Խիզան)՝ 302 եկեղեցիներով և 58 վանքերով։ Ա. կ. վերացել է 1895-ին, իսկ թեմերն անցել են Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։

Աղթամարի կաթողիկոսների անվանացանկ (ըստ Ն. Ակինյանի)

Դավիթ Ա (1113 – մոտ 1165), Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165 – մոտ 1185/90), [Անանուն] (աթոռակալության տարիները հայտնի չեն), Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223 – վախճ. 1272), Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272 – մոտ 1296), Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296–1336), Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340-ից – վախճ. 1346), Դավիթ Բ (1346 – մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371), Զաքարիա Բ Նահատակ (1369–93), Դավիթ Գ (1393–1433), Զաքարիա Գ (1434–64), Ստեփանոս Դ Տղա (1465–89), Զաքարիա Դ (1489 – մոտ 1496), Ատոմ (հիշատակվում է 1496, 1497, 1499, 1507), Հովհաննես (հիշատակվում է 1512-ին), Գրիգորիս Ա Աղթամարցի (Մեծ) (մոտ 1512 – մոտ 1544), Գրիգորիս