Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 շրջառում են պատկերաքանդակների վեց գոտի։ Ստորին գոտին նեղ ժապավեն է՝ ոճավորված բուս․ զարդաքանդակներով։ Երկրորդ՝ գլխ․ գոտին, Հին և Նոր կտակարանների, նաև որոշ աշխարհիկ թեմաներով ստեղծված մեծադիր հարթաքանդակների շարք է։ Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում։ Նույն բարձրության վրա, արմ․ ճակատին, խորանի լուսամուտի երկու կողքերին, Գագիկ Արծրունի թագավորն է՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին, և Քրիստոսը՝ օրհնական Աջով։ Լուսամուտի տակ, կենտրոնում, երկու հրեշտակներ բռնել են Փառքի նշանը՝ խաչազարդ մեդալիոն։ Նոր կտակարանի թեմաներից են գահավորակների վրա նստած Քրիստոսն ու Աստվածածինը, սուրբ զինվորները, Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Ա Լուսավորիչը, արաբների դեմ ազատագր․ պայքարում զոհված, սրբերի շարքը դասված Համազասպ և Սահակ Արծրունի իշխանները։ Երրորդ գոտին կազմված է կենդանիների քանդակներից, չորրորդում, խաղողի չընդհատվող որթագալարի մեջ, աշխարհիկ կյանքի տարբեր տեսարաններ են, հինգերորդ՝ ենթաքիվային գոտին ներկայացնում է տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ, իսկ վեցերորդը՝ գմբեթի թմբուկի ենթաքիվայինը, պատկերում է եղնիկների, այծյամների փախուստը առյուծների, հովազների հետապնդումից։ Եկեղեցու ճակատներին տեղադրված են չորս ավետարանիչների խոշոր, ամբողջ հասակով բարձրաքանդակները։

Ա․ վ-ի Ս․ Խաչ եկեղեցու պատերը ներսից ծածկված են X դ․ բարձրարվեստ որմնանկարներով, որոնք մեծ կարևորություն ունեն արևելաքրիստ․ արվեստի պատմության համար։ Դրանք ոճական սերտ ընդհանրություն ունեն ճակատների պատկերաքանդակների հետ և հիմնականում նվիրված են ավետարան․ թեմաներին։ Պատկերների շարքը սկսվում է հվ․ խորանից և շարունակվում արմ․ և հս․ խորանների երկարությամբ՝ ժամանակագր․ կարգով, ըստ բարձրության տարբեր գոտիներով։ Առաջին գոտում պատկերված թեմաներն են Ավետումը, Այցելությունը, Ծնունդը, Հովսեփի երազը, Փախուստը դեպի Եգիպտոս, Մանկանց կոտորածը, Մկրտությունը, Այլակերպությունը, Կանայի հարսանիքը, երկրորդ գոտում՝ Քրիստոսի քարոզը, Մուտքը Երուսաղեմ, Քրիստոսի օծումը Բեթանիայում, Ոտնլվան, Քրիստոսը Պիղատոսի առաջ, Խաչելությունը, Սուրբ կանայք գերեզմանի մոտ, Քրիստոսը դժոխքում, Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն, Սուրբ Կույսի ննջումը։ Հին կտակարանից կա մեկ թեմատիկ շարք՝ նվիրված Ադամի և Եվայի ամբողջ պատմությանը։

Ա․ վ-ի Ս․ Խաչ եկեղեցու որմնանկարներն առնչվում են վաղ միջնադարյան հայկ․ արվեստի հետ (Արուճի Ս․ Գրիգոր եկեղեցի, Լմբատավանք), նաև՝ X–XI դդ․ գեղ․ նոր ուղղությանը։ Եկեղեցին արվեստների՝ ճարտ-յան, քանդակագործության և նկարչության համադրության փայլուն օրինակ է և եզակի՝ միջնադարյան հայկ․ մշակույթում։ Նրա պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկ․ քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա։

Ա․ վ․ նշանակալի դեր է ունեցել հայ մատենագրության ու գրչության զարգացման գործում։ Վանքում X դ․ կազմավորվել և XII դարից ծաղկել է Աղթամարի գրչության կենտրոնը, որը վերելք է ապրել հատկապես Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսի (1296–1336) օրոք։ Գրիչ Դանիել Աղթամարցին Ստեփանոս արք․ Օրբելյանի խորհրդով ընդօրինակել է Թովմա Արծրունու Պատմությունը