Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 (1303), իսկ 1330-ական թթ․՝ Անանուն մատենագրի գրած այդ պատմության հավելվածը։ Դանիելի սերունդները շուրջ երկու դար զբաղվել են գրչությամբ․ նրանց շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր։ Աղթամարի գրչության կենտրոնի նշանավոր մանրանկարիչներից է Զաքարիա ծաղկողը (XIV դ․ վերջ – XV դ․ սկիզբ), գրիչներից՝ Թովմա Մինասենցը (XV դ․), Ներսես և Ստեփանոս Դ Տղա կաթողիկոս եղբայրները (XV դ․), Գրիգորիս Աղթամարցի (Մեծ) կաթողիկոսը (XVI դ․) և ուր․։ Կենտրոնը մեծ հռչակ է ունեցել․ այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի համալսարանից ու Հերմոնի վանքից։ Մեզ են հասել այստեղ ընդօրինակված պատմ․ և գեղ․ երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագրեր։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․4, 1–3-րդ պատկերները։

Գրկ․ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1999։ Լալայան Ե․, Վասպուրական․ նշանավոր վանքեր, Թ․, 1912։ Տեր-Ներսեսյան Ս․, Հայ արվեստը միջնադարում, Ե․, 1975։ Մնացականյան Ստ․, Աղթամար, Ե․, 1983։ Орбели И. А, Избранные труды, т.1, М.,1968; Der Nersessian S․, Vahramian H․, Aght’amar, Milano, 1974 (Documenti di architettura armena, 8); Thierry J․ M․, Monuments arméniens du Vaspurakan, P․, 1989․

Մուրադ Հասրաթյան

Արտաշես Մաթևոսյան


ԱՂՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարյան հայ մատենագրության տեսակ․ սկիզբ է առել V դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել քրիստ․ վարդապետության և Ս․ Գրքի վրա, կանոնացվել Հայ եկեղեցու կողմից։ Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ։ Այն զարգացրել են Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուր․։ Ա․ մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղ․ անցյալի, ազատագր․ ու հայրենասիր․ ձըգտումների, աշխարհընկալման, աստվածաբան․ և փիլ․ մտքի վերաբերյալ։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղ․ գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով։ V դարից մեծ թափ է ստացել նաև հայ թարգման․ Ա․։ Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու ս․ հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուր․) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիս․ և աղոթքների ժողովածուներում։

Գրկ․ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 626–635։ Աղոթագիրք, Ե․, 1992։


ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն,«խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց։ Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը․«Աղոթք բառը երկվանկանի է․ առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ։ Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»(Մատենադարան, ձեռ․ դ 2173, թ․ 391ա)։ Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել։ Ա․, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին։ Քրիստ․ հավատի համաձայն, Ս․ Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է Ա-ի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը․«Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին․ որովհետև մենք աղոթում ենք․․․»(Հռոմ․ 8․26)։

Ս․ Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ Ա-ները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ․ 26․36–46, Մարկ․ 14․32–42, Ղուկ․ 22․39–46) որոշ մասերը։ Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ․ 17․1–26)։ Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս․ 2․2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ․ 18․1, 21․36, Եփես․ 6․16) և անդադար (Ա Թեսաղ․ 5․17)։ Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող Ա-ները (Մատթ․ 6․5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ․ 6․6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ․ 6․7)։

Ըստ եկեղեցու ս․ հայրերի ուսուցումների, Ա․ մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն