Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 կողոպտել է Ա․ վ․ և ավարի առել ս․ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ։ 1387-ին Ա․ վ․ ավերվել է Լենկթեմուրի արշավանքից։ Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոն․ և մշակութ․ կենտրոն։ XV–XVI դդ․ այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ․ 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է Վարանդայի եպիսկոպոս․ կենտրոն Ա․ վ․ և նրա միաբանության համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում 1667–76-ին կառուցել Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի։ XIX դ․ 2-րդ քառորդին Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ա․ վ-ի համալիրը, որն ուներ XVII դ․ կառուցված բավական ուժեղ պաշտպան․ համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47-ին եղել ռուս-պարսկ․ սահմանի մաքսատունը։ 1848-ին Ա․ վ․ ցար․ իշխանությունից հետ է վերցրել Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը։ Խարխլված եկեղեցու տեղում 1858-ին շուշեցիների նյութ․ օժանդակությամբ կառուցվել է նորը, իսկ այնտեղ դրված Գրիգորիսի տապանաքարը 1898-ին պատրաստել է շուշեցի ճարտ․ Միքայել Տեր-Իսրայելյանցը։ XIX դ․ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Լքվելով և ամայանալով XX դ․, Ա․ վ․ 1992-ին վերաբացվել է որպես Արցախի թեմի գործող վանք։

Հարթ տեղանքում կառուցված վանքն ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ)՝ չորս անկյուններում շրջանաձև բուրգերով ուժեղացված, հրակնատներով բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինությունները։ Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արլ-ը տնտ․ նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները)։ Արմ․՝ ավելի ընդարձակ բակի կենտրոնում բարձրանում է Ս․ Գրիգորիս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը։ Եկեղեցու բեմի տակ պահպանվել է ս․ Գրիգորիսի մատուռ-դամբարանը՝ արլ-ից արմ․ ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճը, որն արլ-ում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք։ Նախամուտքերի արլ․ պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ։ Գրիգորիսի դամբարանն ունի նույն հորինվածքը, ինչպիսին ունեն Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ․ դամբարանները, և կարևոր է Հայաստանում հուշակոթողային ճարտ-յան այդ կառուցվածքների ստեղծման և զարգացման պատմության ուսումնասիրման համար։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․5, 2-րդ պատկերը։

Գրկ․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1997։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։ Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե․, 1983։ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Լալայան Ե․, Վարանդա, ԱՀ, գիրք 2, Թ․, 1897։ Հասրաթյան Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1975, դ 10։

Մուրադ Հասրաթյան


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետ․ կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Ս․ Վարդան եկեղեցի։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով (1927) ԱՄՆ-ի արմ․ նահանգներն ընդգրկվել են նոր՝ Արմ․ թեմի մեջ, իսկ արլ․, հվ․, հվ-արմ․ և կենտր․ նահանգները մնացել Արլ․ թեմի իրավասության ներքո։ Կենտրոնը մնացել է Նյու Յորքը։ Այժմ (2001) ԱՄՆ Ա․ թ․ ընդգրկում է ԱՄՆ-ի 21 նահանգների 64 եկեղեց․ համայնքներ։ Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ի առաջին հայկ․ եկեղեցին՝ Ս․ Փրկիչը, որը կառուցվել է 1891-ին, Ուստրում։

1902-ին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է «ի գործադրություն հայ ժողովրդեան Ամերիկայի» սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արլ․ թեմ) Հայաստանյայց եկեղեցու։

1898-ից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ։ Առաջինը Հովսեփ արք․ Սարաճյանն էր, 1939–44-ին՝ Գարեգին արք․ Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966–90-ին՝ Թորգոմ արք․ Մանուկյանը (այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք)։