(1571), Դավիթ Թ (1573), Փիլիպպոս Տումեցի (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Հովհաննես Ը, որդի Մեյրամբեկի (1574–1586), Դավիթ (1584), Աթանաս (1585), Շմավոն Բ (1586–1611), Արիստակես Գ Քոլատակցի (1588), Մելքիսեթ Արաշեցի (1593), Սիմեոն Գ (1616), Պետրոս Խանձկեցի (1653–1675), Սիմեոն Դ Խոտորաշենցի (1675–1701), Երեմիա Բ Հասան-Ջալալյանց (1676–1700), Եսայի Հասան-Ջալալյանց (1702–1728), Ներսես Ե, հակաթոռ (1706–1736), Իսրայել (1728–1763), Ներսես (1763), Հովհաննես Ժ Գանձասարեցի (1763–1786), Սիմեոն Ե Խոտորաշենցի (1794–1810), Սարգիս Բ (1810–1815, 1815–1828-ին՝ մետրոպոլիտ)։
Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե․, 1983։ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Շահխաթունյանց Հ․, Ստորագրութիւն Կաթուղիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ․ 2, Էջմիածին, 1842։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1–2, ԿՊ, 1912–14։
Հենրիկ Սվազյան
ԱՂՎԵՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ, կանոնադիր ժողով․ գումարվել է V դարի վերջին կամ VI դարի սկզբին, Աղվանից արքա Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ․ վերջ – 510) նախաձեռնությամբ, Պարտավից արևմուտք ընկած թագավորական ամառանոց Աղվենում։ Իր բնույթով ժողովն աշխարհիկ-եկեղեցական էր, մասնակցել են 18 հոգևորականներ (արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, երեցներ), ինչպես նաև Արցախի և Ուտիքի ավագանին, իշխաններ, ազատներ։ Հրավիրման դրդապատճառը, ինչպես ասված է ընդունված կանոնների Առաջաբանում, բազմաթիվ հակառակություններն էին աշխարհականների և հոգևորականների, ազատների և շինականների միջև, նպատակը՝ ներգործության իրավական միջոցներով դրանք հարթելը։ Ժողովն ընդունել է 21 կանոն, որոնք հայտնի են որպես «Վաչագան Աղվանից արքայի կանոնախումբ» կամ «Սահմանադրություն կանոնական Վաչագան Աղվանից արքայի»։ Ա․ ե․ ժ-ի կանոնախումբը վաղ միջնադարի հայկ․ եկեղեց․ իրավունքի կարևոր հուշարձաններից է։ Հիշատակվում է «Կանոնագիրք Հայոց»-ում և Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» մեջ։ Կանոնները չափազանց մերձ են Աշտիշատի 356-ի ժողովի (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ) սահմանումներին։ Դրանցից հետևում է, որ մինչ այդ ազատներն իրենց դաստակերտներից վտարում էին երեցներին, նոր երեցներ կարգում, եկեղեցիներում սեղան կանգնեցնում, նշխարներ տեղադրում, Պատարագ մատուցում առանց եպիսկոպոսի հետ համաձայնեցնելու՝ յուրացնելով վերջինիս իշխանությունը (կանոն Ի, ԻԱ), կիրակի օրերին իրենց ծառաների հետ եկեղեցի չէին գնում (կանոն ԺԹ), հանգուցյալի հոգեբաժինը չէին հանձնում եկեղեցուն (կանոն Գ), հանգուցյալի հիշատակին նվիրված Պատարագ չէին կատարում (կանոն Ե), շարունակում էին ապրել հեթանոսաբար․ ամուսնանում էին մերձավոր ազգականների հետ, կին առնում առանց պսակի և օրհնության, առանց հիմնավոր պատճառի կնոջից ամուսնալուծվում (կանոն Ժ, ԺԱ) ևն։ Ժողովը նվազեցրել է աշխարհականներից գանձվող պտղի և տասանորդ կոչվող հարկերը։ Նրանց համար սահմանվել են նաև հոգևոր բնույթի մի շարք պարտավորիչ կանոններ․ արգելվել են քրիստ․ գաղափարներին հակասող հեթանոս․ կենցաղավարության առանձին երեվույթներ, հետապնդվել հոգևորականների դատապարտելի վարքը (օր․, միմյանց վրա մեղք բարդելը, վանքի հասույթները հափշտակելը ևն)։
Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե․, 1983։ Բարխուդարյան Մ․, Պատմութիւն Աղուանից, հ․ 1, Վաղ-պատ, 1902։ Հովհաննիսյան Ս․, Աղվենի սահմանադիր ժողովի կանոնները և նրանց աղերսը Աշտիշատի կանոնների հետ, ՊԲՀ, 1967, դ 4։ Ակինյան Ն․, Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վնն․, 1970։ Կանոնագիրք Հայոց, աշխատասիր․ Վ․ Հակոբյանի, հ․ 2, Ե․, 1971, էջ 91–100։
ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Ա․ վ-ի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ․ սկզբին։ Եկեղեցու արլ․ կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելիս 338-ին նահատակված Գրիգորիսը։ V դ․ սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ա․ վ-ում բացել է Արցախի առաջին դպրոցը։ 489-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանի տեղը, վրան մատուռ է կառուցել՝ միաժամանակ ավարտելով եկեղեցու կառուցումը։ V դարից Ա․ վ․ դարձել է երկրամասի խոշոր կրոն․ կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821-ին վանքն ասպատակել են արաբները։ Ստեփանոս արք․ Օրբելյանը հավաստում է, որ 1293-ին թաթար Բայտու (Բաթու) խանը