Գրկ․Չամչյանց Մ․,Պատմութիւն Հայոց,հ․3,Վնտ․,1786։ Ակինյան Ն․,Բաղեշի դպրոցը 1500–1700,Վնն․,1952։Անասյան Հ․,Հայկական մատենագիտություն, հ․1,Ե․,1959։ Օրմանյան Մ․,Ազգապատում,հ․2,ԿՊ,1914։ Պավել Չոբանյան
ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ [ծ․ թ․ անհտ, ք․ Կանդիա (Կրետե կղզում) – 18․4․1737], Ամենայն հայոց կաթողիկոս 1734-ից, պատմագիր։ Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն։ Եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–34-ին՝ Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Ա․ Գ Կ-ու օրոք Անդրկովկասի քաղ․ դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Ա․ Գ Կ․, շահելով խանի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոս․ աթոռի կալվածատիր․ իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի։ Ա․ Գ Կ-ու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։ Ա․ Գ Կ-ու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից» (1 հրտ․, Կալկաթա, 1796, թրգմ․ նաև ֆրանս․) աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–36), բաղկացած է 53 գլխից, որտեղ մանրամասնորեն նկարագրված են իր կաթողիկոսության ժամանակի և Նադիր շահի իշխանության առաջին տարիների իրադարձությունները։ Ա․ Գ Կ-ու պատմագր․ երկերից են «Հիշատակարանը» («Ծոցի տետրակ») և Անի քաղաքի պատմությունը։ Հայտնի են նրա մի քանի կոնդակները։ Կաթողիկոս․ գահին Ա․ Գ Կ-ուն հաջորդել է Ղազար Ա Ջահկեցին։ Գրկ․ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։
ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Աբրահամ Զենակացի (ծ․ և մ․ թթ․ անհտ), V դարի մատենագիր, ս․ Ղևոնդյանց աշակերտներից, վկա։ Ծնվել է Տայք նահանգի Զենակս գյուղում։ Վկայաբանություններում հիշատակվում է մեկ այլ վկայի՝ Խորեն Խոստովանողի հետ միասին։ Եղիշեն գրել է նրանց ընդարձակ վկայաբանությունը և զետեղել իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկում։ Հայսմավուրքներում հիշատակվում է նրանց վկայաբանության համառոտությունը՝ մի քանի խմբագրություններով։ Ղազար Փարպեցին նրանց մասին մանրամասն տեղեկություններ է տալիս իր Պատմության մեջ (ԾԳ և ԾԸ գլուխներ)։ Ըստ Փարպեցու, Ա. Խ․ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Պարսկաստան աքսորված հայ նախարարներին ու հոգևորականներին։ 454-ին, Ապար աշխարհում Ղևոնդյանց նահատակությունից հետո, Պարսից արքայի հրամանով կտրել են Ա․ Խ-ի ու Խորեն Խոստովանողի ականջները և աքսորել Ասորիք։ Այստեղ, երկար տարիներ մնալով արքունի ծառայության մեջ, նրանք միաժամանակ ողորմություն են հավաքել և ամեն տարի օգնություն տարել Ապար աշխարհում գերեվարված հայ նախարարներին։ Խորեն Խոստովանողը 461-ին մահացել է աքսորավայրում, իսկ Ա․ Խ․ 463-ին վերադարձել է Հայաստան, որտեղ Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը (461–478) նրան ձեռնադրել է Բզնունիք գավառի եպիսկոպոս։ Ա․ Խ․ ասոր-ից հայերեն է թարգմանել Մարութա Նփրկերտցու «Վկայք Արևելից» վկայաբան․ պատմությունը, որի մի մասն է հասել մեզ։ IX–X դդ․ պատմագիր Թովմա Արծրունին հիշատակում է Ա․ Խ-ի՝ Վարդանանց պատերազմի մասին մեզ չհասած աշխատությունը, որից օգտվել է իր Պատմության Բ դպրության Ա գլուխը կազմելիս։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ․, 1897, էջ 295–296։ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901, մաս 1, էջ 45։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Տեր-Պետրոսյան Լ․, Աբրահամ Խոստովանողը և նրա «Վկայք Արևելիցը», Ե․, 1976։
Արտաշես Ղազարյան
ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ, Աբրահամ Մամիկոնյան (ծ․ և մ․ թթ․ անհտ), VI դարի մատենագիր, Տարոնի առաջնորդ, Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս։ Կենսագր․ տվյալներ չեն պահպանվել։ Ստորագրել է որպես աթոռակից Հովհաննես Բ Գաբեղենցի (557–574) կաթողիկոսի՝ Սյունյաց և Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ («Գիրք թղթոց», էջ 78–84)։ Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից»