Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Թեմի տարածքում գործող հին հայկ․ եկեղեցիներից են Ս․ Պողոսը (Ֆրեզնո, հիմն․ 1900), Ս․ Գրիգոր Լուսավորիչը (Ֆաուլեր՝ 1910-ին), Ս․ Աստվածածինը (Կոստա-Մեսա՝ 1911-ին), Ս․ Հովհաննեսը (Սան Ֆրանցիսկո, 1924-ին), Ս․ Վարդանը (Օկլենդ՝ 1926-ին) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում։

ԱՄՆ Ա․ թ-ի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտր․ խորհուրդները՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ։ 1987-ին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը օգտագործվում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոն․ և կրթ․ դաստիարակության համար։ Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ։ Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել մի շարք հոգևոր հովիվների, հատկապես՝ Երուսաղեմից և Հայաստանից։ 1999-ին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր։ Նրանց մի մասը հոգևոր կրթություն է ստացել Նյու Յորքում Տիրան արք․ Ներսոյանի հիմնած Ս․ Ներսես ընծայարանում, որը շարունակում է նոր սպասավորներ պատրաստել եկեղեցու համար։ ԱՄՆ Ա․ թ․ իր գործուն բաժինն ունի Ս․ Ներսես ընծայարանի հոգևոր առաքելության մեջ։

Լոս Անջելեսում կան 15 ամենօրյա հայկ․ վարժարաններ։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում են Ալֆրեդ և Մարգրիթ Հովսեփյան ամենօրյա հայկ․ վարժարանը (Փասադենայի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից), ՀԲԸՄ Մարի Մանուկյան նախակրթ․ և ՀԲԸՄ Սարգիս և Սեդա Դեմիրճյան երկրորդ․ վարժարանները (Քանոգա Փարք), Թեքեյան մշակութ․ միության Արշակ Տիգրանյան վարժարանը (Հոլիվուդ)։ Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի կիրակնօրյա և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարաններ։

1979-ից լույս է տեսնում ԱՄՆ Ա․ թ-ի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլ․ բաժիններով։

ԱՄՆ Ա․ թ․ զգալի նյութ․ օգնություն է ցույց տվել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին։ Ստեփանավան քաղաքում թեմի նյութ․ օժանդակությամբ կառուցվել է 750 աշակերտի համար վարժարան՝ անհրաժեշտ հարմարություններով։

ԱՄՆ Ա․ թ-ի առաջնորդն է Վաչե արք․ Հովսեփյանը (1971-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․5, 4-րդ պատկերը։

Գրկ․ Ավագյան Ք․, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ․), Ե․, 2000։ The Torch was Passed․ The Centennial History of the Armenian Church of America, N․ Y․, 1998․

Աննա Ռ․ Մովսեսյան (ԱՄՆ)


ԱՄՐԴՈԼՈՒ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բաղեշ (Բիթլիս) քաղաքի հարավային ծայրամասում։ Ըստ ավանդության՝ անվանումը ստացել է վանքը նորոգած եղբայրներ Ամիրի և Դոլուի անուններից։ Ունեցել է երեք եկեղեցի՝ Ս․ Աստվածածին, Ս․ Հովհաննես, Ս․ Ստեփանոս։ Համալիրի մեջ են մտել նաև մի քանի օժանդակ շինություններ։ Հիմնադրման ժամանակն անորոշ է։ XIV դարից հիշվել են հայ եպիսկոպոսներ։ XV դարից եղել է գրչության խոշոր կենտրոն։ Նույն դարում Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը Ա․ վ-ում հիմնել է հոգևոր դպրոց։ Դասավանդել են կրոնագիտություն, աստվածաբանություն և տրամաբանություն։ Կրթական գործը շարունակել են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնեցին։ Բարսեղ Աղբակեցին վերծանել է վանքի մատենադարանի իմաստասիր․ գրքերը, ընդարձակել դասատունը, բարեփոխել ուս․ ծրագրերը, դասավանդվող առարկաներին ավելացրել իմաստասիրությունը, ճարտասանությունը, քերականությունը։ Դպրոցը մեծ համբավ է ձեռք բերել Ներսես Մոկացու ժամանակ։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր մասերից։ Ա․ վ․ ծաղկում է ապրել հատկապես XVII դ․ պատմիչ-գիտնական Վարդան վրդ․ Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում։ Նրա օրոք սկսել են դասավանդել նաև հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի։