Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Վարդան Բաղիշեցու վախճանվելուց հետո (1704) Ա․ վ-ի դպրոցը չի գործել։ Վանքում բարձր մակարդակի է հասել գրչության արվեստը, ձեռք են բերվել հին ձեռագրեր, որոնք նորոգվել են։ Այդտեղ են ընդօրինակվել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց երկերը։ Մեծ հռչակ է վայելել Ա․ վ-ի մեծարժեք մատենադարանը։ Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած վանքի գրացուցակը։ Ա․ վ-ի նշանավոր սաներից են Կ․ Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և այլք։ Ա․ վ-ի եկեղեցում են ամփոփվել Բարսեղ վարդապետը, Վարդան վրդ․ Բաղիշեցին և այլ նվիրյալներ։ Ա․ վ․ ավերվել և ամայացել է 1915-ին․ ձեռագրերի մի մասը և ունեցվածքը կողոպտել են թուրքերը։

Գրկ․ Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վնն․, 1952։


ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏՅԱՌՆ ՄԵՐՈ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, տես Վարդավառ։


ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) Գաբրիել Կոստանդինի (Գևորգի) (10․5․1812, Թեոդոսիա – 8․4․1880, Թիֆլիս), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ Հ․ Այվազովսկու եղբայրը։ Նախն․ կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկ․ ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկ․ դպրատանը։ 1826-ին ուղարկվել է Ս․ Ղազար (Վենետիկ), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1843-ին հիմնադրել և մինչև 1848-ը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «Բազմավեպը»։ 1848–56-ին՝ Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին նորից դարձել է դեպի Հայ առաքելական եկեղեցի, Փարիզում Ս․ Թեոդորյան և Ա․ Գալֆայան վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել Հայկազյան վարժարանը, 1856–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը Քիշնևից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուս․ կառավարության բարոյական և նյութ․ աջակցությամբ և մեծահարուստ Հ․ Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858–65-ին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը) «Մասյաց աղավնին»։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրավերով Ա․ կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874–76) և Վիրահայոց թեմի առաջնորդ (1876–80)։

Պատմաբանասիր․ և թարգման․ բնույթի աշխատություններից բացի հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս եւ Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն (1877) ևն»։

Ա-ու հոգևոր-եկեղեց․ գործունեությունը բնորոշվել է հաս-ազգ․ աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր Ա․ պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Ա-ու հաս․, մանկավարժ․ և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգ․ ոգով կրթելը, նրան ազգ․ եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Ա-ու՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգ․ դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։

Ա-ու ազգ-եկեղեց․ և մշակութ-կրթ․ գործունեությունը, ինչպես նաև ռուս․ կողմնորոշումը