Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը․ առիթը դեռևս Լազարյանների՝ կաթողիկոսության համար Ա-ու թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեց․ գումարները ուս․ նպատակներով օգտագործելու, Հ․ Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Ա-ու հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։

Երկ․ Համառօտ պատմութիւն ռուսաց, Վնտ․, 1836։ Պատմութիւն օսմանեան պետութեան, հ․ 1, 2, Վնտ․, 1841։ Ուրուագիծ ոգւոյ եւ ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ, Փարիզ, 1857։ Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս, Թեոդոսիա, 1869։ Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք և օտարք, ԿՊ, 1874։

Գրկ․ Նալբանդյան Մ․, Երկու տող, ԵԼԺ, հ․ 4, Ե․, 1983։ Կարինյան Ա․, Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ․ 2, Ե․, 1960։ Հովհաննիսյան Ա․, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ․ 1, Ե․, 1955։ Միքայելյան Վ․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե․, 1970։

Վարդգես Միքայելյան


ԱՅՐԻՎԱՆՔ, տես Գեղարդավանք։


ԱՆԱՆԻԱ Ա ՄՈԿԱՑԻ [ծ․ թ․ անհտ, գ․ Փաս (Մոկք նահանգում) – մոտ 968], Ամենայն հայոց կաթողիկոս 946-ից։ Հաջորդել է Եղիշե Ա Ռշտունուն։ Նախն․ կրթությունն ստացել է Աղթամարի և Վարագա վանքերում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ։ Ա․ Ա Մ-ու գահակալման սկզբնաշրջանում խիստ սրվել են Սյունյաց և Աղվանից եկեղեցիների հետ Հայոց կաթողիկոսի հարաբերությունները։ Օգտվելով Հայոց կաթողիկոսանիստը Աղթամարում՝ Արծրունիների թագավորությունում գտնվելու հանգամանքից՝ Սյունյաց եպիսկոպոսները և Աղվանից կաթողիկոսը ձգտել են անջատվել Մայր աթոռից՝ սպառնալով Հայ եկեղեցու միասնությանը։ Նրանց անջատող․ նկրտումներին հակահարված տալու նպատակադրումով 949-ին Ա․ Ա Մ․ Աղթամարից ժամանել է Բագրատունիների թագավորության Կարս մայրաքաղաք՝ Աբաս թագավորի մոտ, և քայլեր ձեռնարկել Սյունյաց և Աղվանից եկեղեցիները Հայոց Մայր աթոռի հետ միաբանելու համար։ Այդ նպատակով Ա․ Ա Մ․ կաթողիկոս․ աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք (տես Արգինայի կաթողիկոսարան)՝ սկիզբ դնելով վերջինիս վանքի համալիրի շինարարությանը։ Ա․ Ա Մ․ մեկնել է Սյունիք և Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին։ Սակայն վերջիններս տեղացի իշխանների զորակցությամբ շուրջ ինը տարի շարունակել են ըմբոստանալ Ա․ Ա Մ-ու դեմ՝ քամահրելով նրա հորդորները։ 958-ին Ա․ Ա Մ․ վերստին ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել Դավիթ կաթողիկոսին (958–965)։ Ա․ Ա Մ-ու օրոք Հայաստանում լայնածավալ դավանաբան․ շարժում է ծավալվել Բյուզ․ կայսրության, քաղկեդոն․ եկեղեցու դեմ։ Այդ ընթացքում Հայ եկեղեցին և Բագրատունիների թագավորությունը գործել են համադաշն։ Քաղկեդոն․ կայսերականացված եկեղեցու դեմ անզիջում պայքարի դրսևորումներից մեկը 960-ական թթ․ Ա․ Ա Մ-ու հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոն․ ծեսով մկրտվածներին։ Ա․ Ա Մ-ու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ։ Ա․ Ա Մ․ Անիում կայացած ժողովում Բագրատունյաց Հայաստանի բոլոր իշխանների խնդրանքով օծել է Աշոտ Գ Ողորմած թագավորին։ 950-ական թթ․ Ա․ Ա Մ․ Վասպուրականի Անձևացիք գավառի Խոսրով եպիսկոպոսին հորդորել է հրաժարվել աղանդամետ քայլերից, բայց մերժում ստանալով՝ 954-ին բանադրանքի է ենթարկել նրան և դատապարտել հատուկ թղթով։ Ա․ Ա Մ-ու պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացին գրել է.«Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» երկերը։ Ա․ Ա Մ-ու եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությունը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղ․ կացության կայունացմանը։ Ա․ Ա Մ-ու հեղինակած բազմաթիվ թղթերից պահպանվել են միայն չորսը («Արարատ», 1896–97), որտեղ տեղ են գտել ժամանակի ներեկեղեց․ կյանքին, ինչպես նաև Հայաստանի, Աղվանքի ներքին հարաբերություններին առնչվող արժեքավոր վկայություններ։ Ստեփանոս արք․ Օրբելյանի հավաստմամբ՝ Ա․ Ա Մ․ կազմել է «Հաւատո նամակ» վերտառությամբ թղթերի ժողովածու (չի պահպանվել)։