Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրերն արտացոլում են դրանց բովանդակությունը («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն Մեծի Հինգշաբթին», «Առ ապականացու ասողան է զմարմինն Տեառն», «Վասն պատկերապաշտից», «Վասն բաժանմանն Վրաց» ևն)։ Երկը աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտ․ նշանակություն։ Արժեքավոր են հատկապես Անանիա Նարեկացու «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջական բնագրերը մեզ չեն հասել։ Պետրոս Ա Գետադարձի պատվերով 1055-ին Ա․ Ս․ շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորքետասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), որտեղ հեղինակն օգտվել է Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց համաբնույթ աշխատություններից։ Մեկնաբանական մյուս երկերը՝ «Մեկնութիւն Մատթէի» և «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», հեղինակը գրել է Դիոսկորոս Սանահնեցու պատվերով։ Ա․ Ս-ու այս երկերը հետագայում իբրև դասագիրք կիրառվել են վանական դըպրոցներում և վարդապետարաններում։

Ա․ Ս․ գրել է նաև ճառագրական և ներբողական գործեր («Յաղագս Յովհաննու Մկըրտչի», «Ի խաչելութիւն Պետրոսի», «Ներբողեան ասացեալ ի սուրբ Կաթողիկէ եկեղեցի»)։ Հեղինակ է նաև տոմարական մի աշխատության, որի մի հատված պահպանվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» դավանաբան․ աշխատության մեջ։

Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Հաղբատ և Սանահին վանքերը (967–1300), «Արարատ», 1901, էջ 271–277, 338–344։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։ Քյոսեյան Հ․, Աստվածաբանական բնագրեր, Ուսումնասիրություններ, 1, Անանիա Սանահնեցի, Ս․ Էջմիածին, 2000։ Conybeare F․ C․, A Catalogue of the Armenian Manuscripts in the British Museum, L․, 1913, p․ 339. Հակոբ Քյոսեյան

ԱՆԱՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Հիսուս Քրիստոսի մարմնի անապականության վերաբերյալ վարդապետություն։ Ա-յան վարդապետությունն արդյունք էր եկեղեցու քրիստոսաբան․ մտքի հետևողական զարգացման։ Ներկայումս պահպանված է միայն Հայ եկեղեցու քրիստոսաբան․ համակարգում։ Կարևոր աղբյուրներ են «Կնիք հավատո» և «Գիրք թղթոց» ժողովածուները, Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրովիկ Թարգմանչի, Անանիա Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Սասնեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց աշխատությունները, որոնցից առանձնացնելի է Հովհաննես Սարկավագի «Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն։

Ա-յան խնդիրը ծագել է Անտիոքի պատրիարք Սևերիոս Անտիոքացու և Հալիկառնասի եպիսկոպոս Հուլիանոս Հալիկառնասցու՝ Տիրոջ մարմնի Ա-յան շուրջ նշանավոր հակաճառությունից, երբ 518-ին երկուսն էլ աքսորվել էին Ալեքսանդրիա։ «Ապականություն» և «անապականություն» եզրերը սույն հակաճառության մեջ գործածվել են ոչ թե մարմնի քայքայման կամ ոչ քայքայման իմաստով, այլ՝ Քրիստոսի մարդկային կիրընդունակության (կրքեր կրելու հանձնառություն) կամովի կամ ակամա լինելու իմաստով, այսինքն՝ որքանով են Քրիստոսին բնորոշ մարդկային կրքերը, եթե խոստովանում ենք, որ Քրիստոսն ամեն ինչով նման է մեզ՝ բացի մեղքից։ Քրիստոսի մարմնի կիրընդունակության մասին խոսելիս նկատի են առնվում բացառապես անմեղ կրքերը՝ տխրություն, երկյուղ, սով, ծարավ ևն, որոնք դիտարկվում են որպես մեղքի անկման հետևանքային վիճակներ։

Սևերիոս Անտիոքացին պնդում էր, որ Քրիստոսը բոլոր մարմն․ կրքերը կրում էր հարկադրաբար (ակամա, ստիպված, անհրաժեշտորեն)՝ սովորական մարդկանց պես։ Հակառակ դեպքում նրան թվում էր, թե Քրիստոսն իսկապես մարդացած չէր լինի։ Նա ասում էր, որ Քրիստոսի մարմինն ապականացու է բոլոր մարդկանց մարմինների նման։ Սևերիոս Անտիոքացու «ապականության» ուսմունքը կտրականապես մերժել է Հայ եկեղեցին։ Սակայն Տիրոջ մարմնի Ա-յան վարդապետությունը Սևերիոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնասցու հակաճառությամբ ծագած մի նորաստեղծ երևույթ չէր աստվածաբան․ մտքի պատմության մեջ, այլ՝ եկեղեցու տիեզերական հայրերի գրվածքներում բյուրեղացած դավան․ ուսմունք։ Հայ եկեղեցու հայրերը և վարդապետները սոսկ շարունակել, զարգացրել են այն, ինչ ավանդված է եղել Աթանաս Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու (Աստվածաբան) և ուրիշների կողմից։ Դրա լավագույն վկայություններից է «Կնիք հավատո» ժողովածուի ստեղծումը,