Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



ԱՆԱՊԱՏ, հասարակությունից և բնակավայրերից մեկուսացած քրիստոնյա ճգնավորների մենաստան։ Առաջին Ա-ները ստեղծվել են III դ․, Եգիպտոսում և տարածվել այլ երկրներում, վաղ միջնադարում՝ նաև Հայաստանում։ Ներսես Ա Մեծ կաթողիկոսը IV դ․ Հայաստանի անապատականներին հավաքել է առանձին համալիրներում՝ օժտելով այդ Ա-ները հատուկ կանոնադրությամբ, որը նպաստել է երկրում անապատական տարերային շարժումը կազմակերպված, ազգօգուտ և եկեղեցաշեն հաստատությունների վերածելուն։ Այս Ա-ների հիմքի վրա զարգացել են հայկ․ վանքերը, որոնք միջնադարյան Հայաստանում ոչ միայն զորացրել են քրիստ․ հավատքը, այլև դարձել հայ մշակույթի զարգացման ու պահպանման կենտրոններ։ Անապատ․ շարժումը Հայաստանում մեծ վերելք է ապրել XVII դ․ 1-ին կեսին, երբ Սյունյաց Մեծ անապատից ելած գործիչները երկրի տարբեր նահանգներում ստեղծել են բազմաթիվ նոր Ա-ներ․ Վասպուրականում՝ Լիմ անապատը, Կտուց անապատը, Արցախում՝ Չարեքա անապատը, Սյունիքում՝ Տանձափարախը և Տաթևի Մեծ անապատը, Այրարատում՝ Երևանի Ս․ Անանիա առաքյալ անապատը ևն։ Ա-ի համալիրը շրջապատող պարսպի պարագծով կից կառուցում էին խցերը և տնտ․ շինությունները, իսկ բակի մեջտեղում տեղադրվում էր Ա-ի միակ եկեղեցին։ Հայաստանի Ա-ները երբեք չեն եղել զուտ ճգնավոր․ (տես Ճգնավորություն) հաստատություններ, դրանք հայ մշակույթի զարգացման կենտրոններ էին, իսկ անապատականները դարձել են նաև բարոյական մաքրության տիպարներ ու ազգ-եկեղեց․ առաջնորդներ (տես նաև Անապատականություն

Եղիշե ավ․ քհն․ Սարգսյան


ԱՆԱՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնյա ուխտյալ միայնակյացների շարժում։ Ժամանակի ընթացքում նշանակել է նաև կենսաձև։ Անապատականները ճգնել են ամայի, անմարդ վայրերում՝ ապաշխարելու, մաքրագործվելու և Աստծո հետ Սուրբ Հոգով հաղորդակցության մեջ մտնելու նպատակով։ Ձգտել են ներհայեցողաբար ընդդիմանալ հասարակության մեջ առկա մերժելի երևույթներին։ Ա․ սերտորեն առնչվում է ճգնավորության հետ։ Իր բուն էությամբ անխզելիորեն կապված է Եղիա մարգարեի և Հովհաննես Մկրտչի անվան հետ։ Քրիստ․ եկեղեցին նրանց է նկատում իբրև իրենց կոչմանը լիովին համապատասխան, կատարյալ և օրինակելի անապատականներ։

Ա․ նոր ոգով և բովանդակությամբ վերարծարծվել է II–III դդ․։ Առաջնորդվելով Պողոս առաքյալի խոսքով (Կողոս․ 3.1–5)՝ հավատացյալներից առավել ջերմեռանդները հրաժարվել են սեփականությունից, մեկուսացել հասարակությունից, քաշվել անմարդաբնակ վայրեր, որպեսզի կարողանան անարգել իրականացնել առաքյալի պատգամը՝ մեռնել այս աշխարհի համար և իրենց անձը ներամփոփել «Քրիստոսի հետ Աստծու մեջ»։ Նրանցից առաջինը ս․ Պողոս Թեբայիդացին (Ալեքսանդրացի) էր (235–343), որը 97 տարի ապրել է լիակատար մենության մեջ՝ հիմք դնելով միայնական ճգնակեցության։ Հայ եկեղեցին ս․ Պողոս Թեբայիդացու հիշատակը տոնում է դեկտ․ սկզբին՝ «Սրբոց հարցն եգիպտացւոց» տոնին։

Ա-յան մյուս խոշորագույն դեմքը Հայ եկեղեցու կողմից «նախասկիզբն միանձանց» որակված ս․ Անտոն Անապատականն է (251–356), որը, ի տարբերություն ս․ Պողոս Թեբայիդացու, բոլորովին կտրված չի եղել մարդկանցից, ունեցել է աշակերտներ և դրա շնորհիվ անհամեմատ մեծ հռչակ վայելել։ Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է հունվարին։ Նույնքան մեծ հռչակ է վայելել Ա-յան մյուս սյունը՝ ս․ Պախոմիոսը (287–347), որը հիմք է դրել համայնական ճգնակեցության։ Համաձայն «Հարանց վարքի», առավել նշանավոր են եղել Մակար, Տիմոթեոս, Պափնուտիոս, Ոնափրիոս, Պողոս Լուստրացի, Ապաուրա, Ամոն, Աբասիոս, Պելենիոս, Հովհան Գբնեցի, Աբբա Մարկոս, Պողոս Միայնակյաց, Մատրիանոս Կրոնավոր, Սիմեոն Սյունակյաց, Իլարիոն Կրոնավոր, Եփրեմ Խուրի Ասորի, Նեղոս Եգիպտացի, Մարկոս Սալոն (Հիմար), Հովհան Անապատական, Ալեքսիանոս Կամավոր աղքատ, Պարսամ, կանանցից՝ Մարիամ (Մարիանոս), Եփրոսինա, Մարիամ Եգիպտացի անապատականները։

Անապատական կանոնադրության բացակայության հետևանքով սկզբ․ շրջանում Ա-յան կենցաղն ու հոգևոր կյանքն աչքի են ընկել դրսևորումների բազմազանությամբ։ Ըստ ճգնության կերպերի, դրանք մեկտեղվել են հետևյալ խմբերի մեջ․ խոտաճարակներ (բավարարվել են բանջարաճաշակությամբ՝ Մարիամ