Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ձեռ․ № 2080) դավան․ բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Ա․ նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավան․, և՛ ծիսական խնդիրներ։ Հայագիտության նվաճումներից է Ա-ի «Հայկական մատենագիտություն․ Ե–ԺԸ դդ․» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երկու հատորները (1959, 1976)։ Գիրքն ունի աղբյուրագիտ․, բնագրագիտ․, ձեռագրագիտ․, պատմագիտ․, բանասիր․ արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկ․ մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Ա․ գիտականորեն դասակարգել է հայ․ բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմն․ ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։

Մեծ է Ա-ի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբան․ գրակ-յան ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբգրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Ա․ հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։

Երկ․ Հայ պատմա-դավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը․ «Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ», «Էջմիածին», 1972, № 8–9։ Հետազոտական ակնարկներ, Հ․ 1, Վնն․, 1984։ Մանր երկեր, Լոս Անջելես, 1987։

Գրկ․ Հակոբ Սեդրակի Անասյան, Լոս Անջելես, 1984։

Պետրոս Հովհաննիսյան


ԱՆԱՍՏԱՍ Ա ԱԿՈՌԵՑԻ [ծ․ թ․ անհտ, գ․ Ակոռի (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառ) – 667, Ակոռի, ամփոփվել է իր կառուցած եկեղեցու բակում], Ամենայն հայոց կաթողիկոս 661-ից։ Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն։ Եղել է կաթողիկոսի սենեկապետը, վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Ս․ Գրիգոր կաթողիկեի շինարարությունը։ 652–659-ին, երբ կաթողիկոսը մեկուսացել է, վարել է հայրապետ․ ընթացիկ գործերը։

Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցել է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով (1840-ի երկրաշարժից կործանվել է)։ Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարն անշարժ է դարձրել, սակայն, մինչ եպիսկոպոս․ ժողովը կվավերացներ, վախճանվել է։

Կաթողիկոս․ գահին Ա․ Ա Ա-ուն հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցին։


ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կաթոլիկական ուսումնակրթական հաստատություն։ Հիմնադրվել է 1843-ին, Կ․ Պոլսում՝ Սրբուհի Հաջի-Անտոնյանի առաջնորդությամբ։ Պաշտոնապես վավերացվել է 1847-ին՝ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Անտոն Պետրոս Թ-ի (Անտոն արք․ Հասունյան) կոնդակով։ Ստեղծման օրից իր հիմն․ նպատակն է հռչակել հայուհիների կրթությունն ու դաստիարակությունը քրիստ․ և ազգ․ արժեքներով։ Մինչև 1914-ը միաբանությունը Թուրքիայի հայաբնակ վայրերում հիմնել է 30-ից ավելի օրիորդաց դպրոցներ, որբանոցներ, արհեստանոցներ, որոնք փակվել են Մեծ եղեռնի օրերին։