Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 այլք)։ Ա-ի ֆրանս․ թարգմանիչ Վ․ Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ․ և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ա-ի բնագիրը հուն․ գրված լինելու վարկածը։ Հ․ Ա․ Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատել է, որ Ա-ի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։ Իշխում է այն տեսակետը, որ Ա․ հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ․ 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։

Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ․ Սարգիսյանը, Ռ․ Թոմսոնը, Պոլ դը Լագարդը, Ն․ Բյուզանդացին, Թ․ Թոռնյանը, Հ․ Տաշյանը, Գ․ Զարբհանալյանը, Գ․ Խալաթյանցը, Գ․ Տեր-Մկրտչյանը, Մ․ Աբեղյանը, Ն․ Ադոնցը, Կ․ Մելիք-Օհանջանյանը, Ժ․ Գարիտը, Ա․ Տեր-Ղևոնդյանը, Պ․ Մուրադյանը և ուր․։

Ա-ի «Պատմութիւն Հայոցն» ընդգրկում է III դ․ և IV դ․ սկզբի անցքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները։ Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից։ Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին։

Առաջին՝ «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի» մասում Ա․ պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ․ վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին։ Երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Ի տարբերություն Ա-ի բուն պատմության՝ «Վարդապետութիւնը» մեզ է հասել միայն հայերեն բնագրով։ Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել «Վասն հաւատոյ» խորագիրը։ «Վարդապետութիւնը» ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմն․ դրվագներով, աստվածաբան․ հարցերում՝ ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով։ Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս․ Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները։ «Վարդապետութիւնը» կառուցված է քրիստոնեության հիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևով՝ ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին։ Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն։ Վարդապետ․, աստվածաբան․ խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմն․ եղանակ՝ ապացույցը և մեկնությունը։ Հեղինակն աստվածաբան․ այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բացարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը։ Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում։ Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեություններին և հաճախ վկայակոչել դրանք՝ իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման։ «Վարդապետութեան» մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաբար (ավելի հաճախ՝ հարցուպատասխանիի եղանակով), ուստի «Վարդապետութիւնը» կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել։ Մասնագետների կարծիքով՝ Ա․ հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ։ Ըստ Ռ․ Թոմսոնի՝ Ա․ մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» երկից։ Բ․ Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններ «Վարդապետութեան» և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապես՝ Հովհան Ոսկեբերանի գործերի միջև։

Գրքի երրորդ՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասում Ա․ հանգամանորեն պատմում է հին հայկ․ հեթանոս․ տաճարների