Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավերի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին։

Ա․ իր Պատմությունը երկասիրել է քրիստ․ դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից՝ ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգ․ ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը։ Որպես պատմության աղբյուր, այս երկն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը։ Ա․ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմ․ աշխարհագրության, արքունիքի, պետ․ գործակալությունների, զինված ուժերի, նախարար․ կարգի, հայոց հեթանոս․ կրոնի (հատկապես մի շարք կուռքերի ու նրանց տաճարների), երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին։ Ա-ի «Պատմութիւն Հայոցն» ունի նաև գեղ․ արժեք։ Այն միջնադարում թարգմանվել է հուն․, արաբ․, վրաց․, հաբեշ․, լատ․ և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հուն․, ասոր․, արաբ․, լատ․, եթովպ․, վրաց․, ղպտ․ (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։ Առաջին թարգմանությունը հունականն է (ժամանակը բանասերները համարում են VI դ․), որը վճռական նշանակություն է ունեցել Ա-ի երկասիրության տարածման հարցում։ Հուն-ից ամենից ավելի թարգմանվել է արաբերեն, հուն-ից են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները։ Այն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25)։ Ա-ի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալ․, ֆրանս․, գերմ․ և անգլ․։ Աշխարհաբար լիակատար թարգմանությամբ (Ա․ Տեր-Ղևոնդյան) հրատարակվել է 1983-ին, Երևանում։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․1, 1-ին պատկերը։

Երկ․ Պատմութիւն Հայոց, աշխատասիր․ Գ․ Տեր-Մկրտչյանի և Ս․ Կանայանի, Տփղիս, 1909։ Հայոց պատմություն, Ե․, 1983։

Գրկ․ Սարգիսյան Բ․, Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն, Վնտ․, 1890։ Տաշյան Հ․, Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղայ գրոց, Վնն․, 1891։ Զարբհանալյան Գ․, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ․, 1897։ Մառ Ն․, Մկրտութիւն հայոց, վրաց, ափխազաց և ալանաց ի սրբոյն Գրիգորէ, Վաղ-պատ, 1911։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 161–213։ Մելիք-Օհանջանյան Կ․, Ագաթանգեղոսի Պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, «Մառը և հայագիտության հարցերը», [ժող․], Ե․, 1968։ Տեր-Ղեվոնդյան Ա․, Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբ․, բնագիր և ուսումնասիրություն), Ե․, 1968։ Մուրադյան Պ․, Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Ե․, 1982։ Տեր-Պետրոսյան Լ․, Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993։ Gutshmid A․, Agathangelos, Lpz․, 1877; Thomson R․W․, The Teaching of Saint Gregory․ An Early Armenian Catechism․ Translation and Commentary, Camb․, Massachusetts, 1970․


ԱԳԱՊԵ, Ագապ (հուն․ άγάπη – սեր, առաջին անգամ հանդիպում է Աստվածաշնչի հուն․ Յոթանասնից թարգմանության մեջ։ Ի տարբերություն իմաստով համարժեք ερώς բառի, որը գերազանցապես ակնարկում է զգայական սերը, Ա․ արտահայտում է Քրիստոսի սերը կամ քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ), ս․ Հաղորդությունից սերված արարողություն։ Ա-ի նախատիպեր եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հույների և հռոմեացիների մոտ։ Նախն․ շրջանում Ա․ աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում ս․ Հաղորդության հետ կապված պաշտոնական ճաշ, որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից։ Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի (Ա Կորնթ․ 11․23)։ Սակայն ժամանակի ընթացքում Ա-ի այդ իմաստը խեղաթյուրվել է։ Գանգրայի ժողովը (380) փորձել է վերականգնել Ա-ի նախկին բովանդակությունը, սակայն՝ ապարդյուն։ VII դ․ վերջին Արևմուտքում Ա․ մեկընդմիշտ վերացավ, սակայն արլ․ որոշ եկեղեցիներում (ղպտիների որոշ հատվածի և հայերի մոտ) մնաց իբրև ս․ Պատարագին հաջորդող սիրո ճաշ։

Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին Ա-ի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու։ Ա-ի հրավիրված աշխարհականները Պատարագից առաջ հաց չպետք է ուտեն։ Ժողովուրդը պետք է սիրով մատուցի նախնյաց՝ Ա-ի համար սահմանված ընծաները։ Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի