որդեգրության շնորհիվ։ Պողոս Սամոսատցին առաջինն էր, որ առաջ է քաշել Քրիստոսի էության երկակիության գաղափարը։ Թեև 268-ի Ա-ի եկեղեց․ ժողովը բանադրել և աթոռազրկել է Պողոս Սամոսատցուն, սակայն նրա համախոհները, մասնավորապես Լուկիանոս Սամոսատցին, շարունակել են քարոզել իրենց ուսուցչի վարդապետությունը։ Ա-ի դպրոցի ներկայացուցիչները, Քրիստոսի մեջ շեշտելով մարդուն («Խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած»), Քրիստոսին համարել են ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ երկու բնությամբ՝ Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, մյուսը, շնորհիվ որդեգրության՝ Աստված։ Մարդ Քրիստոսը բնակարան, տաճար է եղել աստվածայինի համար։ Մարիամը ոչ թե Աստվածամայր է, այլ աստվածության հետ միացած մարդու մայրը (Նեստոր)։ Ա-ի և Ալեքսանդրիայի քրիստոսաբան․ տարբեր մեկնակետերն արտահայտվել են հետևյալ բանաձևերով․ «Մարդ, որն աստվածացել է», «Աստվածազգեստ մարդ» (Ա-ի դպրոց) և «Ինքը Աստվածն է մարդ դարձել», «Մարդացյալ Աստված» (Ալեքսանդրիայի դպրոց)։
Ի տարբերություն Ալեքսանդրիայի դպրոցի, անտիոքացիները, տարանջատելով Քրիստոսի երկու բնությունները, հանձին Հիսուսի տեսել են մի մարդու, որը ծնվել է մշտնջենական Բանից (Լոգոս) և նրա անբաժանելի մասն է։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանք ծիսակատարություններից և իրենց աստվածաբան․ գրականությունից դուրս են թողել «Որդի» բառը։ Ըստ Ա-ի աստվածաբանության, աստվածային Բանն ընտրել է Հիսուսին որպես իր գործիք, որը, սակայն, զարգացել է զուտ մարդկային բարոյական ուղիով։ Դա համարվել է Աստծուն մոտենալու հիմն․ ճանապարհը, և այդ ամենը հարգանք է ծնել մաքուր և անարատ դառնալու մարդկային ձգտումների ու ճիգերի հանդեպ։ Այդ գաղափարների տրամաբան․ շարունակությունն է եղել «ազատ ընտրության» վերաբերյալ պելագիականների ուսմունքը, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել Նեստորի վարդապետության վրա (տես Նեստորականություն)։ Նեստորականությունը Ա-ի աստվածաբան․ դպրոցի զարգացման վերջին փուլն էր։ Ա-ի դպրոցի աստվածաբանության որոշ սկզբունքներ ընկել են Լևոնի տոմարի և Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբան․ համակարգերի հիմքում։ IV դ․ վերջին քառորդից մինչև V դ․ կեսը եղել է Ա-ի և Ալեքսանդրիայի դպրոցների ծաղկման շրջանը։ Թեև IV դ․ Ա-ի դպրոցը տվել է արիոսական և արիոսականությանը հարող աստվածաբաններ (Եվսեբիոս Նիկոմեդացի, Նումերիոս, Եվսեբիոս Եմեսացի, Այետիոս Անտիոքացի, Եվնոմիոս Անտիոքացի և ուր․), որոնք կրել են նաև Լուկիանոս Սամոսատցու ազդեցությունը, սակայն ունեցել է նաև իր ուղղափառ գործիչները։ Եվստաթեոս Անտիոքացին առաջինն էր արիոսականությունը դատապարտողներից, իսկ Հովհան Ոսկեբերանը հռչակվել է Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից։ Ա-ի դպրոցի IV–V դդ․ նշանավոր աստվածաբաններից էին նաև Դիոդորոս Տարսոնացին, Թեոդորոս Մոպսուեստացին, Թեոդորետ Կյուրոսցին և ուրիշներ։
Ա-ի, ինչպես և Ալեքսանդրիայի, Աթենքի աստվածաբան․ դպրոցները փակվել են VI դ․՝ բյուզ․ կայսր Հուստինիանոս I-ի օրոք։
Գրկ․ Տեր-Մինասյան Ե․, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։ Սագարդա Ն․, Յոյն-Արեւելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում, Էջմիածին, 1910։ Поснов М.Э. История христианской церкови (до разделения церквей -1054г.), Брюссель,1964;Свенцицкая И.С. Ранее христианство;страницы истории,1989; Grillmeier A․, Christ in Christian Tradition, v․ 1–2, 1975․
Արտաշես Ղազարյան
ԱՆՏՈՆ, սուրբ Անտոն (ծ․ թ․ անհտ – 342/355), ճգնավոր-կրոնավոր, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302-ին Կեսարիայից Հայաստան գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Ա․ և Կրոնիդես ճգնավորներին։
Ա․ և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Ա Լուսավորչի հիմնած Մշո Ս․ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Ա․ և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Ս․ Կարապետ վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։
Ա-ի գերեզմանը մատնանշվում է Մշո Ս․ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին