ս․ Ա-ի և ս․ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․ «Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։»
Գրկ․ Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, 3 հրտ․, Ե․, 1997։
Լևոն Սարգսյան
ԱՇԽԵՆ, սուրբ Աշխեն (ծ․ և մ․ թթ․ անհտ), IV դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Ա․ դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։ Ա․ արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Ա Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։
Հայ եկեղեցին ս․ Ա-ի, ս․ Տրդատի և ս․ Խոսրովիդուխտ կույսի հիշատակը տոնում է միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․7, 1-ին պատկերը։
Գրկ․ Յայսմավուրք, ԿՊ, 1730, էջ 323։ Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, 3 հրտ․, Ե․, 1997։
Լևոն Սարգսյան
ԱՇՏԻՇԱՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեց․ ժողովների գլխ․ վայրն էր IV դ․։ Ներսես Ա Մեծ կաթողիկոսը Կեսարիայում օծվելուց հետո հրամայել է բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Աշտիշատում, ինքն էլ գնացել է այնտեղ։ Թե ի՛նչ հարցեր է քննարկել ժողովը, պատմիչները տեղեկություններ չեն հաղորդում։
Երկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտ․ և քաղ․ ազդեցությունը։ Հայաստանում քրիստ․ կրոնն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հուն․ և ասոր․ դպրոցներ (Հայաստանում IV դ․ ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկ-ի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոս․ որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։
Երրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայ․ թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։ Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավան․ որոշումներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով։ Եփեսոսի ժողովում բանադրված նեստորականները, Բյուզ․ կայսրությունում հալածվելով, ամրապնդվել էին Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոն․ դավանանք։ Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայաստանում․ նեստորականության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպսուեստացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասոր․, պարսկ․ և տարածել։ Մելիտինեի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և