Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 առաջ։ Միայն ձեռնադրված եկեղեցականն է, որ իրավունք ունի մեղքերի թողություն տալու։ Նախքան հաղորդությունը հավատացյալները ծնկի են գալիս քահանայի առաջ, և նրանցից մեկը կամ քահանան ընթերցում է Ժամագրքի սկզբում «Զղջման» վերնագրով մեղաների շարքը, որը սկսվում է «Մեղա Ամենասուրբ Երրորդության» աղոթքով։ Մնացածները յուրաքանչյուր բաժնի ավարտին «Մեղա Աստծո» խոսքերն են կրկնում։ Քահանան ի պատասխան ասում է․ «Աստված թողություն շնորհեսցե»։ Ապա ընթերցվում են Ա-յան սաղմոսները։ Քահանան աղոթում է, որ Աստված լսի մեղավորի աղաչանքն ու խոստովանությունը՝ դարձնելով նրան Սուրբ Հոգու տաճար։ Ընթերցում է Եսայի մարգարեից 1․16–20, Եզեկիելից՝ 18․21–23, Եփեսացիների թղթից՝ 6․10–24 համարները և «Անառակ որդու» առակը (Ղուկ․ 15․11–32), որից հետո արևմուտք դառնալով՝ երեք անգամ արտասանում է «Հրաժարիմքը»։ Այնուհետև բոլորը շրջվում են դեպի արևելք և ասում դավանության խոստովանությունը՝ «Հավատամքը»։ Այդ ամենից հետո միայն ապաշխարողը, մաքրված և թողություն ստացած, պատրաստվում է հաղորդություն ստանալու։

Հայ եկեղեցին շաբաթվա մեջ երկու օր՝ չորեքշաբթի և ուրբաթ, որոնք պահոց օրեր են (տես Պահք), համարում է նաև Ա-յան օրեր։ Մեծ պահքը նաև Ա-յան շրջան է։ Նախկինում Հայ եկեղեցին Ա-յան հատուկ օր ուներ, որն Ավագ հինգշաբթին էր (տես Ավագ շաբաթ), երբ կատարվում էր «Կարգ ապաշխարողաց» ժամերգությունը, ապա տեղի էր ունենում Պատարագ՝ ի հիշատակ ս․ Հաղորդության խորհրդի հաստատման։

Գրկ․ Չեպեյան Ղ․, Հայ եկեղեցվո յոթը խորհուրդները (Կանոնագիտական նկատառումներ), Անթիլիաս, 1988։ Սարգսյան Ս․, Հայոց եկեղեցվո խորհուրդներն ու ծեսերը, «Գանձասար», հ․ 1, 1992, էջ 72–77։


ԱՊԱՐԱՆԻՑ Ս․ ԽԱՉ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում (հետագայում՝ Մամռտանք), Սարիխաչ լեռան հարավ-արևմտյան լանջին։ Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ա․ Ս․ Խ․ վ․ հիշատակվում է X դարից․ եղել է Մոկաց աշխարհի եպիսկոպոսանիստ վանքը։ Մոտ 950-ին վանահայր Դավիթը կառուցել է վանքի Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցին, վախճանվելուց հետո թաղվել եկեղեցու խորանում, իսկ նրա գերեզմանի հողը համարվել է բուժիչ ու հրաշագործ։

Արտաքուստ ուղղանկյուն, ներսից եռախորան, գմբեթավոր հորինվածքով եկեղեցին կառուցված է քարի ու աղյուսի զուգակցումով։ Հվ-ից կից է թաղածածկ մատուռը, որը դռնով հաղորդակցվում է եկեղեցու հվ․ խորանին։

Դավթի ազգական և նրան հաջորդած վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մոտ 970-ին կառուցել է վանքի Ս․ Ստեփանոս Նախավկա՝ խոշոր, թաղածածկ եկեղեցին և նրան հս-ից կից Ս․ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու շինարարության համար միջոցներ հայթայթելու նպատակով Ստեփանոս եպիսկոպոսը վանքի հռչակավոր հողից ուղարկել է Կոստանդնուպոլիս։ Հողի գործած հրաշքներից տպավորված բյուզ․ Վասիլ II կայսրը, նյութ․ օժանդակությունից բացի, Ա․ Ս․ Խ․ վ-ին նվիրել է ոսկեզօծ և մարգարտազարդ ս․ Խաչի երկդռնանի տապանակը, որի մեջ զետեղված էին Կենաց փայտի և Փրկչի փշե պսակի մասնիկներ, Աստվածածնի հանդերձից մի կտոր և այլ մասունքներ։ Ս․ Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտին կառուցել են վանքի Ս․ Առաքելոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Աբդլըմսեհ մատուռները։

983-ին Ս․ Աստվածածին եկեղեցու օծմանը ներկա են եղել բազմաթիվ եպիսկոպոսներ, իշխաններ, Վասպուրականի արքայազն եղբայրներ Աշոտը, Գուրգենը, Սենեքերիմ Հովհաննեսը։ Օծման շքեղ հանդեսին ս․ Խաչի տապանակը Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցուց տեղափոխել են նորակառույց Ս․ Աստվածածին եկեղեցի։ Հանդեսին ներկա Գրիգոր Նարեկացին Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքով գրել է Ա․ Ս․ Խ․ վ-ի պատմությունը և ս․ Խաչին նվիրված ներբող, նկարագրել Ս․ Աստվածածին եկեղեցու փառավոր նկարները, գեղեցիկ քանդակները, շքեղ սպասքն ու վարագույրները։

XI դ․, ապահովության համար, ս․ Խաչը տեղափոխել են Աղթամարի վանք։ 1441-ին վանահայր Հովհաննես վարդապետը մասնակցել է Էջմիածնի ազգ-եկեղեց․ ժողովին և կաթողիկոս․ ընտրությանը։ XV–XVII դդ․ վանքում գործել է գրչության կենտրոն, որից բազմաթիվ ձեռագրեր են պահպանվել։ XVI դ․ վանահայր Սիմեոն վարդապետը տաղաչափել է Մամիկոնյաններին ու Պահլավունիներին նվիրված վիպասանությունը, գրել վանքի պատմությունը։