Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 նեստորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը։ Մինչդեռ Կիլիկիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վարվելակերպը համարելով ոչ ճշմարիտ և անձն․ վրեժխնդրությունից մղվող արարք։ 435-ի ժողովը որոշել է դիմել Կ․ Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպսուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը։ Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրիարքի նամակի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը։

Աշտիշատի 435-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորականությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղ-եփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում։

Գրկ․ Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։ Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։ Ադոնց Ն․, Մաշթոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։ Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։

Արտաշես Ղազարյան


ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից։ Նշանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել։ Կոչվում է նաև խոստովանանք։ Ա․ արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում։ Հին կտակարանում գոյություն ունեցող Ա-յան (Հովել 2․12) և խոստովանանքի (Թվեր 7․58, Ղևտ․ 5․4–10) գաղափարին Հիսուս Քրիստոսն ավելի մեծ նշանակություն է տվել և հոգևոր կյանքի վերածել։ Նրա խոսքերը Ա-յան մասին բազմիցս վկայված են Նոր կտակարանում․ «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»(Մատթ․ 4․17), «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»(Ղուկ․ 13․3), «Ուրախություն կլինի երկընքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»(Ղուկ․ 15․7) ևն։ Քրիստոսն Ա-յան խորհուրդը կատարելու իրավունքը տվել է առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին (Հովհ․ 20․21–33)։

Ա-յան խորհրդի պայմանները երեքն են․ առաջինը անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջումն է գործած մեղքերի համար։ Երկրորդը խոստովանությունն է՝ գործած մեղքի ընդունումը։ Խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն (արձակում)․ «Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43․26)։ Առաքյալների ժամանակ հավատացյալներն իրենց հանցանքները խոստովանել են և իրար պատմել․ «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք»(Հակոբ․ 5․16)։ Ա-յան երրորդ պայմանը հատուցումն է կամ կրած պատիժը, որը եկեղեցին սահմանում է հանցանքների ծանրությանը համապատասխան՝ հոգեպես վերաշինվելու համար։

Քրիստ․ եկեղեցու առաջին դարերի խոստովանությունը հիմնականում հրապարակային էր, երբեմն՝ առանձնական կամ անհատական։ Հետագայում առավելապես գործածվել է անհատ․ խոստովանությունը։ Կաթոլիկ եկեղեցում ապաշխարողն իր մեղքերն առանձնաբար խոստովանում է հոգևորականին։ Այդպես է եղել նաև Հայ եկեղեցում։ Դվինի Բ եկեղեց․ ժողովի (554) ԺԹ կանոնի համաձայն, կարգալույծ է արվել այն քահանան, որն իրեն ծածուկ խոստովանած մեղքերը հայտնել է ուրիշին։ Իսկ նույն ժողովի ԺԸ կանոնը արգելել է քահանաներին վարձ վերցնել խոստովանողից։

Հետագայում Հայ եկեղեցում անհատ․ խոստովանությունը փոխարինվել է հրապարակային կամ հավաքական խոստովանությամբ։ Հրապարակային խոստովանության ձև է Հայ եկեղեցում պատարագիչ եկեղեցականի՝ ս․ Պատարագից առաջ, նախքան խորան բարձրանալը ներկաներից հրապարակավ թողություն խնդրելը․ «Խոստովանիմ առաջի Աստծո և առաջի Տեր, հարք և եղբարք, զամենայն մեղս, զոր գործեալ եմ․․․»(Ժամագիրք)։ Հրապարակային խոստովանությունը ժողովրդի ներկայությամբ անձն․ մեղքերի հայտարարությունն է։ Հոգևորականների համար ևս պարտադիր է խոստովանությունը։

Համաձայն Հայ եկեղեցու վարդապետության, խոստովանությունը կատարվում է եկեղեցում, Աստծո պաշտոնյայի՝ խոստովանահոր