Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոչ իրական, ապա իրական չէ մարդու փրկությունը։ Աստծո մարմնավորման ողջ խորհուրդը չի կարելի սահմանափակել մարմին հագնելով, և Աստծո մարդասիրությունը՝ մարմնասիրությամբ։ Եթե մարմինն անձնավոր չէ, ապա այլևս մարդկային չէ, քանզի առանց բանական անձով անձնավորվելու՝ մարդկային մարմին գոյություն ունենալ չի կարող։ Մարմինը մարմին է և անձը՝ անձ․ միայն բանական անձի մարմնացումով և մարմնի անձնավորումով է կայանում մարդկային բնությունը։

Ա․, որպես քրիստոսաբան․ ծայրահեղություն, իրենից ներկայացնում է, այսպես կոչված՝ մարդաբանական առնվազություն (մինիմալիզմ)։ Ա-ի քննադատությանը զուգահեռ առաջ է քաշվել (հատկապես Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու կողմից) նաև եզրերի սահմանման հարցը․ հարկ էր զանազանել և սահմանել բնություն, դեմք, անձ եզրերը և հստակ լուսաբանել Աստծո և մարդու միության խորհուրդը։

Ա․ պատմ․ շարունակություն չի ունեցել։ Ապողինար Լաոդիկեացու աշակերտների և հետևորդների զգալի մասը վերադարձել է եկեղեցի։

Գրկ․ Կյուրեղ Ալեքսանդրացի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717։ Տիմոթեոս Ալեքսանդրացի, Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի, Էջմիածին, 1908։ Կնիք հաւատոյ, Էջմիածին, 1914։ Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։ հտՈրրՍՌռ Ը․ Ը․, ԼրՑՏՐՌփպրՍՈÿ րցՊՖոՈ րՏփՌվպվՌռ Ը․ խՈՏՊՌՍՌռրՍՏչՏ, հպՐչՌպՉ կՏրՈՊ, 1895; ըՏսՏՑՏՉ Թ․Թ․, խպՍՓՌՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՊՐպՉվպռ ՓպՐՍՉՌ, Ց․ 4, Ծ․, 1994; Lietzmann H․, Apollinaris von Laodicea und seine Schule․ Texte und Untersuchungen, Tubingen, 1904; Grillmeier A․, Christ in Christian Tradition, v․ 1, 2, 1975․

Մեսրոպ քհն․ Արամյան

ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս․ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381-ին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։ Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386-ին փոխարինել է նրան որպես րաբունապետ, իսկ 1391-ին, Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից։ XV–XVI դդ․ Ա․ Ս․ Կ․ վ․ և նրա դպրոցն անկում են ապրել, XVII դ․ եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում։ 1655-ին Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Ս․ Կարապետ եկեղեցու հիմն․ ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։ Արմ․ ճակատին 1664–1666-ին կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ)։ Հվ-ից կից է թաղածածկ, երկար Ս․ Ստեփանոս մատուռը, որը, ըստ չափածո շին․ արձանագրության, 1714-ին կառուցել է շոռոթեցի վաճառական Խոջա Այվազը։ 1705-ին նախիջևանցի պարոն Աղամալը Ս․ Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել։ Ս․ Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740-ին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով․ պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները։

Ա․ Ս․ Կ․ վ․ XIV–XVIII դդ․ եղել է հոգևոր, մշակութ․ և գրչության կենտրոն։ Այդտեղի ձեռագրերից առանձնանում է Հակոբ գրչի 1386-ին ընդօրինակած Ժողովածու բանից Գրիգոր Նարեկացվո, Գրիգոր Տղայի և այլոց-ը։ Վանքը եղել է նաև օձի խայթոցը բուժող հայտնի ուխտատեղի։ Ա․ Ս․ Կ․ վ-ում պահվել են ս․ Կարապետի և ս․ Հովհան Ոսկեբերանի մասունքները, Հազարափրկիչ խաչը, որը համաճարակների ժամանակ թափորով տարել են ախտահարված վայրերը (օր․, 1878-ին՝ Ագուլիս)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․7, 2-րդ պատկերը։

Գրկ․ Սեդրակյան Ա․, Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղ-պատ, 1872։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Սմբատյանց Մ․, Նկարագիր Սուրբ Կարապետ վանից Երնջակա և շրջակայից նորա, Տփխիս, 1904։ Այվազյան Ա․, Աբրակունիսի Սուրբ Կարապետ վանքը, Էջմիածին, 1976, դ 7։

Մուրադ Հասրաթյան