Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՋ, աստվածաշնչյան

և կրոնածիսական նշանակությամբ՝ 1․ արարչական Ձեռք․ օրհնության, աստվածային հաճության նշանակ․ բարու խորհրդանիշ․ աստվածային զորության, իշխանության ցուցիչ։ Աստծո մասին Դավիթն ասում է․ ․․․ Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան (Սաղմ․ 97․1)։ Ա․ հասկացությունն Աստվածաշնչում հանդես է գալիս նաև այլ նրբիմաստներով, սակայն հիմնականում ըմբռնվում է որպես Աստծո Ա․։ Ընդ որում եբրայերենում Ա․ նշանակում էր նաև հարավ, իսկ ձախը՝ հյուսիս։

Կարմիր ծովով անցնելուց հետո Մովսեսն ու իսրայելացիները փառաբանում են Աստծուն՝ ասելով․ Քո աջը, Տե՛ր, զորությամբ փառավորվեց, քո աջը, Տե՛ր, խորտակեց թշնամուն (Ելք 15․6)։

Աստծո Ա․ խորհրդանշում է Հիսուսին։ Հիսուսի համբարձման վերաբերյալ Մարկոս ավետարանիչը գրում է․ Եվ ինքը Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը (Մարկ․ 16․ 19)։

Աստվածաշնչում բազմաթիվ են Աստծո Ա-ի հիշատակումները՝ որպես խորհրդանիշ զանազան իրողությունների․ Աստծո արարչագործության (Եսայի 48․ 13), Աստծո զորության (Ելք 15․ 6, Սաղմ․ 21․8), պատվի, մեծարման (Սաղմ․ 44․10, Մատթ․ 25․34, Գործք 7․55), մասնավոր օրհնության (Ծննդ․ 48․ 14), եղբայրական սիրո (Գաղատ․ 2․9), թշնամության (Սաղմ․ 108․6, Զաքարիա 3․1), երդման [Հայտն․ 10․5–6, Ծննդ․ 14․ 22 ևն (իսկ երդմնազանց մարդու ձեռքը համարվում է մեղսագործ աջ, Սաղմ․ 143․ 8)]։

Աստծո Ա․ սրբապատկերներում առկա է իբրև օրհնության խորհրդանիշ՝ ձեռք, որը երևում է բացված երկնքից։

2․ Ա․, որպես օրհնության և զորության փոխանցման միջոց, Աստծո կամեցողությամբ տրված է նաև Աստծո սիրելիներին (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Այսպես, Աստվածաշնչում Հակոբն օրհնում է իր որդու՝ Հովսեփի որդիներին՝ իր աջ ձեռքը դնելով Եփրեմի, իսկ ձախը՝ Մանասեի գլխին (Ծննդ․ 48․12–16)։ Իսկ սրանից էլ առաջ Աբրահամն իր որդու՝ Իսահակի համար կին բերելու մեկնող ծառային երդվեցնում է՝ վերջինիս ձեռքը դնել տալով իր ազդրի տակ․ խորհրդանշական արարողություն, որն, անշուշտ, ունի հատուկ իմաստ (Ծննդ․ 24․3–5, 9)։ Ձեռքն օրհնվելու ենթակա անձի գլխին դնելու, Ա-ով օրհնելու բազում դեպքեր է վկայում Սուրբ Գիրքը․ Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա․․․ (Երկրորդ օրենք 34․9), Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս (Ղուկ․ 13․13), Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան (Գործք 8․17) ևն։

Տես նաև Ձեռնադրություն։

3․ Եկեղեցիներում որպես սրբություններ պահպանվում են սուրբ առաքյալների և հայրապետների մետաղե Ա-երը։ Հայ եկեղեցու սրբություններից են Լուսավորչի Աջը, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Հակոբ Մծբնացու և մյուս սուրբերի Ա-երը՝ նրանց մասունքներով հանդերձ (տես Մասունք սրբոց), որոնք պահպանվում են Ս․ Էջմիածնի վանքի թանգարանում։ Սուրբերի Ա-երը նշանակ են տվյալ եկեղեցու շնորհաբաշխության։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․7, 3–4-րդ պատկերները։

Լևոն Սարգսյան

ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Ժառանգաբար պահպանել են կաթողիկոս․ իշխանության խորհրդանիշ համարվող Սրբազան Աջերը (ս․ Գրիգոր Ա Լուսավորչի, ս․ Սեղբեստրոսի, ս․ Նիկողայոս Սքանչելագործի, ս․ Պարսամի) և այլ սրբություններ։ Այստեղից էլ՝ տոհմի անունը։

Ձեռագիր հիշատակարաններում արձանագրված ավանդության համաձայն, գերդաստանը սերել է Հեթում Բ թագավորի եղբայր Հովհաննեսից։ 1292-ի հուլիսի 28-ին եգիպտ․ զորքերը, գրավելով Հռոմկլան, գերեվարել են Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և տարել կաթողիկոս․ բոլոր սրբություններն ու թանկարժեք անոթները։ Մի քանի տարի հետո, մեծ ջանքերի գնով, Հեթում արքային ու Հովհաննես Արքաեղբորը հաջողվել է վերադարձնել սրբությունների մի մասը, որոնց թվում՝ նաև սրբազան Աջերը։ Հետագայում, նման դեպքերից խուսափելու համար, դրանք հանձնվել են ի պահպանություն Հովհաննես Արքաեղբորն ու իր հաջորդներին։ Այսպես հիմնվել է Աջապահյան տոհմը, որը մեծ դեր է կատարել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի, մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոսության (տես