Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո) եկեղեց․, վարչ․, հոգևոր կյանքում։ 1731-ին Հուսիկ քհն․ Աջապահյանը մեկնել է Կ․ Պոլիս և սուլթանից ստացել Կիլիկիայի կաթողիկոսության հրովարտակը, որով Ա-ին իրավունք է տրվել տնօրինելու կաթողիկոսության գահը։ 1731–1866-ին, անընդմեջ, կաթողիկոս են օծվել Ա-ի Սսի ճյուղի ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ․
Ղուկաս Ա (1731–37), Միքայել Ա (1737–58), Գաբրիել Ա (1758–70), Եփրեմ Ա (1771–84), Եղիազար Ա (1772, անվավեր), Թեոդորոս Ա (այլ ցանկերում՝ Թորոս Գ, 1784–96), Կիրակոս Ա Մեծ (1797–1822), Եփրեմ Բ (1823–33), Միքայել Բ (1833–55), Կիրակոս Բ (1855–66)։
Աջապահյան տոհմի կաթողիկոսները (Ղուկաս Ա, Միքայել Ա, Կիրակոս Ա) ծավալել են շին․, վարչ․, հոգևոր-մշակութ․ և կրթ․ մեծ գործունեություն։ Գրական գործունեությամբ աչքի է ընկել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը։
1860-ի Ազգային սահմանադրությամբ սահմանափակվել են Ա-ի իրավունքները, թեև, համաձայն գերդաստանի սրբագործված ավանդության, Ա-ի ժառանգներն իրենց տիրական ներկայությունը պահել են Կիլիկիայի կաթողիկոս․ աթոռի միաբանության շարքերում։ Մեծ եղեռնի տարիներին նրանք նույնպես ենթարկվել են ջարդի և տեղահանության։ Փրկվածները բնակություն են հաստատել Լիբանանում, որտեղից էլ հետագայում սփռվել են այլ երկրներ։
Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, 3, ԿՊ-Երուսաղեմ, 1914, 1927։ Կյուլեսերյան Բ․, Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939։
Միքայել ծ․ վրդ․ Աջապահյան
ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ, Գրիգոր Ա Լուսավորչի սահմանած պահք, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն։ Լինում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ։ Պահանջվում է խիստ պահեցողություն։ Հնում թույլատրվել է ուտել միայն աղ ու հաց։ Այդ օրերին չի արտոնվում Պատարագ մատուցել, եկեղեցում ընթերցել Սուրբ Գիրք կամ Ավետարան։
Տարբեր մեկնությունների համաձայն, այս պահքը Առաջավորաց է կոչվել իբրև ազդարար Մեծ պահքի կամ, իբրև Հայոց պահք՝ նշանակ Հայաստանի հոգևոր լուսավորության։ Ըստ մեկ այլ բացատրության, Աստված 6-րդ օրը մարդուն ստեղծելուց հետո միայն 5-րդ օրն է ուտելու հրաման տվել (Ծննդ․ 1․29–30), և չուտիքի հենց այդ 5 օրն է ակնարկում Առաջավորաց-ը։
Ա․ պ-ի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է ս․ Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ։
Ա․ պ-ի խորհուրդը հեթանոս․ ապականությունից, ադամական մեղքից մարդկային 5 զգայարանների սրբումն է։ Հին եկեղեցում սովորություն կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել։ Գրիգոր Ա Լուսավորիչը նույնպես սահմանում է, որ Տրդատ Գ թագավորն ու մյուսները մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահեն, ինչի շնորհիվ էլ նրանք փրկվում են այսահարությունից։ Այստեղից էլ Ա․ պ․ կոչվել է նաև Փրկության պահք։
Ա․ պ․ միջնադարում թյուրիմացաբար անվանվել է ս․ Սարգսի պահք՝ ելնելով այն հանգամանքից, որ Ա․ պ-ին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է ս․ Սարգսի տոնը։
Հայ մատենագիրների վկայությամբ, Ա․ պ․ հնում գոյություն է ունեցել նաև հույների ու լատինների մոտ։
Գրկ․ Օրմանյան Մ․, Ծիսական բառարան, Ե․, 1992։ Մանուկյան Ա․, Հայ եկեղեցու տոները, 6 հրտ․, Թեհրան, 1999։
Եզնիկ եպս․ Պետրոսյան
ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ, Պոռեցի [մոտ 1380, գ․ Պոռ (Վասպուրական) – 11․1․1454, ք․ Արղնի (կամ Արկնի)], վարդապետ, տաղերգու, բանաստեղծ։ Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց)՝ լինելով Թովմա Մեծոփեցու ուսումնակիցը։ Եղել է Չմշկածագի Երկայն-Ընկուզյաց վանքի առաջնորդ (1422)։ Այստեղ ծավալել է բարենորոգչական-կրթ․ և գրական գործունեություն, խրախուսել գրչության արվեստը։ Ա․ Բ․ անձն․ ծանոթություն է ունեցել ժամանակի նշանավոր շատ գործիչների, այդ թվում՝ Մկրտիչ Նաղաշի հետ, որն իր համագյուղացին էր։
Գրիգոր Խլաթեցու ողբերգական մահվան առթիվ Ա․ Բ․ ձոնել է Եղերերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգոր վարդապետի Խլաթեցւոյ չափածո եղերերգը (1425) և Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն արձակ վկայաբանությունը (1426), որոնք, գեղ․ արժեքից զատ, ունեն արժանահավատ պատմ․ սկզբնաղբյուրի նշանակություն։