Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թղթերի և Հայտնության։ Հովհաննեսը կոչվել է սիրեցյալ աշակերտ Հիսուսի։ Նա հետևել է Հիսուսին՝ չարչարանաց գիշերից մինչև Գողգոթա։ Խաչի վրայից Հիսուսը Հովհաննեսին արժանացրել է գերագույն շնորհի՝ Մարիամ Աստվածածնին նրա խնամակալությանը հանձնելով։ Մինչև Հիսուսին հետևելը աշակերտել է Հովհաննես Մկրտչին։ Իր եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ ներկա է եղել Հայրոսի աղջկա հարությանը, Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա և նրա վերջին աղոթքին՝ Գեթսեմանիի պարտեզում։ Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած։

Հովհաննեսն իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ եղել է Երուսաղեմի առաջին եկեղեցու սյուներից մեկը։

Հայ եկեղեցին Հովհաննես առաքյալի տոնը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս․ Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, նաև՝ եղբոր՝ Հակոբոս առաքյալի հետ։

Հակոբոս առաքյալ (Հակոբոս Զեբեդյան), Հովհաննես առաքյալի եղբայրը (կոչվում է նաև Ավագ կամ Երեց՝ ի տարբերություն մյուս՝ Հակոբոս Կրտսեր առաքյալի)։ Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում։ Եղբոր հետ կոչվել է Բաներեգես։ Երբ սամարացիներից ոմանք չուզեցին ընդունել Քրիստոսին, Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին նրան, որ թույլ տա իրենց երկնքից հուր իջեցնել և այրել նրանց։ Ըստ մեկնություններից մեկի՝ այդ պատճառով է Քրիստոսը նրանց անվանել Բաներեգես՝ Որոտման որդիք։ Նա Հովհաննես և Պետրոս Ա-ի հետ կազմել է այն առանձնաշնորհյալ եռյակը, որն ավելի մերձ էր Հիսուսին, և ներկա է եղել Տիրոջ ամենախորհրդավոր սքանչելագործություններին։ Միակ առաքյալն է, որի նահատակությունը նշված է Գործք առաքելոցում (Գործք 12․1–2)։ Գլխատվել է Հերովդեսի հրամանով՝ 44-ին, Երուսաղեմում։ Հակոբոսը քարոզել է Երուսաղեմում և Հուդայում։ Ըստ ավանդության՝ նրա մարմինը նետել են ծովը, և ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Հակոբոսը, որպես պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականություն ունի)։

Հայոց մեջ Հակոբոսը կոչվել է Գլխադիր առաքյալ։ Ըստ ավանդության՝ Հակոբոսի գլուխը հանձնվել է Հակոբոս Տյառնեղբայր կամ Կրտսեր կոչված առաքյալին, որն էլ գլուխը թաղել է իր տան պարտեզում։ Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը, որտեղ ցայսօր ի ցույց է դրվում Հակոբոսի գլխի գերեզմանը, այսինքն՝ գլխադիրը։ Դա էլ մակդիր է դարձել առաքյալի համար։

Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է եղբոր՝ Հովհաննես առաքյալի հետ՝ Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոներին՝ իբրև վերջինը։

Փիլիպպոս առաքյալը Բեթսայիդայից էր։ Քարոզել է Փռյուգիայում։ Ըստ ավանդության՝ նահատակվել է խաչի մահվամբ՝ Եփեսոսում կամ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքում։ Հայ եկեղեցին Փիլիպպոս առաքյալի հիշատակը տոնում է ս․ Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Անդրեաս առաքյալի հետ։

Բարդուղիմեոս կամ Բարդողիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր։ Հովհաննեսի Ավետարանում հիշվում է միայն իր սկզբնական՝ Նաթանայել անունով։ Թադեոս առաքյալի հետ համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրը։ Նահատակվել է մորթազերծումով, 66-ին, Վասպուրականի Աղբակ գավառում։ Տես նաև Բարդուղիմեոս։

Թադեոս, Ղեբեոս կամ Հուդա առաքյալ, Բարդուղիմեոսից առաջ քարոզել է նաև Հայաստանում (հիմնականում՝ Արտազ գավառում)։ Հովհաննես ավետարանիչը նրան կոչում է այսպես՝ Հուդան (ոչ Իսկարիովտացին) (Հովհ․ 14․22)։ Մատթեոս առաքյալն իր Ավետարանում գրում է․ ․․․ Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբէոս, որ Թադէոս կոչվեց (10․3)․ այս պատճառով էլ կոչվել է նաև Ալփյան՝ եղբոր՝ Հակոբոս Ալփյանի հետ։ Նա գալիլիացի էր, Ալփեոսի (կամ Կղեոպասի) և Մարիամի որդին։ Նահատակվել է քարկոծմամբ, Հայաստանում, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով, 46-ին։ Հեղինակ է (Հուդա անունով) բոլոր քրիստոնյաներին ուղղված Ընդհանրական մեկ թղթի, որտեղ նշավակվում է հերձվածողությունը։ Տես նաև Թադեոս։

Հակոբոս առաքյալ (Հակոբոս Ալփյան), Թադեոս (Հուդա) առաքյալի եղբայրը, նույնպես ծնվել է Գալիլիայում։ Ալփեոսի և Մարիամի որդին։ Կոչվել է Հակոբոս Կրտսեր՝